Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 02-07-2018
«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստանում կներկայացնի մեծահամբավ երաժիշտների
Հուլիսի 2-6-ը Երեւանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։

Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները դասական երաժշտության սիրահարներին կպարգեւեն հինգ անմոռանալի համերգային երեկոներ՝ հայտնի մենակատարների մասնակցությամբ եւ հետաքրքիր երկացանկով: 

«Մեկնարկում է մեզ համար շատ կարեւոր փառատոն: Խոսելով «Արմենիա» փառատոնի ձեռքբերումների մասին՝ պետք է նշեմ, որ շատ եմ կարեւորում նման արտիստների գալը Հայաստան: Մեր ձեռքբերումներից եմ նաեւ համարում Մալթայի միջազգային փառատոնին մանակցությունը: Շատ ոգեւորված եմ այս փառատոնի համար: Ունենալու ենք 5 համերգ: Համերգներից 3-ը կղեկավարեմ ես, իսկ 2-ը՝ մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆը»,-նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Երեւան կժամանեն եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող մենակատարներ՝ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում՝ Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո)։

«Արմենիա» փառատոնի շրջանակներում ելույթ կունենան նաեւ ջութակահար Կարեն Շահգալդյանը, Մալթայի միջազգային մրցույթի հաղթող Աննա Ուլաիեւան եւ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան։ 

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆի ղեկավարությամբ։ Նշենք, որ փառատոնի հյուրերը Հայաստանում ելույթ կունենան առաջին անգամ. կազմակերպիչների նպատակն է հայ երաժշտասերներին ծանոթացնել մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների հետ։ 

Փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի, Վարդան Աճեմյանի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Ջոակինո Ռոսինիի, Ալեքսեյ Շորի, ով այս տարի փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է, եւ այլ հեղինակների գործեր։

Փառատոնի բացման համերգին այսօր ելույթ կունենա բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած դաշնակահար Դենիս Կոժուխինը: Նա շեշտեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ կատարելու է Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» ստեղծագործությունը: Դաշնակահարը շեշտեց, որ այս տարի արդեն իսկ հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, տպավորված է այդ ելույթից: 

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։