Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կամավորը Լեհաստանից
Լուսանկարները՝ Հովհաննես Կարապետյանի
Տեղադրվել է 30-07-2018
Ամենաթանկ նվերը
Հուլիս ամիսը իր բնույթով տարբերվում էր մյուս ամիսներից: Դպրոցում դասընթացներն արդեն ավարտված են, և ամբողջ ամսվա ընթացքում կազմակերպվել էին տարաբնույթ միջոցառումներ, որոնք անցկացվեցին դպրոցից` świetlica -ից դուրս:

Կազմակերվել էին էքսկուրսիաներ և այցեր տարբեր մշակութային և զվարճանքի վայրեր, կինոթատրոններ, գազանանոց և նույնիսկ լողափ:
Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար. չէ° որ արձակուրդներն են սկսվել, և նրանք կկարողանան անել այն, ինչը դպրոցում չէին կարող, այն է` վազվզել, ինչու չէ նաև իրենց որոշ չարաճճիություններ թույլ տալ, որոնք, երբեմն կարող ես ձևացնել, որ չես նկատել, չէ որ նրանք երեխաներ են:
Ամեն օր այցելում էինք տարբեր վայրեր: Իսկ մեր աշխատակիցները գաղտնի էին պահում, թե ուր ենք գնալու: Այսպես նրանց հետաքրքրությունը և ոգևորությունը էլ ավելի էր կրկնապատկվում, և նրանք անհամբերությամբ էին սպասում ամեն հաջորդ օրվան:

Այս ընթացքում, բնականաբար ես էլ ունեի իմ պարտականությունները՝ հոգ տանել երեխաների մասին, հետևել նրանց անվտանգությանը, լսել և հասկանալ նրանց կարիքները, և օգնել` հարկ եղած դեպքում: Այս ամսվա ընթացքում իմ շփումը և մտերմությունը երեխաների հետ էլ ավելի խորացավ և ամրապնդվեց, չէ որ Պան (պարոն) Հովիկը նույնպես դարձել էր նրանց հասակակիցը և հավասարը հավասարի պես խաղում ու զվարճանում էր նրանց հետ, որ երբեմն դժվար էր տարբերել, թե  խմբի մեջ որ մեկն է Պան Հովիկը (ծիծաղում եք, այնպես չէ՞) :

Այո՛, եթե ուզում ես հասկանալ երեխաներին` մուտք գործիր նրանց աշխարհ, եթե իհարկե շահել ես նրանց վստահությունը: 

Վերջին աշխատանքային օրն անմասն չմնացի նաև նվերներից և անակնկալներից: Ինձ համար նվերներ էին պատրաստել մեր կենտրոնի աշխատակիցները, գիրք` Լեհաստանի քաղաքների մասին և շնորհակալագիր, ինչի համար հատուկ շնորհակալություն մեր կենտրոնի աշխատակիցներ Էվային, Ալդոնային և Մագդային:

Երեխաների հետ իմ վերջին օրը ամենադժվարն էր: Տանել չեմ կարողանում հրաժեշտները: Երբեք չէի պատկերացնի ,որ այդքան շատ կկապվեմ նրանց հետ: 
Մոտեցավ օրվա ամենաանսպասելի պահը:

Արդեն մի լավ խաղացել, վերջացրել էինք զվարճանքի կենտրոնում և պատրաստվում էինք դուրս գալ, մեկ էլ տեսնեմ երեխաները մեկը մյուսի հետևից հերթ են կանգնել, և իրենց պսպղուն աչուկները հառել իմ վրա: 

Սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում, մինչև նրանք սկսեցին խոսել և դեպի ինձ մեկնել իրենց պատրաստած նվերները: Չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց ինձ հետ այդ պահին` կորցրեցի խոսելուս ունակությունը և համակ ուշադրությամբ սկսեցի լսել նրանց: Շնորհակալական խոսքեր, որոնք ներխուժեցին ներսս և փոթորկեցին հոգիս: Խոսքեր, որոնք չէի պատկերացնի, որ երբևէ կսլեմ նրանցից: Տեսակով էմոցիոնալ մարդ եմ,  սակայն գրեթե միշտ կարողացել եմ կառավարել էմոցիաներս: Բայց սա այդ դեպքերից չէր: Նույնիսկ չնկատեցի, թե ինչպես արցունքները պատեցին աչքերս ու սկսեցի արտասվել և անհագ կարոտով գրկել և համբուրել նրանց:

Այո՛, այդ պահին ես ամենաերջանիկ կամավորն էի աշխարհում: 

Ես ստացա ամենաթանկ նվերը. երեխաների սերը: 

Մնաք բարով սիրելիներս:
Ընդմիշտ` Ձեր Պան Հովիկ...