Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 16-07-2018
«Հարսանիք թիկունքում». անմահ հերոսների մասին պատմող ներկայացումը՝ արդեն Երևանում
«Հարսանիք թիկունքում» ներկայացման երևանյան պրեմիերան կայացավ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը պատմում է մի ընտանիքի պատմություն: Ավանդական հայ ընտանիք, որի անդամները նախապատրաստվում են որդու ամուսնությանը, սակայն հենց հարսանիքի ժամանակ տեղեկանում են, որ պատերազմ է սկսվել: Հարսանիքը կիսատ թողնելով՝ փեսացուն մանկության ընկերոջ և Արցախյան ազատամարտում զոհված քեռու միակ որդու հետ մեկնում է առաջնագիծ.... 

«Փորձել եմ որպես ռեժիսոր ինչքան հնարավոր է լաց չլինել, այլ նաև ծիծաղել: Գյումրեցիին բնորոշ հումոր պետք է լիներ պատմության մեջ: Վշտերի, ցավի վրա երբեմն պիտի կարողանաս ծիծաղել և հաղթահարել դրանք: Ինձ համար առաջնայինը դա է եղել»,- ասաց Գյումրու Դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: 

Ներկայացումը բեմադրված է իրական դեպքերի հիման վրա: Հերոսը ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոսներից մեկն է, սակայն, ինչպես նշում է ռեժիսորը, այդ պատմությունը միայն հիմք է եղել ներկայացումը ստեղծելու համար. բեմադրության հերոսները ապրիլյան պատերազմի բոլոր 104 անմահ հայորդիներն են:

«Մշակույթի նախարարության գերակա խնդիրը մարզերում մշակութային կյանքի՝ թատերական կյանքի աշխուժացումը, զարգացումն ու տարածումն է: Ոչ թե Երևանի թատրոնն է գնում մարզեր, ինչպես սովորաբար լինում էր, այլ այս անգամ Գյումրու թարոնն է եկել Երևան: Մաղթում եմ, որ Հայաստանի մարզերի մյուս բոլոր գործող թատրոնները նման հաջողություն արձանագրեն և իրենք էլ հնարավորություն ունենալ մայրաքաղաք գալու, իրենց բեմադրությունները ներկայացնելու: Մշակույթի նախարարությունը պատրաստ է աջակցելու»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Երևանյան պրեմիերայի պատվավոր հյուրը գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն էր: Լեգենդար հրամանատարը ներկա է եղել նաև Գյումրիում տեղի ունեցած առաջին պրեմիերային: Eritasard.am-ի հետ զրույցում գեներալ մայորը նշեց, որ բեմադրոթյան հաջողության գրավականն այն է, որ ներկայացման հերոսը, ինչպես և իրական պատերազմի ժամանակ, խաղաղ պայմաններում ապրող ժողովուրդն է և ժողովրդի այն որդիները, ովքեր անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պատրաստ են մեկնել՝ հայրենիքը պաշտպանելու:

Ապրիլյան պատերազմի մասնակիցներին նվիրված ներկայացումը մայրաքաղաքում կլինի երեք օր, այնուհետև կբեմադրվի Արցախում: Գյումրիի թատրոնը առաջին անգամ 5 օրյա հյուրախաղեր կունենա Արցախում: Նախատեսվում են նաև հյուրախաղեր արտերկրում:

Պատկերասրահ՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացումը Երևանում