Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-07-2018
Կայացավ «Սեւան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնը
Գեղարքունիքի մարզում կայացել է «Սեւան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնը:

Արդեն 18-րդ անգամ կազմակերպվող ամենամյա տոնին մասնակցել են Հայաստանի մարզերի ու Երեւանի երգի ու պարի խմբեր: Փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:

«Արդեն 18-րդ տարին մենք անցկացնում ենք «Սեւան» երաժշտական հեռուստափառատոնը: Ամենամյա այս միջոցառմանն այս տարի մասնակցել են 100 երգի և պարի խմբեր ոչ միայն Երեւանից, այլեւ հանրապետության մարզերից: Փառատոնի շրջանակում խմբերը ներկայացրել են տարբեր ոճերի պարեր ու երգեր»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով շեշտում է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես մեծ է: 

«Մինորա»-ի հիմնադրի եւ տնօրենի խոսքով՝ մշակութային կենտրոնը պարբերաբար կազմակերպում է փառատոներ նաեւ Հայաստանի մարզերում՝ այդպիսով ակտիվացնելով նաեւ մարզային մշակութային կյանքն ու հետաքրքիր դարձնելով մարզաբնակների առօրյան: Հուլիսի 15-ին էլ Տավուշի մարզում կանցկացվի «Դիլիջանյան ամառ-2018» փառատոնը: 

Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի եւ երաժշտական դպրոցների, երգի եւ պարային համույթների, ինչպես նաեւ մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի եւ անհատների հետ: Կազմակերպում եւ իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով եւ փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու եւ շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: