Նյութը՝ Մասիսի զարգացման հիմնադրամից
Լուսանկարները՝ Մասիսի զարգացման հիմնադրամից
Տեղադրվել է 30-07-2018
Մասիսում կայացավ Tour de Masis 2018-ը
Հուլիսի 29-ին Մասիսում կայացավ Tour de Masis 2018-ը (հեծանվային տուր դեպի Մասիս` 16 կմ)։

AFFA (Adibekyan Family Foundation for Advancement)-ը եւ Մասիսի զարգացման հիմնադրամը՝ Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ, կազմակերպել էին հերթական գեղեցիկ մարզական միջոցառումը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանն ու հեղինակավոր Tour de France հեծանվային մրցաշարին: 



Միջոցառման մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից: Նախագծի շապիկներով 100 եւ ավելի հեծանվորդներ, այդ թվում նաեւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը, Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Արտաշես Ստեփանյանը, Հայաստանի եւ Ֆրանսիայի եռագույներով ուղեւորվեցին դեպի Մասիս՝ մասնակցելու հեծանվային հերթական կայանատեղիի բացմանն ու «Ժամանակի հետքերով» խորագրով կենդանի ցուցահանդեսին։



Մասիսի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ հեծանվային երկրորդ կայանատեղիի բացման պաշտոնական արարողությունը, որից հետո Մասիսի երիտասարդական կենտրոնում ներկայացվեց «Ժամանակի հետքերով» խորագրով կենդանի ցուցահանդես։ Ցուցահանդես-ներկայացման առանցքում ընկած էին ճանաչված ֆրանսիացիներ եւ հայտնի ֆրանսիական ստեղծագործություններ։



Միջոցառման շրջանակներում բազմաթիվ հեծանվորդներ եղան Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրում, ծանոթացան «Ֆրանկոֆոնիա» անունը կրող զբոսայգում եւ մարզահամալիրում տարվող աշխատանքներին: Այստեղ նրանց միացավ նաեւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը:



Ավելացնենք, որ ընտանեկան մարզահամալիրի եւ «Ֆրանկոֆոնիա» զբոսայգու շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2018 թվականի հոկտեմբեր ամսին։ 



Հերթական զանգվածային նախագծի իրականացումը Մասիս քաղաքում կնպաստի հեծանվասպորտի տարածմանն ու Մասիսը՝ որպես հեծանվային քաղաք, ծրագրի իրականացմանը: