Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Հովհաննես Կարապետյանի
Տեղադրվել է 21-06-2018
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Լեհաստանում
Հունիսի 1… Տոն, որին անհամբերությամբ են սպասում ոչ միայն մանուկները, այլեւ մեծահասակները:

Հայաստանում գտնվելուս ժամանակ որեւէ միջոցառման, տոնի մասնակցելուց մտածում էի, որ այդ ամենն անցկացվում է միայն հային բնորոշ ձեւով: Սակայն հատելով սահմանները` հասկանում ես, որ շատ ու շատ նմանություններ կան տարբեր ազգերի մոտ, եւ եթե նպատակը մեկն է, ապա ազգային, կրոնական, մշակութային եւ այլ տարբերությունները որեւէ դեր չեն կարող խաղալ գլխավոր նպատակը կյանքի կոչելու համար: 

Դպրոցում, որտեղ ես իմ կամավորական աշխատանքն եմ կատարում, հունիսմեկյան տոնակատարությունները հունիսի 9-ին տեղի ունեցան դպրոցի բակում: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ մեր կենտրոնը: Մեր կենտրոնն ուներ իր առանձին տաղավարը, որտեղ ես երեխաների համար կազմակերպել էի մի հետաքրքիր խաղ-մրցույթ: 

Ինչպես տեսնում եք նկարում, տարբեր տարիքային խմբերի երեխաների համար անգլերենով պատրաստել էի վիկտորինա: Երեխաները պետք է թարգմանեին համապատասխան բառերը լեհերեն, իսկ այն մասնակիցները, ովքեր թարգմանում էին բոլոր բառերը, ստանում էին շոկոլադե սալիկ: Երեխաների ոգեւորվածությանը չափ ու սահման չկար: Բոլորը մարտական տրամադրվածությամբ փորձում էին գուշակել օտարալեզու ծանոթ եւ անծանոթ բառերը. չէ՞ որ մրցանակը քաղցրավենիք էր:

Ի զարմանս ինձ՝ օրվա վերջում բոլոր շոկոլադե սալիկները սպառված էին: Այո՛, Լեհաստանում անգլերենի իմացությունը բավականին բարձր մակարդակի վրա է, եւ գրեթե բոլոր երիտասարդները տիրապետում են այդ լեզվին: Մեր կենտրոնի համակարգողն էլ պատրաստել էր տեղեկատվական թերթիկներ կենտրոնի գործունեության մասին, որոնք բաժանեցինք ներկաներին: 

Իրենց մեքենաներով երեխաներին զվարճացնելու էին եկել նաեւ ոստիկանության եւ հրշեջ ծառայությունների աշխատակիցները: Ընդ որում՝ հրշեջները շոգ եղանակի զովությունն ապահովեցին իրենց սառը ցնցուղներով` երեխաներին փոքրիկ անձրեւիկներ պարգեւելով: 

Երեխաները երգում էին, պարում, թռչկոտում ու խաղում: Խաղահրապարակում տիրող մթնոլորտը հեքիաթային էր. բոլորը երջանիկ էին: 

Շնորհավո՛ր ձեր տոնը, փոքրի՛կ հրաշքներ: