Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-06-2018
Նյու Յորքի ամենամյա Socially Relevant կինոփառատոնին մասնակցում են նաեւ հայկական ֆիլմեր
2019 թ. մարտի 15-21-ին Նյու Յորքի «Cinema Village» կինոթատրոնում կանցկացվի SR Socially Relevant փառատոնը: Իր գոյության հինգ տարիների ընթացքում SRFF-ը ցուցադրել է 277 ֆիլմ 35 երկրներից: SR Socially Relevant կինոփառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, սոցիոլոգ, դերասանուհի Նորա Արմանին Հայաստանում է, հասցրել է լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնել փառատոնը:

«Քանի որ ես սոցիոլոգ եմ, նաեւ դերասան ու ռեժիսոր, այս փառատոնը դրանք համադրելու ամենալավ ձեւն է: Ամերիկյան կինեմատոգրաֆիայում որեւէ պաստառ չկա, որի վրա զենք չլինի. դրա դեմ ընդվզումն էր, որ առաջացրեց այս փառատոնի գաղափարը: Ցանկացա ներկայացնել ֆիլմեր, որոնք անդրադառնում են մեր բոլոր սոցիալական հարցերին»,- նշեց Նորա Արմանին: 



Նրա խոսքով՝ փառատոնն ամեն տարի հենց մարտին է անցկացվում: Հայկական փառատոն չէ, միջազգային է, բայց Նորա Արմանին միշտ՝ ամեն տարի, ցանկանում է հայկական ֆիլմեր ներկայացնել փառատոնին: Այս տարի արդեն իսկ փառատոնի շրջանակում ներկայացվել է հայերի մասին պատմող ֆիլմ: 

SRFF-ը շահույթ չհետապնդող կինոփառատոն է, որի նպատակն է օգնել այն կինոռեժիսորներին, ովքեր իրենց ֆիլմերում բարձրացնում են սոցիալական հարցերի իրազեկությունը: Փառատոնը մերժում է բռնության տարածումը, հետեւաբար ֆիլմերում բռնությունների պատկերային նկարագրությունը եւս մերժվում է հանձնաժողովի կողմից: 



SRFF-ն իր հնգամյակին ցուցադրել է 70 ֆիլմ 35 երկրներից, որոնք ներառել են ներգաղթի, կանանց եւ աղջիկների, մարդկանց թրաֆիքինգի, կլիմայի փոփոխության, ծերացման, հոգեկան առողջության, հաշմանդամության, սոցիալական արդարության, անօթեւանության, կանանց իրավունքներին առնչվող կինոնկարներ: SRFF 2019-ը խոստանում է ունենալ ֆիլմերի եւ սեմինարների նույնքան հարուստ եւ հետաքրքիր ծրագիր:

«Երբ Նյու Յորքի պես հսկայական քաղաքում փառատոն ես անցկացնում, շատ կարեւոր է հասկանալ, թե ով է լինելու քո հանդիսատեսը: Ամեն մի րոպե, ամեն մի ժամ հազար ու մի ձեռնարկներ են իրականանում Նյու Յորքում, եւ պետք է այնպես անես, որ քո փառատոն բերես հանդիսատեսին»,- նշեց Նորա Արմանին:



Նա բացատրեց, որ փառատոնը Նյու Յորքում է անցկացնում, քանի որ ինքն այնտեղ է ապրում: Առաջարկներ ունի այն կազմակերպել Փարիզում ու Լոնդոնում, բայց խտացված տարբերակով է անցկացնելու: 

Նշենք, որ դերասանուհի, սոցիոլոգ, Socially Relevant կինոփառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Նորա Արմանին վերջին երեք տարին աշխատել է որպես հաղորդակցության տնօրեն Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում տեղակայաված եւ շահույթ չհետապնդող «The Arc/k Project» կազմակերպությունում: