Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-06-2018
Բալետի իսկական տոն՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին
«Բալետը ես մեծ արվեստ եմ համարում: Նրանում կարելի է արտահայտել մարդու կյանքի ողջ բազմազանությունը, նրա հոգեկան ապրումների հարստությունը». Արամ Խաչատրյան «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես». բալետային իսկական տոն՝ Օպերային թատրոնում:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հունիսի 8-13-ն առաջին անգամ Հայաստանում անցկացվեց բալետի փառատոն՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին: 

Փառատոնի նախաձեռնող, Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին  Օրբելյանը փաստում է՝ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացվում է Խաչատրյանի այս կամ այն բալետը, եւ իսկապես մեծ անհրաժեշտություն էր անցկացնել նմանօրինակ փառատոն, մանավանդ որ Արամ Խաչատրյանի 115-ամյակն է: 

«Սպարտակ»

Հունիսի 8-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ փառատոնի բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեց Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (բեմադրությունը՝ Յուրի Գրիգորովիչի):

«Սպարտակ»-ի մասին Արամ Խաչատրյանն ասել է. «Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի զգացումով»:

«Սպարտակ»-ը գրվել է 1954-ին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի օպերայի եւ բալետի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ 1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։ Պատկերված են մ.թ.ա. 74-71-ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը։ Չորս գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է՝ բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով եւ հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով։ Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված է ելեւէջային ոլորտներով։ 

«Գայանե»

Փառատոնի շրջանակում հունիսի 11-ին ներկայացվեց Խաչատրյանի «Գայանե»-ն: «Գայանե» պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում 1939 թվականին: «Գայանե»-ի մասին Արամ Խաչատրյանն ասել է. «Ռազմաճակատին զենք, հաց, մախորկա էր անհրաժեշտ, իսկ հոգեւոր սննդի` արվեստի կարիք ուներ ե՛ւ ճակատը, ե՛ւ թիկունքը: Մենք` արտիստներս ու երաժիշտներս,  հասկանում էինք այդ ամենը եւ մեր ուժերը  ներդնում դրանում: Մոտ 700 էջից բաղկացած «Գայանե»-ի պարտիտուրը գրեցի կես տարվա ընթացքում հյուրանոցային սառն ու փոքր սենյակում, որտեղ դաշնամուր, աթոռակ, սեղան ու մահճակալ կային»:

Ի սկզբանե բալետը կոչվում էր «Ուրախություն», հետագայում այն վերանայվում եւ վերանվանվում է «Գայանե»։ Առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում /Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոնի ուժերով/։ 

«Դիմակահանդես»

Հունիսի 13-ին էլ ներկայացվեց «Դիմակահանդես» բալետը: 1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական  երաժշտության  ավանդույթներով գրեց երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին՝ Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թվականին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, խմբագրելով այդ երկու դրամաների երաժշտությունը, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում եւ մեծ հաջողություն ունեցավ:

«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել…»,- «Դիմակահանդես» բալետի աշխատանքներից ստացած իր տպավորությունները հետագայում այսպես է ներկայացրել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

Նշենք, որ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին նվիրված մշակութային կարեւորագույն այդ իրադարձությունը կյանքի էր կոչվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ: