Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-06-2018
«Եվրոպա լիգային» մասնակցող հայկական ակումբների մրցակիցները հայտնի են
ՈՒԵՖԱ-ի՝ Նյոն քաղաքում գտնվող շտաբ-բնակարանում տեղի ունեցավ «Եվրոպա լիգայի» որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

«Եվրոպա լիգա» մրցաշարում հայկական բոլոր 3 թիմերն էլ կմեկնարկեն որակավորման առաջին փուլից։ Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» առաջին փուլում մրցելու է լեհական «Լեխի» հետ: Առաջին խաղը կկայանա մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան մրցավեճը կկայանա Երեւանում՝ «Հանրապետական» ստադիոնում:

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Բանանցի» մրցակիցն է լինելու Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ «Սարաեւոն»: Առաջին հանդիպումը կանցկացվի Երեւանում, իսկ պատասխան մրցավեճը՝ մրցակցի հարկի ներքո:

«Փյունիկը», որ ներկայանում է նոր անվամբ՝ «Երեւան», հանդիպելու է մակեդոնական «Վարդարի» հետ, որի կազմում է խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ մակեդոնական թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը միայն օրերս է լքել ակումբը: Առաջին խաղը նախատեսված է անցկացնել Երեւանում։

Ի դեպ, եթե հայկական թիմերին հաջողվի դուրս գալ երկրորդ փուլ, ապա արդեն հայտնի է, թե որ ակումբները կարող են մրցակից լինել։ «ԿՔՆ» (Ուելս) - «Շախտյոր» (Սոլգորսկ, Բելառուս) զույգի հաղթողը կհանդիպի «Լեխ» (Լեհաստան) - «Գանձասար-Կապան» զույգի հաղթողին։ «Բանանց» - «Սարաեւո» զույգի հաղթողին էլ սպասում է «Ատալանտան» (Իտալիա)։  «Սամտրեդիա» (Վրաստան) - «Տոբոլ» (Ղազախստան) զույգի հաղթողն էլ կարող է լինել «Երեւանի» մրցակիցը, եթե վերջինս հաղթահարի «Վարդարի» (Մակեդոնիա) արգելքը։

Նշենք, որ «Եվրոպա լիգայի» որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կայանալու են հուլիսի 12-ին, իսկ պատասխան մրցավեճերը նախատեսված են մեկ շաբաթ անց՝ հուլիսի 19-ին: