Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 26-06-2018
«Երիտասարդական աշխատողի կարողունակություններ». դասընթացների մասնակցության հրավեր
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը:

Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու «Երիտասարդական աշխատողի կարողունակություններ» ընդհանուր խորագրի ներքո հետեւյալ թեմաներով դասընթացների. 

Նորարարություն եւ թվային երիտասարդական աշխատանք - Նարե Ավագյան (30.06.2018)
Երիտասարդական նախաձեռնողականության խթանում եւ կամավորություն - Նարեկ Բոցինյան (01.07.2018)
Երիտասարդների առաջնորդության եւ թիմային աշխատանքի խթանում - Արթուր Նաջարյան (06.07.2018)
Կոնֆլիկտների հաղթահարում եւ բանակցությունների վարում - Արթուր Նաջարյան (07.07.2018)
Ժամանակի կառավարում եւ պլանավորում - Քրիստինե Ասատրյան (08.07.2018)

Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ: Անցնելով հղումներով՝ կարող եք լրացնել գրանցման հայտերը եւ ծանոթանալ վերջնաժամկետներին:

Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց, որոնցից 13-ն արդեն անցկացվել են)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։

Դասընթացների ընդհանուր նպատակն է բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական եւ ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

Դասընթացներին կարող են մասնակցել.

  • Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ եւ կամավորներ,
  • Գյումրու հիմնական եւ ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ եւ դասղեկ-ուսուցիչներ,
  • Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ եւ կամավորներ,
  • երիտասարդական եւ սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ եւ հոգեբաններ,
  • իրավապահ մարմինների եւ առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
  • մեդիա ոլորտի ներկայացուցիչներ,
  • այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ եւ ավելի դասընթացների:

Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ, ուղղակի կապ ունեն համապատասխան թեմաների հետ եւ նախկինում չեն մասնակցել «Երիտասարդների տանն» անցկացված դասընթացներին։

Անցկացվելու է 5 թեմատիկ դասընթաց, եւ նրանք, ովքեր կմասնակցեն դասընթացի ամբողջական շարքին (թվով 5 թեմա), կստանան վկայականներ:

Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:

Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի եւ մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետեւյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ եւ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: