Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-06-2018
Երիտասարդ առաջնորդների ճամբար՝ Գավառում
Օրերս Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մեկնարկել է «Երիտասարդ առաջնորդների ճամբար» նախաձեռնությունը, որն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության» ծրագրի շրջանակում` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

Ծրագրին մասնակցում են Գեղարքունիքի մարզի 20-36 տարեկան երիտասարդներ, իսկ գլխավոր նպատակը երիտասարդների առաջնորդական եւ կառավարչական հմտությունների զարգացումն է, առավել ակտիվ եւ արդյունավետ ներգրավումը հանրօգուտ ծրագրերում: Այս ծրագիրը կնպաստի Գեղարքունիքի մարզի երիտասարդների շրջանում քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, փոխադարձ ճանաչողական դաշտի ստեղծմանը, երիտասարդությանը երկրի հասարակական-քաղաքական դաշտում ներգրավմանն ու ակտիվ մասնակցության ապահովմանը: 

Ծրագրի ղեկավար Գառնիկ Գափոյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդպիսի ծրագիր իրականացնելու գաղափարը եղել է վաղուց, պարզապես կազմակերպչական եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են եղել: Սակայն, ի վերջո, գաղափարի հստակեցումից հետո ներկայացվել է ծրագիր, որը հավանության է արժանացել եւ ֆինանսավորվել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից: 

«Երիտասարդական նախաձեռնողական խումբը շատ արագ ձեռնամուխ եղավ ծրագրի մանրակրկիտ աշխատանքներին: Երկու ամիս տեւած աշխատանքների արդյունքում հասկացանք, որ լիարժեք պատրաստ ենք իրագործել առկա գաղափարը: Ծրագիրն իրականացվում է առաջին անգամ՝ ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ, քանի որ, ի վերջո, գործ ունենք շատ խոցելի խմբի՝ երիտասարդների հետ: Ընթացքում ստեղծեցինք նախաձեռնության տարածման սոցիալական հարթակ, լոգո: Ծրագիրն ինքնանպատակ չէ, այն հետագայում մյուս մարզերում եւս շարունակելու միտում կա»,-նշեց Գառնիկ Գափոյանը: 

Այն հարցին, թե մասնակիցները հիմնականում ինչ մասնագիտական կողմնորոշվածություն ունեն, Գառնիկ Գափոյանն ասաց. «Իրականում մասնակիցները տարբեր են թե՛ տեսակով, թե՛ մասնագիտությամբ, թե՛ տարիքով: Ընտրության ժամանակ շեշտը չենք դրել կոնկրետ մասնագիտություն ունեցող երիտասարդների վրա, քանի որ կարծում ենք, որ առաջնորդ դառնալու համար մասնագիտությունը կարեւոր չէ: Մասնագիտական բոլոր ոլորտներում կարող են լինել առաջնորդներ: Կարեւորել ենք գիտելիքները, ակտիվությունն ու նախաձեռնողականությունը: Նրանք ծրագրի 2-րդ փուլում պետք է հանդես գան դասընթացավարի դերում եւ իրենց ստացած գիտելիքներով կկիսվեն ծրագրին դիմած, սակայն չանցած մասնակիցների հետ»:

Գառնիկ Գափոյանը մարզի զարգացման գործում կարեւորում է ծրագրի միջոցով երիտասարդների ակտիվությունն ու ներգրավվածությունը: Բացի դրանից՝ ստեղծվել է շատ հարազատ միջավայր: Անգամ դասընթացն ավարտելուց հետո մասնակիցների միջեւ չեն դադարում քննարկումները տարբեր հարցերի շուրջ: Ծրագրի հետաքրքրությունը համակել է բոլորին, իսկ ծրագրի ավարտից հետո առաջնորդ-երիտասարդները կարող են ոգեւորության առիթ հանդիսանալ մյուս երիտասարդների համար: 

Բանախոսների ընտրության սկզբունքի առումով էլ Գառնիկ Գափոյանը նշեց, որ ոչ մի բանախոս պատահական չի ընտրվել: Նրանք այն մարդիկ են, ովքեր որեւէ կարեւոր եւ նշանակալի գործ են կատարել մեր երկրի համար, հասարակության շրջանում հարգանք են վայելում, ունեն մասնագիտական բարձր որակներ: 

Որպես դասընթացավար հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով խոսել է քաղաքացիական հասարակության զարգացման գործում կրթության դերի մասին, ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, ով խոսել է քաղաքացիական հասարակության զարգացման գործում կնոջ դերի մասին, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եւ հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանը, ով անդրադարձել է լիդերության ինստիտուտի կայացման հրամայականներին, եւ այլք: 

Նշենք, որ ծրագիրն ունի նաեւ 2-րդ եւ 3-րդ փուլեր: 2-րդ փուլում մասնակիցները հանդես կգան դասընթացավարների դերում, իսկ հաջորդիվ՝ 3-րդ՝ վերլուծական փուլն է: Հավելենք նաեւ, որ ծրագրի շրջանակում համայնքների եւ հասարակական կազմակերպությունների հետ հուշագրեր են կնքվել, որոնց համաձայն՝ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու, ինչպես նաեւ դասընթացների անխափան իրականացման համար վերջիններս կապահովվեն անհրաժեշտ ռեսուրսներով: