Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-06-2018
Մինաս. Հին ու բոլորովին նոր
Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 27-ին բացվեց նկարիչ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված «Մինաս. Հին ու բոլորովին նոր» խորագիրը կրող ցուցադրությունը:

«Մինասի խառնվածքն ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն եւ խոր մտքերով: Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը». Մինաս Ավետիսյանին ահա այսպես է բնութագրել 20-րդ դարի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: 

Այս խոսքերը դիպուկ բնորոշում են Մինաս Ավետիսյանի արվեստը՝ նրա մտածողությունը, ներքին թափը, հախուռն գունազգացողությունը, ժանրերի եւ թեմաների բազմազանությունը: Նկարիչ, ում անունն այսօր դարձել է 1960-ականների հայ կերպարվեստի խորհրդանիշ: 

Անցյալի մեծ վարպետների պես նա եւս ինքնության որոնումների ճանապարհին հաճախ է հայացք գցում իր անձին: Տարբեր տարիներին վրձնած ինքնանկարները զանազանվում են միմյանցից նաեւ էմոցիոնալ նրբերանգներով, դրանք յուրահատուկ խոհեր-խոստովանություններ են, ներկայացնում են հարուստ եւ վառ խառնվածքի, խորապես զգացող, մշտապես ճանաչողության ձգտող մտածող-արվեստագետին: 

Մինաս Ավետիսյանը երբեք կանգ չէր առնում իր ձեռքբերումների ճանապարհին, եւ գուցե հենց Արամ Խաչատրյանի նկատած սիմֆոնիզմն էր, որ նրան մղեց ստեղծագործելու մոնումենտալ գեղանկարչության ոլորտում:

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուշ Սահակյանը նշեց, որ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունը մեկտեղել է տարբեր տարիների շուրջ 90 աշխատանք՝ Հայաստանի ազգային պատկերասրահից, Երեւանի ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երեւանի Ռուսական արվեստի թանգարաններից, Արամ Խաչատրյան տուն-թանգարանից եւ հայաստանյան մասնավոր հավաքածուներից. «Ցուցահանդեսը համակողմանի բացահայտում է Մինաս Ավետիսյանի գործունեությունը ամենատարբեր բնագավառներում՝ հաստոցային եւ մոնումենտալ գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն, կինոմատոգրաֆիա, որոնք ուղեկցվում են փաստավավերագրական նյութերով: Բազմաթիվ ցուցահանդեսներ են եղել՝ նրան նվիրված, եւ բոլորն էլ առանձնահատուկ. սա եւս բացառություն չէ, ավելին, սա առավել ընդգրկուն է, քանի որ այցելուները կտեսնեն նաեւ բացառիկ նմուշներ»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, ով չափազանց հուզված եւ տպավորված էր հոր՝ այդքան մեծ քանակության աշխատանքները տեսնելով մեկ վայրում: 

Նշենք, որ ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի հունիսի 28-ից եւ կգործի մինչեւ սեպտեմբերի 15-ը: 

Պատկերասրահ՝ «Մինաս. Հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսը