Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-06-2018
Թուղթն ու պլաստիկն աղբ չեն
Զաքյան 10 հասցեն այսօր թղթաշատ ու մարդաշատ էր: «Թուղթը աղբ չէ» եւ «Պլաստիկը աղբ չէ» բարեգործական ակցիայի շրջանակներում վաղ առավոտից հավաքվում էին պլաստիկե տարաներ, թղթյա արկղեր, օգտագործված եւ այլեւս ոչ պիտանի թղթեր: Հավաքված իրերը կհանձնվեն վերամշակման, իսկ ստացված գումարը կծառայի բարեգործությանը:

Նախաձեռնության հեղինակներից Շուշանիկ Բաբայանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը սկսել է Հռիփսիմե Մկրտչյանի հետ, իսկ գլխավոր նպատակը հնարավորինս շատ մեծ քանակությամբ թղթերի հավաքումն է: Նախորդ ակցիայի ժամանակ Երեւանից եւ մի քանի մարզերից հավաքվել է 1 տոննա թուղթ, իսկ իրականացված բոլոր ակցիաների ընթացքում փրկվել է 3 տոննա թուղթ: 



«Ակցիաներ կազմակերպում ենք ոչ միայն Երեւանում, այլեւ Վանաձորում, Աշտարակում, Գյումրիում: Հավաքված թղթերը ենթարկվում են տեսակավորման, որպեսզի հեշտ լինի հանձնել  վերամշակման: Ստացված գումարով առաջին անգամ օգնել ենք Վանաձորի թիվ 24 դպրոցին, իսկ այս անգամ ստացված հասույթը կփոխանցվի թիվ 12-րդ դպրոցին»,- նշեց Շուշանիկ Բաբայանը:



Նրա խոսքով՝ այս անգամ որոշել են «Թուղթը աղբ չէ» ակցիայի շրջանակում ներառել նաեւ «Պլաստիկը աղբ չէ» ակցիան, իսկ այդ գործում նախաձեռնությանն օգնում է «Կոկա-Կոլա» ընկերությունը: 



«Նմանօրինակ ակցիաները շատ կարեւոր են: Մենք իսկապես տեսնում ենք, որ մարդիկ մտահոգված են այդ խնդիրներով, իսկ մեր խնդիրն է հեշտացնել եւ թեթեւացնել նրանց գործը: Մեր ակցիաներին կարելի է տեսնել տարբեր տարիքի ներկայացուցիչներ՝ երեխաներից մինչեւ մեծահասակներ»,- ասաց Շուշանիկ Բաբայանը: