Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա-Կազան, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 05-07-2018
Աշխարհի առաջնության 21-րդ օրը. կրկին ճանապարհ, այս անգամ դեպի Կազան
Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունը հաճելիորեն ստիպում է տեղաշարժվել մեկ քաղաքից մյուսը, մեկ դաշնությունից մյուսն անցնել հնարավորինս հակիրճ ժամկետներում։

Արդեն 21 օր շարունակ ֆուտբոլասեր հանրության ուշադրությունն ուղղված է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Չնայած համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին եւ վերջին տասնամյակում նրա հիմնական մրցակից Քրիշտիանու Ռոնալդուն, լքել են պայքարը գրեթե մեկ շաբաթ առաջ, սակայն Մունդիալը շարունակում է շարժել մարդկանց հետաքրքրությունը։



Առաջնությունը հյուրընկալող քաղաքները մարդաշատ են. այստեղ կարելի է գտնել ամենատարբեր ազգությունների եւ երկրների ներկայացուցիչների։ Ոչ պաշտոնական հաշվարկներով ֆուտբոլային տոնն իր շուրջն է կենտրոնացրել եւ Ռուսաստան բերել ավելի քան 2.5 մլն մարդու։ Ինչ խոսք, հաշվի առնելով Ռուսաստանի՝ ոչ տուրիստական վայր լինելու նշանակությունը, աշխարհաքաղաքական զարգացումները վերջին տասնամյակում՝ ուղղակի հիանալի արդյունք է Ռուսաստանում Մունդիալ կազմակերպելու գաղափարի հեղինակների համար։

Հետաքրքիր է ստացվում քաղաքից քաղաք գնացքով գնալը։ Ամենուր հանդիպել կարելի է տարբեր երկրների հավաքականների երկրպագուների։ Իհարկե, առավելությունը մրցաշարը հյուրընկալող երկրի երկրպագուների կողմն է. նրանք ամենուր են՝ Ռուսաստանի եռագույնը դեմքին, մարմնին դաջած կամ էլ բռնած ձեռքին, երբեմն էլ փաթաթված դրոշով։ Օտարերկրյա երկրպագուները եւս քիչ չեն, իսկ նրանց շարքերում տեղ ունեն նաեւ Հայաստանից ժամանած ֆուտբոլային երկրպագուները։



Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Արմեն Կաշտանյանը եւս այդպիսի հայերի թվում է։ Նա գրեթե 3 տարի գումար է հավաքել, որպեսզի կարողանա մասնակցել Մունդիալին։ Ըստ Արմենի՝ սա բացառիկ հնարավորություն է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիներից մուտքի վիզա չի պահանջում, իսկ ավիատոմսերն էլ բավականաչափ մատչելի են։

«Տարիներ առաջ Մունդիալին կարող է հետեւել միայն հեռուստատեսությամբ։ Այնպես ստացվեց, որ 2010 թ.-ին չեմպիոն դարձավ Իսպանիայի հավաքականը։ Այդ ժամանակվանից սկսած անտարբեր չեմ Իսպանիայի հավաքականի հաջողությունների նկատմամբ։ Անգամ հույս ունեի, որ Իսպանիայի հավաքականին կհաջողվի եզրափակիչ հասնել, այդ պատճառով նաեւ եզրափակիչ խաղի տոմսն եմ նախապես գնել»,- պատմում է հայ երկրպագուն՝ նշելով, որ չնայած իսպանացիների խաղից շատ է հիասթափվել, սակայն կշարունակի մնալ Ռուսաստանում եւ ներկա կլինի եզրափակիչին։

Իհարկե, գրեթե ամեն խաղի տրիբունաներում մշտապես հնարավոր է լավ փնտրելու արդյունքում նաեւ հայկական եռագույն դրոշ տեսնել, սակայն որեւէ հստակ, պաշտոնական թիվ չկա, թե քանի երկրպագու է Հայաստանից տոմս գնել եւ ժամանել Ռուսաստան։ Մի քանիսին նաեւ գնացքներում կարելի է տեսնել՝ քաղաքից քաղաք տեղաշարժվելու ժամանակ։

Հուլիսի 6-ին Կազանում անչափ հետաքրքիր դիմակայություն է սպասվում՝ Բրազիլիա – Բելգիա։ Իհարկե, նույն օրը Նիժնի Նովգորոդում կկայանա նաեւ Ֆրանսիա – Ուրուգվայ անչափ հետաքրքիր մրցավեճ, սակայն Եվրոպա – Հարավային Ամերիկա առճակատման գլխավոր ճակատամարտը, որի մասին մանկուց երազում են եվրոպացիները, բրազիլացիների՝ աշխարհի հնգակի չեմպիոնների դեմ խաղալն է Մունդիալի ժամանակ։ Հայաստանում քիչ չեն բրազիլացիների երկրպագուները եւս, չնայած Ռուսաստան են ժամանել մեծաթիվ երկրպագուներ, որոնց սիրելին պենտակամպիոններն են եւ Բրազիլիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը։ Չնայած բելգիացիները շարունակում են լինել այս Մունդիալի հաղթողի հավակնորդների թվում, սակայն Իսպանիայի հավաքականի՝ մրցաշարից դուրս մնալուց հետո ամենահավանական հաղթողի թեկնածուն հենց Բրազիլիայի հավաքականն է՝ իր աստղային կազմով եւ իսկական ճարտարապետ գլխավոր մարզչով։

Բրազիլիա – Բելգիա հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն այնքան շատ է, որ մրցաշարի կազմակերպիչները որոշել են ավելացնել ոչ միայն թռիչքների քանակը դեպի Կազան, այլեւ նոր գնացքներ շահագործման դնել՝ ավելացնելով հազարավոր երկրպագուների արագ տեղաշարժման հնարավորությունը։ Գնացքով ուղեւորությունը Մոսկվայից Կազան գրեթե 12.5 ժամ է տեւում, բայց ճանապարհն իսկապես հետաքրքիր է եւ ձանձրանալու առիթ չի լինում։ Ի վերջո, կարելի է նաեւ քնել ու մի փոքր հանգստանալ, ինչպես անում են շատ լրագրող-գործընկերներ։

Կհանդիպենք Կազանում. հուլիսի 6-ին այստեղ փառահեղ ֆուտբոլային շոու է լինելու։ Դրանում եւ ոչ մի կասկած չունեն դեպի Կազան մեկնող տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ: