Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-06-2018
«Երեւան-Ստամբուլ» բաց ճամբար. ստեղծելով կամուրջներ
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 25-ից հուլիսի 2-ը գործում է տարատարիք սովորողների «Երեւան-Ստամբուլ» բաց ճամբարը, որին մասնակցում է Թուրքիայի Ստամբուլի «Կարագոզյան» վարժարանի սովորողների եւ ուսուցիչների խումբը:

Երեւանցի եւ ստամբուլցի սովորողները, ուսուցիչները օրեր շարունակ կիրականացնեն համատեղ հայրենագիտական, տեխնոլոգիական, երաժշտական, մարզական ուսումնական-ժամանցային նախագծեր, միասին կմասնակցեն ազգագրական բաց փառատոնի իսկական ծիսական հարսանիքի նախագծին։



Ճամբարի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշում է, որ Ստամբուլի «Կարագոզյան» վարժարանից խումբն առաջին անգամ է եկել Հայաստան: Այս ճամբարով ընդարձակվում է հայ-թուրքական կրթական-մշակութային փոխանակումների ծրագիրը, որով կրթահամալիրը համագործակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամի, Ստամբուլի «Տատյան» վարժարանի հետ: Տարածաշրջանային համագործակցության շեշտադրմամբ իրականացվում են մշակութային ժառանգության պահպանման, փոխանակման համատեղ ու շարունակական ծրագրեր:



«Մեկ ամիս առաջ մենք այցելեցինք Ստամբուլի «Տատյան» վարժարան: Այնտեղ տեղի ունեցավ առաջին կրթական համագործակցությունը: Դրան հաջորդեցին արդեն «Կարագոզյան» վարժարանի նախաձեռնությունն ու այցը: Մենք մշակել ենք մի շարք նախագծեր եւ հոկտեմբերին էլ այցելելու ենք «Կարագոզյան» վարժարան՝ շարունակական դարձնելու մեր համագործակցությունը»,- շեշտեց Քնարիկ Ներսիսյանը: 

Նրա խոսքով՝ «Կարագոզյան» վարժարանի խմբի կազմում հիմնականում հայեր են, բայց կան նաեւ թուրք ուսուցիչներ, ովքեր անգամ հայկական եկեղեցում մասնակցել են ժամերգությանը: 



«35 հոգի Ստամբուլից են, 50-60 հոգի՝ մեր սովորողները: Շատ լավ ընտանեկան, ջերմ կապեր են ստեղծվում: Մենք ուզում ենք, որ անջրպետը, որ կա հայ-թուրքական հարաբերություններում, այս տեսակ նախագծերով վերանա: Ի վերջո, կրթության միջոցով քաղաքական հարցերի էլ կարելի է լուծում տալ»,- նշեց Քնարիկ Ներսիսյանը: 

Հավելենք, որ ճամբարի օրակարգային հարցադրումները երեքն են՝ հայ-թուրքական կրթամշակութային կամուրջներ, Երեւան-Ստամբուլ բաց ճամբարի ընթացք, մեկնարկած նախագծերի շարունակության, զարգացման, ընդլայնման, պատասխան այց: