Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-07-2018
«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրը կլինի Դարեն Արոնոֆսկին. ո՞վ է նա
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ամերիկյան հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր Դարեն Արոնոֆսկին։

Փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ոչ միայն հանդիպելու հայտնի ռեժիսորին, այլեւ դիտելու նրա ֆիլմերից երեքը` «Ակունքը»,  «Սեւ կարապը» եւ «Մայրը»: Մինչ Արոնոֆսկու գալն առաջարկում ենք ծանոթանալ ռեժիսորի հետ: 

Ո՞վ է Դարեն Արոնոֆսկին

Դարեն Արոնոֆսկին ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ եւ կինոպրոդյուսեր է: Նա հաճախել է Հարվարդի համալսարան եւ Ամերիկյան ֆիլմերի ինստիտուտ: Արժանացել է մի շարք մրցանակների իր գլխավոր «Supermarket Sweep» ֆիլմից հետո,  որը նկարել է 1991 թ.-ին։ Առաջին լայնամետրաժ ֆիլմը «Պի»-ն էր, որը ռեժիսորը նկարահանել է 1995 թ.-ից: Սյուրռեալիստական թրիլերը ներկայացվել էր անկախ կինոյի «Սանդենս» փառատոնին: 

Ինչո՞վ է հայտնի նա

Արոնոֆսկին ստացել է ճանաչում իր սյուրռեալիստական մտքերի եւ մտահոգիչ ֆիլմերի շնորհիվ։ Նրա ֆիլմերը հաճախ տարաձայնությունների պատճառ են դառնում եւ հայտնի են իրենց մութ, տարբերվող թեմաներով։

Ռեժիսորի ֆիլմերը 

Արոնոֆսկին «Ռեքվիեմ երազանքի համար», «Շատրվանը», «Ռեստլերը», «Սեւ կարապ», «Նոյ», «Մայրը» եւ մի շարք այլ ֆիլմերի հեղինակն է։ 

Արոնոֆսկու ֆիլմերում են նկարահանվել Ջենիֆեր Լոուրենսը, Նատալի Պորտմանը, Հյու Ջեքմանը, Ռասսել Քրոուն, Էնթոնի Հոփքինսը, Ջարեդ Լետոն, Ռեյչել Վայսը, Վենսան Կասելը, Միշել Փֆայֆերը, Խավիեր Բարդեմը, Միքի Ռուրկը եւ այլ դերասաններ։