Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 10-07-2018
Աշխարհի առաջնության 26-րդ օրը. առաջին կանգառը՝ Սանկտ Պետերբուրգ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հատվածը հյուրընկալելու համար ամեն ինչ արվել է ենթակառուցվածքները բարելավելու համար, իսկ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը լինելու է իսկապես գեղեցիկ ստադիոնում։

Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքը պատրաստ է հյուրընկալելու Մունդիալի վճռորոշ հանդիպումներից՝ կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունը։ Իհարկե, մի քանի ժամ պետք է անցկացնել գնացքում կամ օդում մինչեւ Սանկտ Պետերբուրգ հասնելը, սակայն քաղաքում մեկ րոպե անցկացնելուց հետո պարզ է, որ այստեղ ինչ-որ խոշոր իրադարձություն է սպասվում։ Եվ, իրոք, հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում սպասվում է եվրոպական հարեւան երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ Բելգիայի ֆուտբոլային հավաքականների դիմակայությունը։

Խոշոր իրադարձությունը Սանկտ Պետերբուրգ է բերել բազմահազար երկրպագուների, այնպես որ հանդիպման ժամանակ վստահաբար տրիբունաները լեփ-լեցուն կլինեն։ Եթե հաշվի առնենք, որ սա թերեւս ամենահետաքրքիր փուլն է աշխարհի առաջնությունում, ապա քիչ չեն նախապատվություն չունեցող երկրպագուները։ Եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի, թե՞ Բելգիայի հավաքականը ռուս երկրպագուների համար միեւնույն է։ Այդպես է նաեւ Ռուսաստան եկած օտարազգիների համար, որ մնացել են ու շարունակում են մասնիկը կազմել ֆուտբոլային մեկամսյա տոնի։


Ֆրանսիայի եւ Բելգիայի հավաքականների երկրպագուներին կարելի է տեսնել գրեթե ամեն տեղ. նրանք միասին են ֆան-գոտում, միասին հաճախ ճաշում են, այցելում են միեւնույն սրճարանները եւ հաճախ խոսում են նաեւ միեւնույն լեզվով։ Սակայն այսօրինակ ընդհանրությանը զուգահեռ եւս կան բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք էլ մասնատում են «կապույտների» եւ «կարմիր սատանաների» բանակների երկու երկրներին։ Կրեստովսկի կղզում գտնվող ստադիոնում հուլիսի 10-ին բավականին թեժ դիմակայություն է սպասվում։

Չնայած Բելգիայի հավաքականի խոշորագույն հաջողությունը եղել է աշխարհի առաջնության 1/2 եզրափակիչ դուրս գալը 1986 թ.-ին, սակայն բելգիացի երկրպագուների սպասելիքները Մունդիալի այս մրցաշարից շատ ավելին են սպասում, այդ թվում՝ հաղթանակ մրցաշարում։ Առավելապես այդ մասին խոսում են երկրպագուները, քան ֆուտբոլիստները։ Վերջիններս ավելի շատ մտածում են, թե ինչպես է պետք դիմակայել Ֆրանսիայի հավաքականին եւ առաջատար Կիլիան Մբապեին։



«Մենք եկել ենք Ռուսաստան տեսնելու Բելգիայի հավաքականի հաղթանակը։ Այն մեզ կգոհացնի եւ կոգեւորի։ Չենք մտածում, թե այսպիսի հավաքականը կարող է չանցնել ֆրանսիացիներին։ Մենք մի քանի օր առաջ հաղթել ենք աշխարհի հնգակի չեմպիոնին՝ Բրազիլիայի հավաքականին, այնպես որ սա եւս մեկ կարեւոր մարտահրավեր է մինչեւ Մոսկվայի եզրափակիչ խաղը»,- ասում է ավելի քան 4 շաբաթ Ռուսաստանի տարբեր քաղաքներում Բելգիայի ընտրանուն սատարելու եկած Պյեր Բերտը, որի հետ մեկտեղ Սանկտ Պետերբուրգ են եկել նաեւ վերջինիս ընկերներն ու աշխատակիցները։

Ոչ պակաս են Սանկտ Պետերբուրգ եկած ֆրանսիացի երկրպագուները։ Նրանց ոգեւորել է լուրն առ այն, որ ստադիոնում կլինի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի քանի ամիս առաջ խոստացել էր Ռուսաստանում լինել, եթե երկրի ֆուտբոլի հավաքականն անցնի Մունդիալի կիսաեզրափակիչ։ Խոստումը պահելու համար Ֆրանսիայի նախագահը հուլիսի 10-ին անպայման կլինի ստադիոնում. այդ մասին հաղորդագրությունը կայծակնային արագությամբ արդեն վաղուց տարածվել է սոցիալական ցանցերով՝ ուրախացնելով Ռուսաստան եկած ֆրանսիացիներին։



Պակաս կարեւոր չէ նաեւ Խորվաթիա – Անգլիա հանդիպումը, որը կկայանա հուլիսի 11-ին, բայց արդեն Մոսկվայում։ Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները չեն պատրաստվում հրաժարվել ավելի վաղ կայացրած որոշումից եւ չեն ժամանի հանդիպմանը։ Այդ խաղին ներկա չի լինելու նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, իսկ ահա խորվաթ երկրպագուները կարող են VIP տրիբունայում տեսնել իրենց երկրի նախագահին, ինչպես ընթացիկ Մունդիալի բազմաթիվ այլ խաղերում։

Հ.Գ.։ Սանկտ Պետերբուրգում է կայանալու նաեւ 3-րդ տեղի համար նախատեսված հանդիպումը։ Այնպես որ, հավանականությունը մեծ է, որ երկրպագուների մի մասը կմնա այստեղ, եթե իրենց սիրելի հավաքականը պարտություն կրի։