Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի թվիթերյան հաշվից
Տեղադրվել է 17-06-2018
Մեդիամարդիկ ժամանակակից մեդիազարգացումների կիզակետում
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում 2018» կոնֆերանսն այս տարի քննարկում էր կազմակերպել մեդիայի եւ հասարակության արդի փոխկապակցվածության վերաբերյալ:
Հունիսի 15-ին Երեւանում մեկնարկեց հինգերորդ «Թվապատում» երկօրյա կոնֆերանսը։ Այս անգամ արդի մեդիազարգացումների մասին բազում քննարկումներ ծավալվեցին «Մարդիկ եւ մեդիան» խորագրի շրջանակում:
 
ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Վրաստանից եւ Հայաստանից երկօրյա կոնֆերանսին մասնակցեցին մեդիաոլորտի փորձառու եւ ասելիք ունեցող մասնագետներ։ Նրանք խոսեցին եւ ներկայացրին ժամանակակից մեդիայի նոր հնարավորությունների ու առաջ բերած մի շարք մարտահրավերների մասին։ Առանցքային դեր ուներ թվային իրողությունում լսարանի հետ հաղորդակցության թեման, որի շրջանակում խոսեցին ոչ միայն Հայաստանի ներկայացուցիչները։
 
«Թվապատում 2018»-ի հյուրերի թվում էին ամերիկյան «PBS»-ի՝ Բոստոնի հանրային հեռարձակողի գլխավոր պրոդյուսեր Բիլ Շրիբմանը, Հոլանդիայի «VPRO» հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Սթան վան Էնգելենը, «Newseum»-ի կրթական նախագծերի փոխնախագահ Բարբարա ՄաքՔոմեքը, ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերության պրոդյուսեր ու լուրերի մեկնաբան Միխայիլ Կոզիրեւը, տվյալների ստուգման «Polygraph.info» հարթակի գլխավոր խմբագիր Ջիմ Ֆրայը, Ռուսաստանում մի շարք նախագծեր իրականացրած, մեդիա պրոդյուսեր Արտյոմ Գալուստյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ Նորա Լիվեն, «BBC»-ի հարավկովկասյան տարածաշրջանի թղթակից Ռայհան Դեմիտրիեն, Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի գործադիր տնօրեն Նաթա Ձվելիշվիլին: 
 
Ոչ պակաս «աստղային» էր հայաստանյան կազմը՝ Նունե Սարգսյան, Արթուր Աթայան, Մարկ Գրիգորյան, Արմեն Սարգսյան, Լուսինե Գրիգորյան, Կարեն Հարությունյան, Նարինե Ղալեչյան, Մարիա Թիթիզյան, Գեղամ Վարդանյան, Նարինե Սաֆարյան, Հրանտ Գալստյան եւ այլք։
 
«Թվապատում 2018»-ի առանցքում էին մեդիան եւ կրթությունը, մեդիագրագիտությունը, հանրային մեդիայի դերն ու կարեւորությունը, ապատեղեկատվության բացահայտումը։ Կոնֆերանսի սեսիաներից մեկը նվիրված էր Հայաստանում ապրիլին իրականացված թավշյա հեղափոխության լուսաբանմանը։
 
Առավելապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել առաջին օրը կայացած երկու սեսիա։ Մի դեպքում բանախոսները քննարկում էին հանրային լրատվամիջոցի դերը եւ կարեւորությունը (բանախոսներն էին Բիլ Շրիբմանը, Սթան վան Էնգելենը եւ Մարկ Գրիգորյանը), մյուս դեպքում՝ լսարանի տարբեր դերերի առկայությանը նվիրված բանախոսության ժամանակ ներկայացվում էր վերջին տարիներին փոխակերպումներ ապրած մեդիալսարանը (բանախոսներն էին Միխայիլ Կոզիրեւը, Նորա Լիվեն եւ Արտյոմ Գալուստյանը)։ 
 
Պակաս հետաքրքիր չստացվեց Հայաստանում ապրիլին կայացած թավշյա հեղափոխության վերաբերյալ քննարկումը (բանախոսների թվում էին մեդիափորձագետ, «Media.am» մասնագիտական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, «ՍիվիլՆեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը, «EVN Report»-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը եւ «BBC»-ի հարավկովկասյան տարածաշրջանի թղթակից Ռայհան Դեմիտրիեն), որը տեղի ունեցավ կոնֆերանսի երկրորդ օրը՝ ներգրավելով բազմաթիվ մասնակիցների, այդ թվում՝ ուսանողների։ 
 
Հատկանշական է, որ երկօրյա կոնֆերանսի հարթակից հնչող հարցերն ու հարցադրումները, բանախոսների կողմից բարձրաձայնված մտքերն ու մտահոգությունները, բանախոսություններն ու գործնական դասերն ուղղված էին ոչ միայն լրագրողներին, այլեւ բուհական կրթություն ստացող ուսանողներին ու ակտիվիստներին, ուսուցիչներին ու դասախոսներին, մեդիասպառողներին: 

Կոնֆերանսի կազմակերպիչները «Թվապատում 2018»-ի խորհրդանիշ էին ընտրել հավատալ-չհավատալ, ստուգել-չստուգել, տարածել-չտարածել հարցերին պատասխանող երիցուկը… Նշյալ հարցերն ու երիցուկի թեյը կոնֆերանսի մասնակիցներին առաջարկում էին բացահայտել մեդիայի ու հանրության ժամանակակից հարաբերությունները: