Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Բանանց ՖԱ-ի
Տեղադրվել է 11-07-2018
«Բանանցը» պարտվեց տնային խաղում, սակայն կարծես հույսեր կան
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում մեկնարկեց առաջին հայկական ֆուտբոլային ակումբը՝ «Բանանցը», որին չհաջողվեց հաղթանակի հասնել սեփական հարկի տակ։

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում մրցեց բոսնիական «Սարաեւոյի» հետ։ Հանդիպումից առաջ պարզ էր, որ ի տարբերություն նախորդիվ փորձերի, այս անգամ ստադիոն մտնելու համար անհրաժեշտ է տոմս ձեռք բերել։ Ինչ խոսք, սա վստահաբար ոչ այնքան կոմերցիոն շահույթ ստանալուն ուղղված քայլ էր, այլ որոշակի ուղղված էր երկրպագուներին՝ սատարելով վերջիններիս կողմից տոմսերի գնմամբ տրիբունա հասնելը։



Ցավոք, այս խաղում հայկական թիմը պարտվեց։ Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան առաջին խաղակեսում։ Նախ 16-րդ րոպեին բարձրահասակ Մերսուդին Ահմետովիչը կարողացավ «Բանանցի» պաշտպանների հետ պայքարում հաղթող դուրս գալ եւ գլխի շեշտակի հարվածով գնդակն ուղարկել երեւանյան ակումբի դարպասը։ Ընդամենը 5 րոպե անց էլ հյուրերին հաջողվեց կրկապատկել հաշիվը. 21-րդ րոպեին Էմիր Հալիլովիչը կարողացավ գոլի հեղինակ դառնալ։



«Բանանցը» բաց թողած երկու գոլերից հետո սկսեց ավելի ակտիվ գործել եւ կարողացավ առաջին խաղակեսում մեկ գնդակ հետ բերել։ Վահագն Այվազյանը 34-րդ րոպեին գեղեցիկ հարվածով այս հանդիպման հաշիվը դարձրեց 2-1՝ հօգուտ հյուրերի։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը մի քանի լավ պահեր ստեղծեցին եւ կարող էին հավասարեցնել հանդիպման հաշիվը, սակայն այդ օրը «Բանանցի» ֆուտբոլիստները չկարողացան ավելի արդյունավետ գտնվել։

Բոսնիական «Սարաեւոն» հյուրընկալվելիս՝ Երեւանում հաղթեց «Բանանցին» 2-1 հաշվով։ Գրանցված հաշիվը թույլ է տալիս հույսեր փայփայել մրցակցի հարկի տակ հաղթանակի մասին։ Ի դեպ, պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին Բոսնիայում։