Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-07-2018
«Փյունիկին» հաջողվեց տնային խաղում հաղթանակի հասնել «Վարդարի» նկատմամբ
«Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» կարողացավ սեփական դարպասը ոչ միայն անառիկ պահել, այլեւ նվազագույն հաշվով հաղթանակի հասնել մակեդոնական «Վարդարի» հետ խաղում։

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Երեւանի «Փյունիկը» «Հանրապետական» ստադիոնում ուժերը չափեց մակեդոնական «Վարդարի» հետ: Չնայած հայկական թիմի կազմը գրեթե ամբողջականորեն նոր էր հավաքված, սակայն դա ոչ մի կերպ չխանգարեց ուժեղ մրցակցի հետ խաղում դրական արդյունքի հասնելու առումով։

Առաջին խաղակեսում Անդրեյ Տալալաեւի գլխավորության հանդես եկող «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստներն ակտիվ էին ու բավականին լավ տպավորություն էին թողնում: Նկատվում էր, որ մի քանի ֆուտբոլիստներ արդեն մարզավիճակ են ձեռք բերել, չնայած սա առաջին պաշտոնական խաղն էր։ Հատկապես ուշադրության են արժանի Ալիկ Առաքելյանն ու Պետրոս Ավետիսյանը։ Լավ խաղային որակներ ունեցող այս ֆուտբոլիստները բավականին խաղակցված էին ու անընդհատ սպառնում էին մրցակցի դարպասին:

Հանդիպման 28-րդ րոպեին երեւանյան ակումբի ակտիվությունից ծնվեց ցանկալի արդյունքը՝ գոլ։ Թիմակցի հարվածից հետո Մոհամեդ Կոնատեն շեղեց գնդակի ուղղությունը, իսկ դարպասապահի անզգույց անդրադարձից հետո այն հայտնվեց «Վարդարի» դարպասում: Առաջին խաղակեսի մնացած հատվածն անցավ գրեթե հավասար պայքարում. երեւանյան ակումբն ընդմիջման գնաց հաշվի մեջ ունենալով մեկ գնդակի առավելություն:

Երկրորդ խաղակեսի սկզբում նույնպես գրեթե հավասար պայքար ծավալվեց: Նկատենք, որ այս խաղում սիմուլյացիայի դիմելու համար դեղին քարտ ստացավ «Վարդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Չնայած ակտիվությանը Հայաստանի ընտրանու խաղացողը փոխարինվեց հանդիպման վերջնամասում՝ 75-րդ րոպեին:

Խաղի մնացած հատվածում արդեն «Փյունիկը» մեկ խնդիր էր լուծում՝ թույլ չտալ մրցակցին գրավել դարպասը։ Գրեթե ամբողջ թիմով գրոհում էին մակեդոնական ակումբի ֆուտբոլիստները, իսկ ահա «Փյունիկը» հույսը դրել էր հնարավոր հակագրոհների վրա: Հաշվի մեջ փոփոխություն, սակայն, այս խաղում այդպես էլ չեղավ: Անդրեյ Տալալաեւի գլխավորած հայկական թիմը հաղթեց 1-0 հաշվով ու լավ առավելություն ստացավ պատասխան խաղից առաջ:

Ի դեպ, պատասխան հանդիպումը կկայանա ընդամենը մեկ շաբաթ անց Մակեդոնիայում։