Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 14-07-2018
Աշխարհի առաջնության 30-րդ օրը. ֆուտբոլային տոնի ավարտին մնում է երկու խաղ
Բելգիայի եւ Անգլիայի հավաքականները չկարողացան եզրափակիչում խաղալու իրավունք նվաճել ու ստիպված են բավարարվել սփոփիչ՝ երրորդ տեղի համար նախատեսված հանդիպմամբ։

Վերջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից թիմերը իրենց երկրպագուների հետ ժամանել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ հուլիսի 14-ին սպասվում է 3-րդ տեղի համար ոչ այնքան կարեւոր, որքան սփոփիչ պայքար։ Իհարկե, Բելգիայի հավաքականը կարող է անգամ պատմական արդյունքի հասնել, եթե կարողանա հաղթել Անգլիայի ընտրանուն, քանի որ նախկինում երբեք չեն կարողացել բելգիացիները բրոնզե մեդալներ անգամ նվաճել։

Ընդամենն օրեր առաջ էր, երբ Սանկտ Պետերբուրգում հազարավոր բելգիացի երկրպագուներ էին եկել սատարելու «Կարմիր սատանաներին» Ֆրանսիայի հավաքականի հետ 1/2 եզրափակիչ խաղի ժամանակ։ Այսօր եւս Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում բելգիացիներին սատարող եւ Բելգիայի հավաքականի հաղթանակը ցանկացող երկրպագուների պակաս չկա։ Նրանք ամենուր են եւ պատրաստվում են նույնպիսի աջակցություն ցուցաբերել նաեւ հուլիսի 14-ին կայանալիք խաղի ժամանակ։



Անգլիայի հավաքականի երկրպագուները սակավաթիվ չեն։ Մոսկվայում իրենց սիրելիների ծանր պարտությունը խորվաթների հետ խաղում տեսնելուց հետո շատ երկրպագուներ վերադարձան Անգլիա, սակայն մի մասը մնաց Ռուսաստանում եւ այժմ եկել է Սանկտ Պետերբուրգ սատարելու «Երեք առյուծներին» մրցաշարի վերջին խաղում։ Ինչու ոչ, անգլիացիներից շատերն ակնկալում են գոլառատ ֆուտբոլի ականատես լինել։

«Ցավոք, ֆուտբոլը չի վերադառնա տուն՝ Անգլիա, սակայն մենք ունենք լավ սերունդ։ Այս տղաները մեր ապագան են։ Նրանք կարող են ընդամենը երկու տարի անց հաղթանակ տոնել «ԵՎՐՈ2020»-ի ժամանակ, ինչը կրկին ցնցող արդյունք կլինի։ Չեմ կարծում, թե պետք է ամեն ինչ անել Մունդիալի բրոնզե մեդալը նվաճելու համար, սակայն ես սպասում եմ գեղեցիկ խաղ։ Շատ կուզենայի, որ Հարի Քեյնը՝ մեր թիմի ավագը, կարողանա մի քանի անգամ եւս գոլ խփել»,- ցանկությունների մասին էր բարձրաձայնում Անգլիայի հավաքականի հավատարիմ երկրպագուներից մեկը՝ Էնդրյու Ջեյմսը, որին հաջողվել է ներկա գտնվել Ռուսաստանում ընթացող Աշխարհի առաջնության բոլոր այն խաղերին, որոնց մասնակցել է Անգլիայի հավաքականը։



Պակաս հավատարիմ երկրպագուներ չունի նաեւ Բելգիայի հավաքականը։ Այնպես է ստացվել, որ Բերտ եւ Օլիվյե եղբայրները չեն կարողացել սատարել «Կարմիր սատանաներին» դեռեւս խմբային փուլում Անգլիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ. «Չստացվեց հասնել Կալինինգրադ։ Հանդիպման տոմսեր էին խոստացել, սակայն վերջին պահին ասացին, թե հնարավոր չէ։ Մենք այդ «պայմանավորված» խաղին ներկա չէինք, սակայն վստահ եմ, որ Սանկտ Պետերբուրգում առավել ուժեղ խաղացողներով կխաղան երկու թիմերն էլ։ Ամեն դեպքում սա աշխարհի առաջնությունում թե՛ Բելգիայի, թե՛ Անգլիայի հավաքականների համար վերջին հանդիպումն է»։



Սանկտ Պետերբուրգի Կրեստովսկի կղզում տեղակայված Եվրոպայի ամենագեղեցիկ ստադիոնի համբավը վայելող մարզական կառույցում ասեղ գցելու տեղ դժվար թե լինի հուլիսի 14-ին, քանի որ Բելգիայի եւ Անգլիայի հավաքականների միջեւ հանդիպումը խոստանում է լինել դրամատիկ ու գոլառատ, քանի որ վերջին տարիներին աշխարհի առաջնությունների ամենագոլառատ խաղերը հենց 3-րդ տեղի համար պայքարի համար հանդիպումն է համարվում։ Չնայած երկու մարզիչներն էլ կարող են խաղալու հնարավորություն տալ մի քանի երիտասարդների, սակայն դրանից 3-րդ տեղի համար հանդիպման գրավչությունը վստահաբար չի պակասելու։

Առավել սպասելի է, ինչ խոսք, Մոսկվայում երկու օր անց կայանալիք եզրափակիչը Խորվաթիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ, սակայն Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա հանդիպում, որը կարող էր նաեւ եզրափակիչում լինել, այնպես որ ամեն ինչ հետաքրքիր ու դրամատիկ ավարտ է խոստանում։ Ի վերջո, Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում խաղալու շանսի բացթողումը ցավալի, բայց ոչ ողբերգական նշանակություն ունի երիտասարդ խաղացողներով համալրված երկու թիմերի համար, որոնց ապագան բավականին լուսավոր է թվում։