Նյութը՝ Հայկի Ծատրյան, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 03-07-2018
Աշխարհի առաջնության 19-րդ օրը. սա թրիլլե՞ր է, թե՞ ֆուտբոլային մրցաշար
Եթե Բրազիլիայի հավաքականը դժվարությունների հանդիպելով անցավ մեքսիկացիներին, ապա Բելգիայի ընտրանին հանդիպման վերջին վայրկյանին տոնեց կամային հաղթանակը՝ 0-2 հաշվով պարտվելիս վերականգնվելով 30 րոպեների ընթացքում։

Բրազիլիայի եւ Մեքսիկայի հավաքականի երկրպագուները կարծես թե չեն հոգնել միմյանց հետ տրիբունայում հայտնվելուց։ Եթե 2014 թ.-ին կայացած աշխարհի առաջնության ժամանակ խաղը կարող էր ոչ-ոքի ավարտվել եւ ոչ ոք դրանից չէր տխրում, քանի որ խմբային փուլում գրանցված արդյունք էր, ապա Ռուսաստանում երկու ընտրանիներից մեկը պետք է լսեր պայքարը. ամեն ինչ շատ ավելի լուրջ էր եւ դրամատիզմով լեցուն։

Սամարայում կայացած խաղի առաջին րոպեներն ապացուցեին, որ այս մրցաշարի ընթացքում Մեքսիկայի հավաքականը պատահաբար չի հաղթել Գերմանիայի ընտրանուն. մեքսիկացիները թե՛ լավ մարզիչ ունեն, թե՛ որակյալ ֆուտբոլիստներ։ Անգամ այնպես կարող էր զարգանալ այս խաղը, որ Մեքսիկայի հավաքականը կունենար հաջորդ փուլ դուրս գալու շանսեր։ Նպաստավոր մի քանի դրվագներում վրիպեցին մեքսիկացիները։



Օգտվել մրցակցի շռայլությունից բրազիլացիները կարող են եւ այդպես էլ վարվեցին։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Նեյմարը եւ թիմակիցները կարողացան շատ ակտիվ սկսել երկրորդ խաղակեսը՝ վճռելով հանդիպման ելքը։ Նեյմար – Վիլյան համագործակցության արդյունքում էլ 51-րդ րոպեին վերջապես ոչ ուշարժան սանրվածք ստացած Նեյմարը բացեց հանդիպման հաշիվը։

Մեքսիկացիները փորձեցին փոփոխությունների միջոցով լուծել մրցակցի առավելության արագ չեզոքացումը, սակայն չստացվեց։ Փոփոխությունն աշխատեց բրազիլացիների համար։ Ֆելիպե Կոուտինյոյի փոխարեն խաղադաշտում հայտնված Ռոբերտո Ֆիրմինոն հանդիպման 88-րդ րոպեին կրկնապակեց «պենտակամպիոնների» առավելությունը՝ 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր պարգեւելով։ Չնայած մրցավարը 6 րոպե փոխհատուցեց հիմնական ժամանակին, սակայն դա էլ բավարար չէր մեքսիկացիներին անգամ հաշիվը կրճելու համար։



Նեյմարը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ոտքերին ստացավ ավելի քան մեկ տասնյակ հարվածներ, սակայն հանդիպումից հետո ուրախությամբ անդրադարձավ թիմի 1/4 եզրափակիչ դուրս գալու հանգամանքին։ Այնտեղ իսկապես թեժ պայքար է սպասվելու, քանի որ բելգիացիները բավականաչափ ոգեւորված են լինելու։

Եվրոպայի 2016 թ.-ի առաջնության ժամանակ Բելգիայի հավաքականը մրցաշարում հաղթելու գլխավոր հավակնորդն էր, սակայն ամենակարեւոր խաղում պարտվեց Ուելսի ընտրանուն։ Փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում՝ Ճապոնիայի հավաքականի հետ պայքարում բելգիացիները եւս մեկ անգամ կարող էին ձեռնունայն տուն վերադառնալ, սակայն կամային հատկանիշներ ունի այս թիմը եւ դա կարող է անհրաժեշտ լինել հաջորդ խաղում։

Բելգիա – Ճապոնիա հանդիպման մեկնարկը ցույց տվեց, որ անգլիացիները գուցեեւ դիտմամբ են պարտվել խմբային փուլի վերջին խաղում. Ճապոնիայի հավաքականը հիանալի կազմակերպված ֆուտբոլ էր խաղում՝ առանց մրցակցի կազմում առկա ֆուտբոլիստների անուններից վախենալու։ Եթե առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, ապա երկրորդ խաղակեսը մեկնարկեց եւ դարձավ ֆուտբոլային թրիլլեր։



Ընդամենը 3 րոպե էր անցել երկրորդ խաղակեսի մեկնարկից, երբ ճապոնացիներին հաջողվեց արագ հակագրոհ կազմակերպել։ Գրոհի եզրափակողի դերում Գենկի Հարագուչին էր. բացվեց հանդիպման հաշիվը եւ ամեն բան առավել հետաքրքիր ու դիտարժան դարձավ ոչ միայն իրենց տանը հանդիպումներին հետեւողների, այլեւ Դոնի Ռոստով եկած ավելի 41 հազար երկրպագուի համար։ Մինչեւ բելգիացիները կփորձեին ուշքի գալ եղածից, Ճապոնիայի ընտրանուն գրոհելու եւս մեկ հնարավորություն ընձեռվեց. Տակաշի Ինուին հեռահար հարվածով խոցեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը՝ կրկնապատկելով ճապոնացիների առավելությունը։

Շուրջ 10 րոպե Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Բելգիայի հավաքականը փորձեց առկա ուժերով լուծել հարցը, սակայն չստացվեց։ 65-րդ րոպեին կրկնակի փոխարինում կատարելով՝ փորձառու եւ հեռատես մասնագետը խաղադաշտ դուրս բերեց Մարուան Ֆելաինիին եւ Նասեր Շադլիին։ Երկու փոփոխությունն էլ աշխատեց, սակայն ամեն ինչ հերթով է գեղեցիկ....

Հանդիպման 69-րդ րոպեին Յան Վերտոնգենը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դեպի մրցակցի դարպասը, սակայն դարպասապահը նմանօրինակ կորագծով ընթացած գնդակ չէր սպասում՝ 2-1: Եվս 5 րոպե ու հանդիպման հաշիվը հավասարվեց. այս անգամ էլ գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարուան Ֆելաինին՝ 2-2: Դեռ ավելի քան 15 րոպե կար, եւ թիմերից յուրաքանչյուրը, խաղի տրամաբանությունից ելնելով, կարող էր հաղթանակ կորզել վերջին պահին։



Ստեղծվեց ավելի քան մեկ տասնյակ պահեր, սակայն մինչեւ վերջին վայրկյանները չէր ստացվում ոչ մի կերպ վտանգավոր գրոհը եզրափակել դարպասի գրավմամբ։ Հանդիպման մրցավարի կողմից ավելացված վերջին րոպեին ճապոնացիները ստացել էին անկյունային հարվածի իրավունք, բայց այն չար կատակ խաղաց ասիացիների գլխին։ Բելգացիները հաղթեցին օդային պայքարում եւ մի քանի ֆուտբոլիստներով հայտնվեցին մրցակցի կիսադաշտում, իսկ գրոհի կազմակերպչի դերում էր ամենահաս Կեւին դե Բրյոյնեն։ Նկատելով նպաստավոր դիրքում հայտնվող թիմակցին՝ Ռոմելու Լուկակուն որոշեց գնդակը բաց թողնել եւ վրա հասած Նասեր Շադլին խփեց հաղթական գոլն այս խաղում՝ 3-2: Բելգիացիները ցնծում էին, իսկ ճապոնացիներին ծափահարում էր ամբողջ ստադիոնը վերջիններիս նվիրված խաղի համար։

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց բելգիացիների ավագ Էդեն Ազարը։ Վերջինս շատ գոհ էր իր թիմակիցների՝ հանդիպման հանդեպ ունեցած վերաբերմունքից, քանի որ կարողացել էին անել մի բան, որը չի եղել ավելի քան 48 տարի. աշխարհի առաջնությունում փլեյ-օֆֆ փուլում երկու գնդակի տարբերությամբ զիջող թիմին չէր հաջողվել կամային հաղթանակի հասնել։ Ինչ խոսք, սա լրացուցիչ ուժեր կտա Բելգիայի հավաքականին։



Հուլիսի 6-ին Կազանում կկայանա եւս մեկ Եվրոպա – Հարավային Ամերիկա դիմակայություն. այո՛, խոսքը Բրազիլիա – Բելգիա դիմակայության մասին է։ Այն, ինչ խոսք, կարող էր նաեւ Մունդիալի եզրափակիչ խաղ լինել, սակայն 1/4 եզրափակիչը եւս հետաքրքիր ապրումներ է խոստանում։