Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-06-2018
Կարեն Օհանյան. «Բարձունքները հաղթահարելի են, եթե կա աշխատասիրություն»
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Այս անգամ ներկայացնում ենք պատանի երգիչ, 17-ամյա Կարեն Օհանյանին, ով բավականին լայն գործունեություն է ծավալել երգարվեստում եւ մի շարք այլ ոլորտներում:
Պատմում է ինքը՝ Կարենը:

Երգի  եւ երաժշտության հանդեպ սերը, առաջին քայլերը…
 
Սկսել եմ երգել 7 տարեկանից: Իրականում շատ հետաքրքիր սկսվեց իմ՝ երգարվեստում հայտնվելը: Եղբայրս սիրում էր երգել, ուստի ծնողներս որոշեցին «Դո Ռե Մի» ստուդիայում երգի դասերի միջոցով զարգացնել նրա այդ ջիղը: Սակայն այնպես ստացվեց, որ եղբայրս լսումների ժամանակ ամաչեց երգել, փոխարենը՝ լսեցին ինձ եւ հավանեցին ձայնային տվյալներս… Այդպես սկսվեց ամեն ինչ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ շատ եմ սիրում երգել եւ ուզում եմ երգել: Ընդ որում՝ դա մի շրջան էր իմ կյանքում, երբ զուգահեռ հաճախում էի պարի, ինչպես նաեւ  ընդունվել էի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին: Ի սկզբանե 7 տարեկանից արդեն խիտ օրակարգ ունեի: Առհասարակ մեծ է ընտանիքիս դերն իմ երաժշտական ճաշակի ձեւավորման գործում:
 

 
Առաջին բեմելը, զգացողությունները…
 
Տարիներ առաջ կար մանուկների համար ցուցադրվող «Յո-Յո» հեռուստահաղորդում, որի շրջանակում ես ելույթ ունեցա ոչ միայն առաջին անգամ, այլեւ հեռուստատեսային տարբերակով: Ինչ խոսք, անհանգստանում եւ հուզվում էի, քանի որ ոչ միայն առաջին անգամ էի բեմում, այլեւ կատարում էի երգարվեստի հրաշալի երգերից մեկը՝ Կոնստանտին Օրբելյանի «Փառք մեր ազգության» երգը: 

Հայրիկի հետ աշխատելը…
 
Հայրս… Այն, ինչ անում է հայրս, աննկարագրելի է: Դժվար է հավատալ, սակայն շատ հեշտ ենք միասին աշխատում: Գուցե դա նրանից է, որ նման եմ նրան: Ամեն խոսք, խորհուրդ ինձ համար թանկ ու կարեւոր են: Իհարկե, չեմ թաքցնի, որ երբեմն անհամաձայնություններ լինում են, քանի որ բնական, աշխատանքային գործընթաց է, սակայն դրանք լինում են բացառապես քննարկումների շրջանակում: Միշտ քննարկում ենք միասին, զրուցում: Ես գիտեմ, որ նա ցանկանում է, որ ամեն ինչ կատարյալ լինի, ուստի անգամ փոքր նկատողությունն ի օգուտ ինձ է. ես համոզվել եմ դրանում: Ի դեպ, թե՛ հայրս, թե՛ մայրս պահանջկոտ են իմ հանդեպ: Ամենամեծ քննադատը մայրս է: Նա եւս մշտապես մատնանշում է ելույթների դրական ու բացասական կողմերը: Փորձում եմ լսել, ընկալել եւ ուղղել:  Մայրս եւս երաժշտությունից լավ հասկանում է, քանի որ դաշնամուր է նվագել: Կարճ ասած, մենք երաժշտասեր ընտանիք ենք: 

Առաջին տեսահոլովակն ու երգչուհի Ջուսի հետ համագործակցությունը…
 
Առաջին տեսահոլովակս երգչուհի Ջուսի հետ է եղել: Երգը կոչվում էր «Tonight»: 11 տարեկան էի եւ շատ ուրախ, որ երգում եմ Ջուսի պես լավ երգչուհու հետ: Շատ մեծ եւ երկար աշխատանք էինք տարել տեսահոլովակի նկարահանման ընթացքում: Ջուսն իհարկե շատ էր օգնում ինձ, հիմա՝ եւս: Մեր համագործակցությունը սկսվեց այն բանից հետո, երբ նա տեսել էր ելույթս «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլում: Որոշում կայացվեց երգ ձայնագրել ու նկարահանել տեսահոլովակ: 
 

 
«Հերոս մարտիկ» տեսահոլովակում նկարահանվելն ու զգացողությունները…
 
Շատ համագործակցություններ եմ ունեցել զուգերգերի եւ խմբակային երգերի ձեւաչափով: Վերջերս եւս զուգերգ ունեցա Արփի Շահնուբարյանի հետ, նկարահանվեցի «Հերոս մարտիկ» երգի տեսահոլովակում: Շատ հպարտ եւ ուրախ եմ, որ նկարահանվել եմ այդ տեսահոլովակում: 5 պատանիներով մեր սրտի խոսքը  փորձեցինք փոխանցել մեր հերոս զինվորներին: Կարծում եմ՝ հաջողված աշխատանք է: 


 
Մրցույթներին մասնակցելն ու դրանց նշանակությունը կյանքում…
 
Շատ մրցույթների եմ մասնակցել՝ «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլ, «Նոր ալիք» եւ այլն: Իրականում մրցույթները յուրաքանչյուր երգչի կյանքում մեծ փորձի ձեռքբերումներ են: Վախի, հուզմունքի հաղթահարում, ինքնադրսեւորում, շփում տարբեր արտիստների հետ: Ես նաեւ շատ կարեւորում եմ այն ընկերներին, որոնց ձեռք եմ բերում այդ մրցույթների ժամանակ: Հաճելի է ծանոթանալ երաժշտական տարբեր ճաշակ, ոճ եւ մշակույթ ունեցող մարդկանց հետ: Յուրաքանչյուր մրցույթի մասնակցություն մեկ քայլ է, որը պետք է հաղթահարես ջանասիրաբար աշխատելու շնորհիվ: 
 

 
«Во весь голос» մրցույթն ու Մարգարիտա Պոզոյանի հետ համագործակցությունը…

«Во весь голос» մրցույթը, որը տեղի ունեցավ Մոսկվայում, նման չէր մյուս մրցույթներին: Ներկայանում էինք եռյակով՝ ես, Էլինա Չոլախյանը եւ Աբրահամ Թորոսյանը: Մարգարիտա Պոզոյանը մրցույթում մեր ղեկավարն էր՝ մարզիչը: Ներկայացրեցինք Նիկ Եգիբյանի եւ Սուսաննա Պետրոսյանի «Հայրենիք» երգը, ինչպես նաեւ Գազմանովի երգացանկից եւս մեկ երգ: «Հայրենիք» երգը երգելիս ամբողջովին տրվել էինք երգին: Երգում էինք մեզ համար թանկ հայրենիքի՝ Հայաստանի մասին: Գիտե՞ք, հետաքրքիրն այն էր, որ մյուս մարզիչները, ովքեր այլ ազգերի ներկայացուցիչներ էին, չէին հասկանում հայերեն, սակայն կարծես մեր երգելով, մեր մատուցմամբ հասկանում էին, թե մենք ինչի մասին ենք երգում: Մենք կարողացանք մեր կատարմամբ ներկայացնել մեր հայրենիքի հանդեպ անսահման սերը, մի քանի րոպեի ընթացքում պատմել մեր հայրենիքի, մեր հայ լինելու մասին… Մենք կարողացանք երգը տեղ հասցնել: Չէինք պատկերացնում, որ այդչափ կհավանեն երգը:  
 

 
«Muzic Talent League-2018» մրցույթում առաջին մրցանակակիր…

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մասնակցեցի «Muzic Talent League-2018» մրցույթին, որտեղ կատարեցի Կոնչիտա Վյուրստի «Rise like a phoenix» երգը: Այդ մրցույթում գրավեցի 1-ին տեղը: Մրցույթն ինքնին հետաքրքիր էր, իսկ մասնակիցների թիվն անցնում էր  300-ը: Վերջիններս բաշխված էին ըստ տարիքային խմբերի: Մրցակցությունն իսկապես թեժ էր, քանի որ կային շատ ուժեղ մասնակիցներ Վրաստանից, Լիտվայից: Սա թերեւս իմ կարեւոր ձեռքբերումներից մեկն է երգարվեստում: 


 
Բարեգործական ակցիաներին, համերգներին եւ միջոցառումներին մասնակցելը…

Բարեգործական համերգների, միջոցառումների եւ ակցիաների միշտ մասնակցում եմ, աշխատում եմ բոլորին ներկա լինել: Ես մեծ բավականություն եմ ստանում, քանի որ կարողանում եմ իմ փոքր ներդրումն ունենալ մեզ պես երեխաների, պատանիների օգնության գործում: Ամեն բարեգործական ակցիայից հետո դրական էներգիայով եմ լցվում: Առհասարակ օգնելու, օգտակար լինելու զգացողությունը շատ հաճելի է: 


 
«Մուլտաշխարհ» հաղորդման հաղորդավար…

Տարբեր համերգներին հանդես եմ եկել որպես հաղորդավար, սակայն Հ3 Հ/Ը-ում արդեն 3 տարի Մեգի Բադիրյանի հետ վարում եմ «Մուլտաշխարհ» հաղորդումը: Այդ 3 տարիների ընթացքում շատ եմ կոփվել որպես հաղորդավար. ես ինքս դա զգում եմ: Սկզբում դժվար էր, եւ դա բնական է, քանի որ ցանկացած գործ եւ աշխատանք սկզբում բարդ է: Հիմա անգամ իմպրովիզներ են լինում եթերում, քանի որ, երբ կոփվում ես, խոսքդ զարգանում է ընթացքում, փորձում ես չկառչել տեքստից: Անկեղծ ասած, նկարահանումները զերծ չեն մնում անսպառ ծիծաղից ու չնայած փորձում եմ զսպել ինձ, սակայն երբեմն չի ստացվում:
 

 
«Ճամբարը» ֆիլմում որպես դերասան հանդես գալը…

«Ճամբարը» ֆիլմում նկարահանվելը շատ մեծ փորձ էր: Մասնակցեցի քասթինգի եւ ընտրվեցի որպես դերասան: Մոտ 20 օր նկարահանումներ էին ընթանում Հանքավանում: Ինչ խոսք, ծանր ու դժվար աշխատանքային օրեր էին, սակայն՝ դրական արդյունքով: Դա եւս մի կարեւոր շրջան էր իմ կյանքում, կարելի է ասել՝ դերասանական ոլորտում: 
 
Երգի՞չ, դերասա՞ն, հաղորդավա՞ր, դեսպա՞ն, թե՞ տնտեսագետ…

Սովորում եմ «Երեւակ» կրթահամալիրում, փոխադրվեցի 12-րդ դասարան: Որքան զարմանալի է, սակայն ընտրել եմ տնտեսագիտության ոլորտը: Տարիներ առաջ նպատակադրվել էի դառնալ դեսպան, սակայն, ի վերջո, որոշեցի ընտրել տնտեսագետի մասնագիտությունը: Ի դեպ, հայրս եւս տնտեսագետ է: Մտադիր եմ ընդունվել Ֆրանսիական համալսարանի կառավարման բաժին: Տնտեսագետի մասնագիտությանը զուգահեռ ես շարունակելու եմ երգել: Կարծում եմ՝ մասնագիտություն ունենալը շատ կարեւոր է: 

Սիրելի մարզաձեւը, սիրելի ընկերների հետ ժամանակ անցկացնելն ու սոցիալական ցանցերը չսիրելը…

Շատ եմ սիրում բասկետբոլ, զբաղվել եմ անգամ, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացա շարունակել: Ինչ վերաբերում է ընկերներիս, ապա փորձում եմ նրանց համար միշտ ժամանակ գտնել: Ավելին, սիրում եմ, երբ շփումը կենդանի է: Սոցիալական ցանցերից քիչ եմ օգտվում, քիչ եմ հրապարակումներ անում: Զարմանալի է, բայց ես այդպիսին եմ: Կենդանի շփման զգացողությունները լրիվ այլ են՝ պարզ եւ հաճելի: 
 

 
Երազա՞նք, նպատա՞կ, թե՞ աշխատասիրություն… Նշաձող, որին պետք է հասնել…

Առհասարակ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում որքան էլ ձգտի հասնել այն նշաձողին, որն ինքն է սահմանել, միեւնույնն է, դա այն չէ, ինչին ձգտում է: Միշտ զարգանալու եւ սովորելու անհրաժեշտություն կա: Աշխարհը զարգանում է, մարդիկ պետք է քայլեն աշխարհի զարգացմանը զուգահեռ: Գիտե՞ք, երբեք չեմ մտածել, որ կարելի է որեւէ բարձունքի հասնել միայն երազելով: Ո՛չ… Ինձ համար երազանք ասվածն ինչ-որ անհասանելի, անիրականանալի բան է, որը եթե կատարվի, ապա կդադարի երազանք լինելուց: Ինձ համար կա հստակ նպատակ, որին հասնելու կարեւոր նախապայմանն աշխատանքն է: Բարձունքները հաղթահարելի են, եթե կա աշխատասիրություն: 

Հաջողության գրավականը
 
Այս ընթացքում գրանցված հաջողությունները շատ մեծ կապ ունեն ընտանիքիս եւ մասնավորապես հայրիկիս աջակցության հետ:  Խոսքն ամենեւին էլ նյութական աջակցության մասին չէ, այլ հայրական, մաքուր, դաստիարակչական, ուսուցողական, խորհրդատվական աջակցության: Կարեւոր է նաեւ ոլորտում ասելիքը, որը ձեւավորվում է աշխատասիրությամբ: Գուցե շատ եմ արտաբերում աշխատասիրություն բառը, սակայն ես համոզված եմ, որ լավագույն արդյունքի հասնելու գրավականը հենց դա է: