Նյութը՝ «Էդիթ Պրինտ»-ից
Լուսանկարները՝ «Էդիթ Պրինտ»-ից
Տեղադրվել է 14-07-2018
Երեք սերունդ եւ երեք նոր գիրք
Միանգամից երեք գիրք՝ ընթերցողի սեղանին: Տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանը, Աննա Ղազարյանը, Մարիա Ղազարյանը ընթերցողի դատին հանձնեցին երեք ՝ «Երջանկության թեւերով», «Երեւակայության խաղեր» եւ «Սոլնիշկայի եւ Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը:

Հայերեն եւ ռուսերեն այս գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքերի շնորհանդեսն ուղեկցվեց հեղինակներից Սուսաննա Հարությունյանի նկարների շնորհանդեսով:

«Մենք երեք հեղինակ ենք, երեքս էլ ազգականներ ենք: Համալսարանական տարիներին աղջիկս՝ Աննան, որոշեց էսսե գրել, որը թատերական բեմադրության հիմք պետք է հանդիսանար: Հետագայում դա հիմք հանդիսացավ, որ մենք գրենք այս գրքերը: Բացի այն, որ մենք ազգականներ ենք, նաեւ համախոհներ ենք: Ես շնորհակալ եմ իմ դստերը, որ ինձ սովորեցրել է նկարել: Մենք նկարել սկսել ենք գրքերը գրելու հետ զուգահեռ: Գրքում եւս տպագրված են մեր նկարներից: Կարծում եմ, որ բառերն ու նկարները լրացնում են միմյանց»,- գրքերի շնորհանդեսի ընթացքում նշեց Սուսաննա Հարությունյանը:

«Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր- նախագահ Մկրտիչ Կարապետյանը շնորհանդեսի ընթացքում հատուկ շեշտեց, որ հրատարակչությունն արդեն 25 տարվա պատմություն ունի: «Այս ընթացքում մեր գործունեությունը ծավալել ենք հիմնականում մանկապատանեկան գրականության ոլորտում: Թեեւ Սուսաննա Հարությունյանը ուշ է սկսել գրել, սակայն շատ բեղմնավոր գրող է, հետաքրքիր է գրում եւ հետագայում նույնպես համագործակցելու ենք»,- շեշտեց Մկրտիչ Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ գրքերը թարգմանվում են նաեւ անգլերեն:

Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի եւ Մարիա Ղազարյանի «Սոլնիշկայի եւ Մաքսիմի ընկերների ակումբը» եւ «Երեւակայության խաղեր» պատմվածքների շարքը ներկայացնում է մի ուրույն աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է երեւակայականին, իսկ երեւակայականը վերածվում է իրականության, այսինքն, դա այն երանությունն է, որին ձգտում է մարդ արարածը իր ամբողջ կյանքի ընթացքում: Նրանց հերոսները, հայտնվելով բարդ իրավիճակներում, չեն վհատվում, այլ փորձում են գտնել ճիշտ լուծումներ՝ մարզելով միտքը, ճանաչելով բարին ու չարը: Իսկ «Երջանկության թեւերով» գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության եւ աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղ­ծավորությունը եւ չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն եւ ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության: 

Ս. Հարությունյանի, Ա. Ղազարյանի եւ Մ. Ղազարյանի գրքաշարը պատկերազարդված է իրենց իսկ նկարներով, այսինքն՝ հեղինակներին միավորում են ոչ միայն խոսքն ու սյուժեն, այլ նաեւ գեղանկարչական աշխարհընկալումը:

«Երեւակայության խաղեր», «Սոլնիշկոյի եւ Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թեւերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների եւ դեռահասների համար:

Այն շարունակական շարք է (ընթացքում է ֆանտաստիկ ժանրի «Հետ շրջելով ժամանակը»)՝  գրված երեք հեղինակի կողմից,  ընտանեկան ընթերցանության համար, ֆենտեզի ժանրով: Գրքերի հերոսները ծնված օրից մեգապոլիսում ապրող, մինչեւ անգամ անհատականություն դարձած երեխաներ են: Այդ շարքի միջով, որպես լեյտմոտիվ, անցնում է ներկայում արդիական՝ մեգապոլիսներում դեռահասների միայնակության թեման: Այդ խնդիրը յուրաքանչյուրն իր ձեւով է լուծում: Եվ, որպես կանոն՝ երեւակայական տարածքում: