Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-06-2018
Էրիկ Ազնաուրյան. «Ամենակարեւորը ցանկությունն է...»
ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության եւ «Դոքտորս Ուիքենդի» նախաձեռնությամբ սկսված նոր նախագծի՝ «Սայնինգ»-ի շրջանակում հերթական հանդիպման հյուրն էր Շվեյցարիայի Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտ Էրիկ Ազնաուրյանը:
Զրույցի մասնակիցները հիմնականում ապագա բժիշկներ էին:

Թեման բժշկությունն էր, hարցերի շրջանակն էլ՝ բազմազան՝ պրակտիկ գիտելիքներից մինչեւ գիտություն. ինչպե՞ս Էրիկ Ազնաուրյանը բժշկական գիտության ճամփան ընտրեց, ինչո՞վ է պայմանավորված իր հաջողությունը, ի՞նչ ունի անելու, որ մինչեւ հիմա չի հասցրել անել, բժշկության ո՞ր ճյուղի մասնագետներն են պահանջված Հայաստանում, ի՞նչ է անհրաժեշտ լավ մասնագետ դառնալու համար, ինչպիսի՞ կրթական ծրագրեր կան արտերկրում եւ այլն:

Էրիկ Ազնաուրյանը պատմեց, որ իր համար մոտիվացիայի աղբյուր է եղել իր հայրը, ով նույնպես մասնագիտությամբ բժիշկ է: Հայրիկի խորհուրդներն իրեն օգնել են որպես մասնագետ կայացման գործում:

«Ամենակարեւորը ցանկությունն է եւ հստակ իմանալը, որտեղ ես ուզում քեզ տեսնել»,- ասում է Էրիկ Ազնաուրյանը:

Նշենք, որ Էրիկ Ազնաուրյանն ավարտել է Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետեւ սովորել է Միացյալ Թագավորության Նյուքասլի եւ Ամերիկայի Միացյալ Նահագների Կոլումբիայի համալսարաններում: Նա նաեւ «FAST» հիմնադրամի «NextGen» հանձնաժողովի նախագահն է:

«Սայնինգ»-ը գիտական ժամանցային նոր նախագիծ է, որի ընթացքում հրավիրված տաղանդավոր մարդկանց հետ շփվելու, տարբեր թեմաներով զրուցելու եւ նրանց խորհուրդները լսելու հնարավորություն է ընձեռվում: