Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 06-06-2018
ԻՄՓԱՔԹ ակումբի բարեգործական ծրագիրը Նոյեմբերյանում
Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Նոյեմբերյան համայնքում արդեն երկու տարի ակտիվ գործունեություն ծավալող ԻՄՓԱՔԹ ակումբը:

Ակումբը, որի անդամ են Դովեղ եւ Նոյեմբերյան համայնքների 17 երեխա, ամեն տարի իրականացնում է երկու համայնքային ծրագիր, ինչը երեխաներին իրենց գիտելիքներն ու կարողություններն առաջին հերթին գործնականում կիրառելու հնարավորություն է տալիս: Տարվա ընթացքում էլ այդ գիտելիքները ձեռք են բերում շաբաթական հանդիպումների ընթացքում, երբ ոչ ֆորմալ  մեթոդներով ուսումնասիրում են կրթական մոդուլներ: Ուսումնասիրելով եւ ավարտելով  «Աշխատունակություն» ձեռնարկը՝ այս անգամ երեխաներն իրենց առաջնորդներ Ֆելիցա Աբովյանի եւ Գայանե Գիշյանի գլխավորությամբ որոշեցին համայնքային ծրագրին տալ սոցիալական ձեռնարկատիրության ուղղվածություն, իսկ դրա շրջանակում ստեղծված իրերի վաճառքից ստացված հասույթով գնել փայտագործության գործիքների հավաքածուներ: Այդ հավաքածուները երեխաները որոշել են նվիրել Տավուշի թեմի Նոյեմբերյանի սոցիալ-կրթական կենտրոնի ձեռքի աշխատանքների խմբակներին: 

Իրենց ձեռքի աշխատանքների վաճառքը երեխաները շարունակեցին նաեւ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Բազմաթիվ այցելուներ հետաքրքրությամբ էին դիտում երեխաների աշխատանքները եւ գնումներ կատարում, ինչն էլ շատ է ոգեւորել ակումբականներին:

Ակումբի անդամ Ժաննան տպավորված է իրենց աշխատանքների հանդեպ մարդկանց ուշադրությունից եւ հպարտությամբ ասում է. «Մասնակցում եմ ԻՄՓԱՔԹ ակումբին, եւ ամեն տարի մենք մի ծրագիր ենք իրականացնում, իսկ այս տարի որոշեցինք կազմակերպել ցուցահանդես-վաճառք` բարեգործական նպատակով։ Մենք փորձում ենք օգնել մեր հասակակիցներին։ Այս իրերը պատրաստել ենք մեծ հաճույքով։ Այս ծրագիրն ինձ տվել է թիմում աշխատելու կարողություն, ուսուցանել աշխատասիրություն, բարձրացրել է պատասխանատվությունը։ Ինչ-որ տեղ նաեւ մտածեցի իմ բիզնեսը հետագայում բացելու մասին»: