Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-07-2018
Երեւանը՝ Ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնը հյուրընկալող քաղաք
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի (ԿԱԵ) տարածաշրջանային կենտրոնը Հայաստանի բուհերի հետ համատեղ կազմակերպում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնը:

Փառատոնն այս տարի տեղի է ունենում Երեւանում հուլիսի 1-ից 5-ը «Տարբեր ենք, բայց միասին» խորագրով: Փառատոնը նպատակ ունի խթանել բազմալեզվությունն ու ֆրանսերենի տարածումը բազմամշակույթ համատեքստում:

2012-ին ստեղծման պահից մինչ այսօր համախմբելով տարածաշրջանի քսան երկրի եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ հաստատությունների ավելի քան 400 ուսանողի՝ փառատոնը միջազգային երկխոսության յուրօրինակ բաց հարթակ է:  Այն ամեն տարի բացառիկ եւ անմոռանալի պահեր է պարգեւում ուսանողներին՝ վերածվելով երիտասարդության, ստեղծագործ մտքի եւ համերաշխության յուրահատուկ տոնի: Վերջինս նաեւ եզակի առիթ է ակադեմիական կամ այլ գործընկերային հարաբերություններն ընդլայնելու համար, քանի որ ամեն անգամ փառատոնի կազմակերպմանն աջակցում են հասարակական, տնտեսական եւ քաղաքական ոլորտները ներկայացնող իր գործընկերները:  

Փառատոնի հյուրընկալ մթնոլորտը միմյանց հետ շփվելու լայն հնարավորություն է ընձեռում տարբեր երկրների երիտասարդներին, որոնց համար ֆրանսերենը ընդհանուր հաղորդակցման լեզու է: Այս տարի, Ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնին մասնակցում է 53 ուսանող, որոնք ժամանել են 17 երկրից՝ Ալբանիայից, Բոսնիա-Հերցոգովինայից, Բուլղարիայից, Թուրքիայից, Լիտվայից, Խորվաթիայից, Հայաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, Մակեդոնիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Սլովակիայից, Վրաստանից, Ուկրաինայից: 

Փառատոնի մեկնարկը տրվել է հուլիսի 2-ին Երեւանի պետական համալսարանում վարպետաց չորս դասընթացներով՝ երգի, պարի, գեղանկարչության եւ լուսանկարչության: Փառատոնի հանդիսավոր փակմանը, որը տեղի կունենա հուլիսի 5-ին Երեւանի Տիկնիկային թատրոնում, նախատեսված է գալա համերգ, որի ընթացքում մասնակիցները ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքը: Լավագույն աշխատանքները կպարգեւատրվեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի (ԿԱԵ) տարածաշրջանային կենտրոնի կողմից՝ Հայաստանի բուհերի եւ Հայաստանում ֆրանսախոս դեսպանությունների հետ համատեղ:

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ) ֆրանկոֆոն համալսարանների համաշխարհային կազմակերպություն է, որն արդեն 50 տարեկան է: Այն ընդգրկում է ավելի քան 850 բարձրագույն հաստատություններ, որոնք ներկայացնում են  5 մայրցամաքների ավելի քան հարյուր երկիր: Այն Ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչն է բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառներում: Վերջինիս նպատակն է խթանել ֆրանկոֆոն համալսարանների լայն ընդգրկումը հասարակության տնտեսական եւ հասարակական ոլորտներում: Իր գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ: