Նյութը՝ Հարություն Ծատրյանի, Կալինինգրադ, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 29-06-2018
Աշխարհի առաջնության 15-րդ օրը. խմբային փուլն ավարտված է
Պայքարն ավարտեցին նաեւ «G» եւ «H» խմբերում, ինչի արդյունքում Ռուսաստանին հաջողություն ասացին Թունիսի, Պանամայի, Սենեգալի եւ Լեհաստանի հավաքականները։

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության կողմից մատուցած անակնկալ երեւույթների շարքը։ Պաշտմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ նույն արդյունքները ցույց տված հավաքականներից մեկը լքեց պայքարը, քանի որ ֆուտբոլիստներն ավելի շատ դեղին քարտ էին ստացել, քան մրցակցի դեպքում էր։ Բախտը չժպտաց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսեր ունեցող աֆրիկական վերջին թիմին՝ Սենեգալի հավաքականին։ Եվ վերջին 32 տարվա մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում չկա եւ ոչ մի աֆրիկական երկրի ներկայացուցիչ։

Խաղային 15-րդ օրվա պայքարն առաջինն ավարտվեց վերջին «H» խմբում։ Հատկապես լարված էր Սենեգալ – Կոլումբիա դիմակայությունը։ Այն նաեւ որոշիչ նշանակություն ուներ, քանի որ մինչեւ հանդիպման մեկնարկը կոլումբիացիները ունեին 3, իսկ աֆրիկացիները՝ 4 միավոր։

Սամարայում կայացած հանդիպման առաջին րոպեներին ակտիվ էին աֆրիկացիները։ Արդեն 17-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշակետը ցույց տվեց՝ կանոնների արձանագրելով Դեւիդսոն Սանչեսի կողմից, սակայն տեսակրկնության դիտում հետո որոշումը վերանայվեց, իսկ կոլումբիացիները հանգիստ շունչ քաշեցին։ Անցավ 15 րոպե, եւ Կոլումբիայի ազգային հավաքականի երկրպագուները տխրելու նոր առիթ ունեցան. վնասվածքի արդյունքում խաղադաշտը լքեց Խամես Ռոդրիգեսը։

Երկրորդ խաղակեսում հանդիպման տրամաբանությունը հուշում էր, որ կարող է ոչ-ոքի գրանցվել եւ կկրկնվեր Ֆրանսիա – Դանիա հանդիպման օրինակով՝ 0-0 հաշվով։ Իրավիճակը շտկեց Յերի Մինան։ Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանը հանդիպման 74-րդ րոպեին կարողացավ օդային պայքարում հաղթել եւ գրավել մրցակցի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։ Հանդիպման վերջնարդյունքում պաշտպանը նաեւ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց՝ օգնելով թիմին չոր հաշվի պահպանել եւ առաջին տեղով դուրս գալ խմբից փլեյ-օֆֆ փուլ։

Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչը փորձեց փոփոխությունների միջոցով փրկել խաղը, քանի որ զուգահեռաբար ընթացող Ճապոնիա - Լեհաստան հանդիպումը որեւէ դրական ելք չէր երաշխավորում, հետեւաբար անհրաժեշտ էր առնվազն ոչ-ոքի։ Աֆրիկացիները փորձեցին ամեն ինչ, սակայն չստացվեց խուսափել պարտությունից։ Ավելի ցավալի էր գիտակցելը, որ զուգահեռ հանդիպման արդյունքում ստիպված են լքել մրցաշարը ավելի շատ դեղին քարտեր ստանալու պատճառով, ինչը առաջին անգամ էր այսօրինակ մրցաշարերում, երբ հաշվի է առնվում արդար խաղի արդյունքը որպես առավելություն։

Ճապոնիա – Լեհաստան հանդիպումը Վոլգոդրադում էր կենտրոնացրել ասիացիների եւ լեհերի երկրպագուներին։ Լեհաստանի հավաքականը փլեյ-օֆֆ դուրս գալու որեւէ հնարավորություն չուներ, քանի որ պարտվել էր առաջին երկու խաղերում։ Չնայած այդ հանգամանքին՝ Ռոբերտ Լեւանդովսկին եւ մյուս առաջատարները խոստացել էին սեփական երկրպագուներին բարձր պահած գլխով հրաժեշտ տալ մրցաշարին։

Խոստումը կատարել լեհերին հաջողվեց։ Չնայած առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ արդյունքով, սակայն երկրորդ խաղակեսում լեհերի պաշտպան Յան Բեդնարեկին հաջողվեց առաջ մղել Լեհաստանի հավաքականին։ Ճապոնացիները ի պատասխան ոչինչ ձեռնարկել չկարողացան եւ տեղյակ լինելով թե ինչ է կատարվում զուգահեռաբար ընթացող խաղում՝ սկսեցին ուղղակի իրար փոխանցումներ կատարել՝ ժամանակ «սպանելու» նպատակով։ Պատահական չէ, որ հանդիպման վերջում ասիացիները ներողություն էին խնդրում սատարելու եկած երկրպագուներին դիտարժան ֆուտբոլ ցույց չտալու համար եւ ուղղակի արդյունք ապահովելու՝ փլեյ-օֆֆ դուրս գալու առթիվ։ Ի դեպ, հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց լեհերի պաշտպան Յան Բեդնարեկը, որին նաեւ հաջողվեց օգնել թիմակիցներին չեզոքացնել մրցակցի գրոհները։

Շնորհիվ առավել կազմակերպված եւ ոչ կոպիտ խաղի ճապոնացիներն ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆ փուլում։ Լեհաստանի հավաքականի պարագայում էլ երկրպագուները կարող են գոհանալ խայտառակ մեկնարկից հետո գոնե հաղթական ավարտի առթիվ։

Կոլումբիայի եւ Ճապոնիայի հավաքականների մրցակիցը որոշվում էր Կալինինգրադում։ Եվրոպա մայրցամաքի երկու ներկայացուցիչներ՝ Անգլիայի եւ Բելգիայի հավաքականները միմյանց դեմ էին դուրս եկել պահեստյին կազմերով՝ իրենց ակտիվում ունենալով ամբողջությամբ իրար հավասար արդյունք, սակայն արդար խաղի կանոնների համաձայն ոչ-ոքի արդյունքի եւ երկու թիմերի ֆուտբոլիստների հավասարապես զգուշացումներ ստանալու դեպքում՝ Անգլիայի հավաքականը «G» խմբում կգրավեր առաջին տեղը։

Առաջին 45 րոպեների ընթացքում խմբային փուլի սուպերդիմակայություն անվանումը ստացած այս հանդիպումը ոչինչ չպարգեւեց ֆուտբոլասերներին, բացի այն, որ բելգիացիները եւս երկու դեղին քարտ ստացան, հետեւաբար Անգլիայի հավաքականին ձեռնտու արդյունք էր սա։ Ամեն ինչ փոխվեց ընդմիջումից հետո։

Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեից Ջոն Սթոունզին՝ Անգլիայի հավաքականի գլխավոր եւ ամենաարդյունավետ կենտրոնական պաշտպանին, փոխարինեց Հարի Մագուայրը։ Սա որոշակի ազդեցություն ունեցավ անգլիացիների պաշտպանողական գործողությունների վրա։ Նախկինում առկա վստահությունը պաշտպանությունը կորցրեց, արդյունքում դրանից օգտվեց բելգիացիների կիսապաշտպան Ադնան Յանուզայը։ Անգլիական Պրեմիեր լիգայում անուն հանած ֆուտբոլիստը հրաշալիորեն խաբ տվեց անգլիացիների պաշտպանին եւ դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց Անգլիայի հավաքականի դարպասը։

Չնայած շուրջ 35 րոպե անգլիացիներն ունեին իրենց տրամադրության տակ խաղը փրկելու համար, բայց Գարեթ Սաութգեյթը՝ «Երեք առյուծների» գլխավոր մարզիչը, որոշեց՝ հաղթանակի համար կամ գոնե ոչ-ոքի պետք չէ փոփոխությունների կամ հարձակման առաջատար Հարի Քեյնի խաղադաշտ դուրս բերելու շնորհիվ՝ յուրօրինակ կերպով խաղը զիջելով մրցակցին։ Իհարկե, ֆուտբոլիստներին այսօրինակ խաղերը հետաքրքիր չեն, սակայն անգլիացիների հարձակման գծում խաղալու առիթը կարեւոր էր. աչքի ընկնելու պահեր ունեցան Մարկուս Ռեշֆորդը եւ Դենի Ուելբեքը, որոնք Հարի Քեյնի հետ մրցակցել դեռեւս չեն կարողանում հիմնական կազմում տեղ գտնելու համար։

Արդյունքում Անգլիայի հավաքականը պարտություն կրեց նվազագույն 0-1 հաշվով, իսկ Ադնան Յանուզայը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ իր գեղեցիկ հարվածի շնորհիվ, բայց բելգիացիներին սպասում է առավել դժվար պայքար, քանի որ ապագա հավանական մրցակիցները շատ ավելի ուժեղ են՝ Բրազիլիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Արգենտինա, Ուրուգվայ, Մեքսիկա... Իհարկե, մինչեւ այդ բելգիացիները պետք է հաղթահարեն Ճապոնիայի հավաքականի արգելքը։

Շավ ավելի գունեղ պայքարում ընթացավ Պանամա – Թունիս դիմակայությունը։ Սարանսկում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էր ավելի քան 37 հազար հանդիսական։

Առաջին խաղակեսում Պանամայի հավաքականին հաջողվեց առավելության հասնել, քանի որ աֆրիկացիների պաշտպան Յասին Մերիահը գրավեց սեփական դարպասը։ Ավելի առաջին 45 րոպեներին պանամացիներին անել չհաջողվեց, մինչդեռ թունիսցիները երկրորդ խաղակեսում ամբողջությամբ տիրեցին գնդակին եւ վերահսկեցին մրցակցի գործողությունները։

Հանդիպման 51-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ֆահրեդին Բեն Յուսեֆը, իսկ ընդամենը 15 րոպե անց հաղթական գնդակ խփեց Թունիսի հավաքականի ավագ Վահբի Խազրին։ Հանդիպման հետագա ընթացքն աչքի ընկավ խախտումներով։ Չնայած հաղթանակը ոչ մի կերպ չէր կարող օգնել Թունիսի հավաքականին, քանի որ վերջինս պարտվել էր առաջին երկու խաղերում, սակայն խմբի հետնապահի կոչումն աֆրիկացիներին ձեռնտու չէր։ Դրանով պայմանավորված՝ մինչեւ վերջին վայրկյանը Թունիսի հավաքականը կարողացավ պահպանել գնդակի վերահսկողությունը, ասել է թե՝ ապահովվեց հաղթանակը։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Ֆահրեդին Բեն Յուսեֆն էր։

Այսպիսով՝ անցյալում են խմբային փուլի 48 հանդիպումները։ Հայտնի են բոլոր թիմերը, որոնք կխաղան 1/8 եզրափակիչ փուլում։ Վերջին երկու զույգերը կազմեցին Անգլիան եւ Կոլումբիան, Ճապոնիան եւ Բելգիան։ Առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում հուլիսի 4-ին, իսկ ահա Ռոստովում Բելգիայի հավաքականը կհանդիպի Ճապոնիայի ընտրանուն հուլիսի 3-ին։

Հ.Գ.։ Անգամ պարտվելով՝ անգլիացիները կարողացան դրա միջոցով մի քանի առավել դրական արդյունք ապահովել եւ նույնիսկ մեկ օր ավելի կհանգստանան։ Ինչ խոսք, սա չի ապահովում վերջիններիս մուտքը 1/4 եզրափակիչ փուլ. դեռ պետք է խաղալ ու հաղթել կոլումբիացիներին։