Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-06-2018
Սթիվեն Քյուրքչյանը Սպիտակի երկրաշարժի մասին բաց դաս անցկացրեց
Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր, ամերիկյան «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանը բաց դաս անցկացրեց Երեւանի պետական համալսարանում: Դասի թեման Սպիտակի 1988 թ. աղետալի երկրաշարժն էր:

Բաց դասի սկզբում Սթիվեն Քյուրքչյանը նշեց, որ առաջին անգամ այստեղ եղել է 20 տարի առաջ ու շեշտեց, որ մեր երկրում վերջերս տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց մասնակիցն են եղել իր դասախոսությանը նստածներից շատերը: Բանախոսը շնորհակալություն հայտնեց «Ավրորա» մրցանակաբաշխությանն իրեն այստեղ հրավիրելու համար. դասախոսությունն անցկացվեց հենց մրցանակաբաշխության ընթացքում: 



Քյուրքչյանը 1988-ի դեպքերի մասին տեսաֆիլմ ցուցադրեց՝ երկրաշարժի հետեւանքները պատկերող լուսանկարներով: Նա շեշտեց, որ այս տարի երկրաշարժի 30-րդ տարելիցն է, եւ պատմական ակնարկ կատարեց տեղի ունեցած իրադարձությունների մասին, շեշտեց, որ ամեն տարի՝ դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի տարածքում ապրողների կյանքը կարծես մի պահ կանգ է առնում: 



«Գյումրին մնում է կինո նկարահանելու վայր: 30 տարի անց, ցավոք, այդտեղ կարելի է փլատակներ գտնել»,- ասաց հանդիպման մասնակից Անահիտ Հարությունյանը, ով 2 տարի առաջ է ծանոթացել Սթիվեն Քյուրքչյանի հետ: Նա նշեց, որ երկրաշարժը չի հիշում, քանի որ փոքր է եղել, ընդամենը 5 տարեկան, բայց Գյումրիում կարծես թե շատ բան չի փոխվել: 



Նշենք, որ Սթիվեն Քյուրքչյանը ծնվել է 1943 թվականին Բոստոն քաղաքում։ Սթիվենն ավարտել է Բոստոնի պետական դպրոցն ու պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1968 թվականից, Սթիվեն Քյուրքչյանն աշխատել է «The Boston Globe»-ում՝ որպես խմբագիր:

Սթիվեն Քյուրքչյանը Պուլիցերյան մրցանակի արժանացել է 1972 եւ 1980 թվականներին հրապարակած հետաքննական հոդվածների համար, վերջին անգամ՝ 2003 թվականին «Բոստոն Գլոբի» խմբագրակազմով կաթոլիկ եկեղեցում սեքս սկանդալը բացահայտելու համար: