Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 28-06-2018
Աշխարհի առաջնության 14-րդ օրը. ցտեսությո՛ւն, Գերմանիայի՛ հավաքական
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը չկարողացավ ապացուցել, որ «F» խմբում մյուս մրցակիցներից ավելի արժանի է փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար եւ ուղեւորվեց «տուն»։

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խոշորագույն անակնկալը կլիներ, եթե գործող չեմպիոնը՝ Գերմանիայի հավաքականը, կրկներ նախորդների՝ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի ընտրանիների՝ չեմպիոն դառնալուց հետո սպասվող բարդ ճակատագիրը, այն է՝ դուրս չգար խմբային փուլից։ Այդպիսի նախադրյալներ ստեղծվեցին դեռ օրեր առաջ, երբ մեկնարկային խաղում գերմանացիները պարտվեցին Մեքսիկայի հավաքականին նվազագույն  0-1 հաշվով, բայց Բունդեսթիմի՝ վերջին 12 տարիների գլխավոր մարզիչ Յոհախիմ Լյովը վստահեցրել էր այդ խաղից հետո, թե իրենք բավականաչափ լավ են պատրաստված եւ նախորդների սխալներից ճիշտ դասեր են քաղել, անհանգստանալու կարիք չկա։

«F» խմբից փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր վերջին տուրից առաջ ապահովել էր միայն Մեքսիկայի ազգային հավաքականը, որը հաղթել էր թե՛ գերմանացիներին, թե՛ հարավկորեացիներին։ Հենց վերջիններս էլ հույս ունեին Գերմանիայի հավաքականին հաղթելու դեպքում ակնկալել հաջորդ՝ 1/8 եզրափակիչ փուլում հանդես գալու ուղեգիր։ Գերմանացիներին էլ հաղթանակ էր պետք. այլ արդյունքի դեպքում աշխարհի գործող չեմպիոնը կախված կլիներ զուգահեռաբար ընթացող խաղից եւ առավելապես մեքսիկացիների հաղթանակից։

Իսկապես բարդ իրավիճակ էր ստեղծվել։ Կազանում կայացած Հարավային Կորեա-Գերմանիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0: Երկրորդ խաղակեսում գերմանացիներին չհաջողվեց արագ գոլ խփել եւ առաջ անցնել հաշվի մեջ, ինչը ստիպեց սառնասիրտ թվացող եւ բազմիցս բարդ իրավիճակներից դուրս եկած Բունդեսթիմին խառնվել, կորցնել կարգապահական ամեն դասավորություն։ Գրոհների եզրափակիչ փուլում, ինչ խոսք, գերմանացիներն անբախտ էին։

Այնպես ստացվեց, որ Հարավային Կորեայի հավաքականի մարզչական շտաբը լիովին պլանավորել էր, թե ինչպիսին պետք է լինի թիմի գործողությունները, երբ աշխարհի գործող չեմպիոնը ամբողջ ուժերն ուղղի հարձակման։ Հանդիպման վերջին րոպեին հարավկորեացիներին հաջողվեց արագ հակագրոհ ձեռնարկել, ինչի արդյունքում բացվեց հանդիպման հաշիվը։ Իհարկե, մի պահ գլխավոր մրցավարի օգնականին թվաց, թե խաղից դուրս իրավիճակ կար, սակայն «VAR» տեսակրկնության համակարգի օգնությանը դիմելուց հետո ամեն բան հստակեցվեց. 28-ամյա Յունգ Վոն Կիմի կողմից աշխարհի չեմպիոնների դարպասի գրավումը պետք է հաշվի առնել, քանի որ խաղի կանոնների խախտում չի եղել։

Գերմանացիները խելակորույս նետվեցին առաջ, թեեւ ժամանակ չէր էլ մնացել. միայն հանդիպման գլխավոր մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեն էր ավարտվել։ Անգամ դարպասապահը՝ ատլետիկ տվյալներ ունեցող Մանուել Նոյերն էր առաջ նետվել։ Եզրային նետումից գնդակի արագ հասցեագրումը գերմանացիների ավագին հղի էր վտանգով. չնայած Մանուել Նոյերը գերազանց է խաղում մրցակիցներին իրենց տուգանային հրապարակում շրջանցելու առումով, սակայն դա կրկնել մրցակցի կիսադաշտում եւ հաջողություն ակնկալել ոչ միշտ կարող է արդարացվել։ Եվ ահա հարավկորեացիները խլեցին գնդակը գերմանացի դարպասապահից եւ ամբողջ ուժով ուղարկեցին դեպի դատարկ դարպասը։ Իհարկե, Կորեայի հավաքականի ավագ եւ հարձակվող Հյուն Մին Սոնը չէր կարող ուղղակի տեղում սպասել եւ հետեւել գնդակի ընթացքին։ Ֆուտբոլիստը վրա հասավ եւ վերջնական հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ 2-0։

Պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի հավաքականը դուրս է մնում ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլից։ Նախկինում այսօրինակ արդյունք դեռ չէր գրանցվել։ Ի դեպ, արդեն երրորդ անընդմեջ անգամ է, ինչ աշխարհի գործող չեմպիոնը չի կարողանում հաղթահարել խմբի արգելքը։ Այդպիսի պլաններ, վստահաբար, գերմանացիները չունեին, սակայն ֆուտբոլում ամենից շատ հենց անակնկալներն են, որ հետաքրքիր են դարձնում պայքարը։ Ի դեպ, ամբողջ խաղին շատ դեպքերում իր թիմին օգնած, վստահ գործած Հյուն Վու Յոն՝ հարավկորեացիների դարպասապահը, ճանաչվեց լավագույն խաղացող։

Անգամ հաղթանակից հետո հարավկորեացիները տխուր էին, քանի որ տեղեկացել էին, թե ինչ է եղել զուգահեռաբար ընթացող Մեքսիկա-Շվեդիա դիմակայությունում։ Եկատերինբուրգում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսը եւս գոլազուրկ էր։ Իհարկե, եղավ դրվագ, որ գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց, սակայն տեսակրկնությունների համակարգի միջոցով մեկ անգամ էլ դրվագը դիտելուց հետո այն չեղարկվեց։

Երկրորդ խաղակեսում ֆիզիկական պատրաստվածության առումով բավականին լավ տեսք ունեցող շվեդները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել արդեն 50-րդ րոպեին։ Աչքի ընկավ պաշտպան Լյուդվիգ Օգուստինսոնը, ով հետագայում հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց։ 12 րոպե անց շվեդները ստացան 11-մետրանոց հարված իրացնելու իրավունք։ Նշակետին մոտեցավ թիմի ավագ Անդրեաս Գրանկվիստը եւ չվրիպեց՝ 2-0: Սա հնարավորություն էր ոչ միայն փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու, այլեւ առաջին տեղը «F» խմբում զբաղեցնելու համար։

Եվս 12 րոպե անց՝ հանդիպման 74-րդ րոպեին, շվեդները ստիպեցին մրցակցի՝ մեքսիկացիների 20-ամյա պաշտպան Էդսոն Ալվարեսին գնդակն ուղարկել սեփական դարպասը՝ ձեւակերպելով այդ հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-0 հօգուտ Շվեդիայի ազգային հավաքականի, որը, փաստորեն, Իտալիայի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում չխաղալու գլխավոր մեղավորը լինելով հանդերձ՝ խմբում առաջ է անցնում աշխարհի չեմպիոնին հաղթած Մեքսիկայի եւ Հարավային Կորեայի հավաքականներից։ Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականին մնում էր եզրափակել «F» խմբի մրցաշարային աղյուսակը։

Շվեդների եւ մեքսիկացիների մրցակիցները որոշվեցին Սերբիա-Բրազիլիա եւ Շվեյցարիա-Կոստա Ռիկա զույգերի պայքարում։ Չնայած Կոստա Ռիկայի հավաքականը երկու պարտությունից հետո այլեւս փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանս չուներ, սակայն կատաղի պայքար մղեց մրցակցի՝ Շվեյցարիայի ընտրանու դեմ։

Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսում շվեյցարացիներին թիմի կիսապաշտպան Բլերիմ Ջեմեյլիի ջանքերով հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Երկրորդ կեսում, սակայն, Կենդալ Վաթսոնին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Հանդիպման ավարտին ընդամենը երկու րոպե էր մնում, երբ Ժոզիփ Դրմիչը շվեյցարացիներին կրկին առաջ մղեց հաշվի մեջ՝ 2-1: Չնայած եվրոպացիները փորձեցին հաշիվը պահպանել, սակայն չստացվեց։


Մրցավարի կողմից ավելացված ժամանակում տեսակրկնությունների համակարգի օգնությամբ ստուգվեց եւ հաստատվեց Շվեյցարիայի հավաքականի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։ Ու չնայած Բրայան Ռուիսի հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից, սակայն այն վայրէջք կատարեց ուղիղ դարպասապահ Յան Զոմերի մեջքին եւ ընթացավ դեպի դարպասը՝ 2-2: Գրանցվեց ինքնագոլ դարպասապահի հաշվին։ Ի դեպ, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց առաջին գոլի հեղինակ դարձած Բլերիմ Ջեմեյլին, իսկ Կոստա Ռիկայի հավաքականը միացավ գոլեր խփած մյուս 31 հավաքականներին։ Այսպիսով՝ կրկնվեց անցած՝ 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքը, երբ մասնակից բոլոր հավաքականներին հաջողվել էր մրցակցի դարպասը գրավել։

Եթե Շվեյցարիա-Կոստա Ռիկա դիմակայությունը ոչինչ չէր որոշում, ապա Սերբիա-Բրազիլիա հանդիպման արդյունքից էր կախված «E» խմբում թիմերի դասավորությունը եւ փլեյ-օֆֆ փուլում մասնակիցների անունները։ Եթե սերբերին հաջողվեր հաղթել, ապա եվրոպացիները կարող էին առանց խոչընդոտի խաղալ 1/8 եզրափակիչ փուլում։ Սակայն այդ խաղի համար այլ հաշվարկներ էին կատարել բրազիլացիները, որոնք Մոսկվայում կայացած խաղում մրցակցից մեկ գլուխ բարձր էին իրենց ցուցադրած խաղով։

Չնայած արդեն 10-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականի կազմում մարզիչները ստիպված էին փոփոխության գնալ, քանի որ պաշտպան Մարսելոն վնասեց ոտքը, սակայն Ֆիլիպե Լուիսը, որ փոխարինեց Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին, որեւէ սխալ թույլ չտվեց հետագայում։ Մինչեւ ընդմիջում հարավամերիկացիներին հաջողվեց բացել խաղի հաշիվը. Ֆելիպե Կոուտինյոյին հաջողվեց գտնել թիմակցին՝ Պաուլինյոյին, որը սառնասրտորեն գնդակը սերբերի դարպասապահի գլխավերեւով ուղարկեց ցանցի մեջ՝ 1-0:

Երկրորդ խաղակեսում բրազիլացիներին հաջողվեց նաեւ երկրորդ անգամ գրավել մրցակցի դարպասը։ Այս անգամ անկյունային հարվածի խաղարկումից հետո աչքի ընկավ պաշտպանության հենասյուն Տիագու Սիլվան՝ գլխի հարվածով գնդակը մխրճելով սերբերի դարպասը՝ 2-0: Հետագա րոպեներին բրազիլացիներին հաջողվեց թուլացնել խաղի տեմպը եւ ցանկալի հաղթանակի հասնել՝ խմբում զբաղեցնելով առաջին տեղը եւ շրջանցելով Շվեյցարիայի հավաքականին։ Պաուլինյոն էլ դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Ի դեպ, Գերմանիայի հավաքականի՝ մրցաշարից դուրս մնալուց հետո բրազիլացիներն այլեւս չեն կարող 2014 թ. աշխարհի առաջնության ստորացուցիչ՝ 1-7 հաշվով պարտության դիմաց վրեժխնդիր լինել։ Հարավամերիկացիներին 1/8 եզրափակչում կդիմակայի գերմանացիներին հաղթած, բայց խմբում երկրորդ տեղը գրաված Մեքսիկայի հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին Սամարայում, իսկ Շվեյցարիայի հավաքականի մրցակիցը կլինի Շվեդիայի ընտրանին։ Երկու եվրոպական հավաքականների դիմակայությունը կկայանա Սանկտ Պետերբուրգում հուլիսի 3-ին։