Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-06-2018
Ստեփանակերտի օդանավակայանում տոնական մթնոլորտ էր տիրում
«Արցախ ԷՅՐ ՖԵՍԹ 2018»-ը, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, այնուամենայնիվ կայացավ՝ հիշարժան պահեր պարգեւելով ներկաներին:

Ստեփանակերտի օդանավակայանում հունիսի 16-ին ինքնաթիռների եւ պարաշյուտիստների մասնակցությամբ օդային շոուն ազդարարեց օդային երկրորդ փառատոնի մեկնարկը: 

«Արցախ ԷՅՐ ՖԵՍԹ»-ի նպատակը զբոսաշրջության զարգացումն է: Դա է պատճառը, որ մասնակիցների թվում էին նաեւ օտարերկրյա մի շարք հյուրեր: Երեւանից, Արցախից եւ արտերկրից ժամանած մասնակիցները Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարեցին երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով եւ օդապարիկով:

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ սա Հայաստանի մի մասն է, որտեղ ընթանում է բնականոն կյանք, երիտասարդությունը զվարճանում է, նաեւ այն, որ մենք, բացի պատմամշակութային զբոսաշրջությունից, ունենք նաեւ արկածային տուրիզմ»,- ասաց ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը: 

Փառատոնի նպատակն է նաեւ բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթեւ ավիացիայի ներուժի մասին, ապահովել երիտասարդների ակտիվ ժամանցն ու հանգիստը, խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը:

«Ես շատ եմ ճանապարհորդել իմ գործի եւ հոբբիի բերումով: Եղել եմ աշխարհի տարբեր մեծ ավիաշոուներին՝ կապված նաեւ պարապլանի հետ: Վստահաբար ասում եմ՝ Հայաստանում եւ Արցախում պատմության մեջ առաջին անգամ է այս տեսակի ավիաշոու իրականանում»,- կարեւորեց «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-յի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը: 

Միջոցառման համերգային ծրագրի շրջանակում մասնակիցների բարձր տրամադրությունն ապահովեցին Գոռ Սուջյանը, «Շուշվա բենդ»-ը, ինչպես նաեւ «Միքայել Պողոսյան եւ ընկերներ», «Nemra» ռոք խմբերը:

Մեզ հետ զրույցում արմատներով արցախցի երաժիշտ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը պատմեց իր տպավորությունների մասին. «Ինձ համար այսօր բարության տոն է: Սա երջանկություն է, որովհետեւ այս երկրում կարելի է այս մասշտաբի շոուներ կազմակերպել: Ես տեսնում եմ մարդկանց դեմքերը, տեսնում եմ, որ նրանք նույնպես շատ երջանիկ են: Այս անձրեւն էլ է իմը, եւ բողոքելու տեղ չի կարելի ունենալ բնությունից: Ես հասկացել եմ, որ այստեղ պետք է լինեմ ու իմ փայս ստանամ: Ես էլ ստացալ ամ ու բարձըր տրամըվ քինալու եմ տուն»,- նշեց Արթուր Գրիգորյանը՝ խոսքը եզրափակելով Արցախի բարբառով:

Օդային թռիչքները շարունակվեցին նաեւ հաջորդ օրը՝ հունիսի 17-ին, քանի որ անձրեւային եղանակի պատճառով մի շարք մասնակիցներ չէին կարողացել օգտվել օդային ծառայություններից:

«Արցախ ԷՅՐ ՖԵՍԹ»-ը նախաձեռնել է «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագիծը: Փառատոնը համատեղ իրականացնում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունները, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ն եւ «Սքայբոլ»-ը:

2017 թվականին «Արցախ ԷՅՐ ՖԵՍԹ»-ը հյուրընկալել էր ավելի քան 2 000 մասնակից, իսկ այս տարի մասնակիցների քանակը գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը:

Պատկերասրահ՝ Artsakh Airfest - 2018