Նյութը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամից
Լուսանկարները՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամից
Տեղադրվել է 19-06-2018
Թանգարան-համայնք․ այցելությունից մասնակցություն
2018թ. հունիսի 13-15-ը Լոռու մարզում՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) նորաբաց ՍՄԱՐԹ կենտրոնում, անցկացվեց «Թանգարան-համայնք․ այցելությունից մասնակցություն» խորագրով դասընթաց։

Բրիտանական թանգարանի Միջազգային վերապատրաստման ծրագրի (ՄՎԾ) հայաստանյան շրջանավարտներ Մարինե Մկրտչյանի, Հայկ Մկրտչյանի, Դավիթ Պողոսյանի եւ Աստղիկ Մարաբյանի նախաձեռնությամբ փորձի փոխանակման եռօրյա դասընթացին ներգրավվել են Հայաստանի, այդ թվում եւ հատկապես՝ մարզային թանգարանների կրթության մասնագետները:  

«Թանգարան-համայնք․այցելությունից մասնակցություն» դասընթացը Բրիտանական թանգարանի ՄՎԾ հայաստանյան խմբի երկրորդ նախաձեռնությունն է Հայաստանում։ Այն նպատակ ունի միջազգային լավագույն փորձը հասանելի դարձնել տեղի թանգարաններում: Դասընթացն իրականացվում է ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ՝ Թանգարանային կրթության կենտրոնի տարեկան ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի թեմատիկ եւ գործնական աշխատանքները համակարգելու նպատակով Հայաստան է ժամանել Մանչեսթերի պատկերասրահի (Մեծ Բրիտանիա) կրթության եւ ներգրավման բաժնի պատասխանատու, Բրիտանական թանգարանի ՄՎԾ փորձագետ Ռոնան Բրինդլին։

«Ժամանակակից թանգարանները թեւակոխում են զարգացման նոր շրջափուլ, որն ուղեկցվում է ֆինանսական խնդիրների հաղթահարման, հավաքածուների պահպանման ու համալրման, հանրային լսարանների ընդլայնման համալիր գործընթացներով։ Դրանք հաճախ անորոշ հակասության մեջ են միջազգային եւ տեղական քաղաքականությունների, միջոցների բաշխման ու կայուն տնտեսական զարգացման հետ»,- ասաց Ռոնան Բրինդլին։ 

Մշակութային կազմակերպությունները եւ թանգարանները՝ մասնավորապես, կարեւոր դերակատարություն ունեն միջազգային քաղաքական ու սոցիալական նոր կարգի ձեւավորման գործընթացում՝ օգտագործել իրենց հավաքածուները՝ ի նպաստ հանրային քննարկումների եւ կարծիքի ձեւավորման, ներշնչող եւ վստահելի միջավայրում համախմբել հասարակությունը, միաժամանակ հղում անելով անցյալին՝ լուսաբանել ներկան եւ լուսավորել ապագան: Թանգարանային կրթությունը նման գործունեության առաջնագծում է։

«Դասընթացի նպատակն է փորձի փոխանակման եւ ինտերակտիվ գործնական պարապմունքների միջոցով վերաքննարկել թանգարանային կրթության զարգացման շրջափուլերը՝ դիդակտիկ մեթոդից մինչեւ բացահայտումների, ներգրավվածության եւ մասնակցության նոր հնարավորությունների մոդելներ՝ ուսումնասիրելով անհատի եւ համայնքի պասիվ կարգավիճակից ակտիվ հանրային դերակատարի անցման կարեւորությունը։ Միաժամանակ դիտարկում ենք այդ մոդելների իմաստավորված լինելը բոլոր տարիքային խմբերի համար՝ երեխաներ, դպրոցականներ, երիտասարդներ, ուսանողներ, ընտանիքներ եւ տարեցներ»,- նշեց (ՄՎԾ) հայաստանյան շրջանավարտներ Մարինե Մկրտչյանը։

Դասընթացի կազմակերպմանը աջակցում են Մանչեսթերի պատկերասրահը, Թանգարանային կրթության կենտրոնը, Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագիրը, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը, Թանգաեւանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիան, Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ):