Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Կազան, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 06-07-2018
Աշխարհի առաջնության 22-րդ օրը. ի վերջո, կա՞ն հաղթողի իրական հավակնորդներ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ի հայտ բերեց մի շարք հայտնություններ, այդ թվում՝ գրեթե տապալվեցին հաղթողի ամենաիրական հավակնորդները, սակայն պայքարը շարունակում են ոչ պակաս ունակությունների տեր հավաքականներ։

Ռուսաստանում շարունակվող Մունդիալի 1/4 եզրափակիչ փուլից պայքարն աշխարհի չեմպիոն հռչակվելու համար թեժանում է։ Մի կողմում հայտնվել են Ֆրանսիան, Ուրուգվայը, Բրազիլիան ու Բելգիան, իսկ մյուս կողմում բոլորը եվրոպական երկրների ներկայացուցիչներ են՝ Ռուսաստան, Խորվաթիա, Շվեդիա եւ Անգլիա։ Կարելի՞ է արդյոք սպասել, որ չորրորդ անգամ անընդմեջ Եվրոպա աշխարհամասը կկարողանա հաղթել մրցաշարում՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա... հաջո՞րդը։

Կազանում սպասվում է Մունդիալի եզրափակիչին հարիր Բրազիլիա – Բելգիա հանդիպում։ Ասել, թե աշխարհի հնգակի չեմպիոնները ամենաիրական հավակնորդն են այս տարի հաղթելու առումով եւ թերագնահատել Բելգիայի հավաքականին, նշանակում է անվերապահորեն հավատալ, որ ամեն ինչ պետք է լավ դասավորվի «դեղձանիկների» համար, այլապես Բելգիայի հավաքականն ունակ է առկա ռեսուրսների շնորհիվ եւս մեկ քայլ կատարել՝ կրկնելով «Մունդիալ-1986»-ի հաջողությունը եւ դուրս գալ կիսաեզրափակիչ։ Թե՛ բրազիլացիների, թե՛ բելգիացիների բավականաչափ սատարող է եկել Կազան հուլիսի 6-ին իրենց սիրելիներին աջակցելու համար։

Մեկ այլ Եվրոպա – Հարավային Ամերիկա դիմակայություն էլ սպասվում է Նիժնի Նովգորոդում։ Այս դեպքում, սակայն, Ֆրանսիայի հավաքականը հաջորդ փուլ դուրս գալու իրական հավակնորդն է։ Սա եւս մեկ անգամ ընդգծվում է, երբ հայտնի է, որ գրեթե 95 տոկոս հավանականությամբ Էդինսոն Կավանին, որը փայլեց պորտուգալացիների հետ 1/8 եզրափակիչ խաղում՝ դուբլ ձեւակերպելով, չի կարողանա վնասվածքի պատճառով մասնակցել դիմակայությանը։ Ֆրանսիայի հավաքականի համար միակ կորուստը Բլեզ Մատյուիդին է, որը չի մասնակցի 1/4 եզրափակիչ դիմակայությանը որակազրկում ունենալու պատճառով։

Թագավորությունների դիմակայություն է սպասվում Սամարայում։ Շվեդիայի հավաքականին ոչ միայն հաջողվել է այս մրցաշարի նախընտրական փուլից դուրս թողնել Իտալիայի հավաքականին, այլեւ միեւնույն խմբում ընդգրկվելով Գերմանիայի հավաքականի հետ՝ դուրս գալ առաջին տեղով փլեյ-օֆֆ փուլ։ Անշուշտ, Շվեդիա – Դանիա դիմակայությունը շատ ուժեր է խլել շվեդներից, բայց ոչ պակաս ուժեր են կորցրել անգլիացները, որոնք ստիպված էին ոչ միայն 120 րոպե խաղալ մրցակցի՝ Կոլումբիայի հավաքականի հետ, այլեւ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի մասնակցել։ Այս մրցավեճում Անգլիայի հավաքականի հաղթելու հավանականությունը մեծ է, քանի որ Հարի Քեյն անունով ռմբարկու ունեն միայն անգլիացիները։ Հարձակվողը շարունակում է պատմություն եւ նոր վիճակագրություն կերտել։

Մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանի հավաքականի համար խմբային փուլի հաղթահարումն արդեն իսկ մեծ հաղթանակ էր, քանի որ Մունդիալի ժամանակ նրանց երբեք չէր հաջողվել ավելի առաջ գնալ։ Այնպես ստացվեց, սակայն, որ Մունդիալ հյուրընկալող երկրների հետ հանդիպումներ անցկացնելիս Իսպանիայի ընտրանին միշտ վատ է հանդես գալիս։ Այս անգամ էլ բացառություն չեղավ, եւ այսօր Ռուսաստանում «կենացները քաղցրացրել են». ֆուտբոլասերները սպասում են, որ իրենց հավաքականը կկարողանա ջարդել նաեւ Խորվաթիայի ընտրանուն։ Ինչ խոսք, բավականին բարդ առաջադրանք է, քանի որ Խորվաթիայի հավաքականում է հանդես գալի Մունդիալի թերեւս լավագույն ֆուտբոլիստը՝ Լուկա Մոդրիչը։ Եթե փլեյմեյքերին հաջողվի լավ խաղ ցույց տալ, ապա անգամ 12-րդ խաղացողի կարգավիճակով Սոչիում հավաքված հազարավոր ռուս երկրպագուներ ստիպված կլինեն գլխիկոր հեռանալ ստադիոնից հուլիսի 7-ի երեկոյան։

Չնայած հուլիսի 5-ին՝ մրցաշարի 22-րդ օրը, խաղաղ է, հանդիպումներ նախատեսված չեն, բայց սա չի նշանակում, թե ֆուտբոլիստները հանգստանում են։ Հանգստանալ կարող են միմիայն մրցակից թիմերի երկրպագուները, որպեսզի հետագայում առավել մեծ ուժերով կարողանան աջակցել իրենց սիրելի հավաքականին կամ ֆուտբոլիստին։

Վստահաբար հուլիսի 6-ին չափազանց դիտարժան ֆուտբոլ կլինի։ Առավելապես ուշադրության է արժանի Բրազիլիա - Բելգիա մրցավեճը։ Ահա թե ինչու արժեր հասնել Կազան՝ ավելի քան 13 ժամ անցկացնելով գնացքում.... Այսպիսի խաղերի համար է աշխարհի առաջնությունը հետաքրքիր...