Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-07-2018
«Մարդկանց ծերացնում է հույսի եւ հավատի բացակայությունը…». Մարկ Արեն
Ժամանակակից հայ արձակագիր Մարկ Արենին հանդիպեցի նրա «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսին։
Դեռեւս «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր, անատոլիական պատմություն» վեպն ընթերցելուց հետո գրողին ուղղված մի շարք հարցեր ունեի, նրա ստեղծագործությունների առանձնահատկությունն է ընթերցողին միշտ հարցեր թողնելը, որպեսզի մի պահ նաեւ ինքը վերցնի գրիչը եւ սցենարն ավարտի՝ ըստ իր ցանկության։ 

Սահմանափակ ժամանակահատվածում Մարկ Արենի հետ զրուցեցինք նրա ստեղծած կերպարներից, սիրուց, կյանքի իմաստից, երիտասարդությունից եւ երջանկությունից…

Մարդկանց ծերացնում է հույսի եւ հավատի բացակայությունը…
 
«Վիլ-Էվրար» գրքի ամենակարեւոր միտքը հետեւյալն է. շատերին թվում է, որ մեզ ծերացնում են մեր կնճիռները, մեր սպիտակած մազերը, ո՛չ, մեզ ծերացնում է հույսի եւ հավատի  բացակայությունը։ Շատերին թվում է, երբ որ մենք ծերանում ենք, մենք դադարում ենք սիրել, հակառակն է տեղի ունենում, մենք դադարում ենք սիրել եւ ծերանում ենք։ 

Սերը, հույսը, հավատը… Դրանք այն զգացումներն են, որոնք պետք է միշտ լինեն մարդու մեջ, դա է մեզ օգնում ապրել, ստեղծագործել եւ զգալ, հասկանալ կյանքի բոլոր հաճույքները, որովհետեւ այս աշխարհում ամենամեծ նվերը կյանքն է։ Պետք  է կարողանանք այն ճիշտ ապրել եւ վայելել, որն առանց հույսի, առանց սիրո հնարավոր չէ։

Ես երբեք չեմ հորինում իմ կերպարների կյանքը 

Ուղղակի հետեւում եմ նրանց կյանքին եւ գրում եմ այն, ինչ տեղի է ունենում նրանց հետ։ Ես իմ կերպարներին չեմ թելադրում, թե ինչ պետք է անեն, նրանք են թելադրում ինձ, թե ես ինչ պետք է գրեմ։ Նրանք ապրում են իրենց կյանքով, եւ ես գրում եմ իրենց կյանքը։ Դա է իմ հիմնական տարբերությունն այն բոլոր գրողներից, որոնց ընթերցել եմ։ Ես չգիտեմ՝ իմ հերոսների հետ ինչ է տեղի ունենալու վաղը, նույնիսկ իրենք էլ չգիտեն, ես ուղղակի գրի եմ առնում այն, ինչ իրենց հետ տեղի է ունենում։

Օրինակ՝ երբ ի սկզբանե գրում էի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը, ես չգիտեի, որ այն այդպես պետք է ավարտվի։ Ես չէի նախատեսում այդպիսի ավարտ, հերոսները բերեցին  պատմությունն այդպիսի ավարտի։ Պատմությունն այնպես զարգացավ, հերոսներն այնպես ապրեցին այդ ժամանակաշրջանը, որ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց։

Հայաստանում սիրում եմ ստեղծագործել, այստեղ ամենուր իմ սիրած վայրերն են 

Զբոսնում եմ Երեւանով, հիշում եմ իմ մանկությունը, երիտասարդ տարիները։ Երբ վերանորոգում էի այն բնակարանը, որտեղ մեծացել եմ, ամեն ինչ վերանորոգեցի՝ բացի հատակից, այն թողեցի այնպես, ինչպես կար։ Երբ երիտասարդ ժամանակ՝ երեկոյան ուշ գիշերով, վերադառնում էի տուն, երբ բոլորն արդեն քնած էին, աշխատում էի այնպես շարժվել, որ հանկարծ հատակն ինձ չմատնի. ես գիտեի, թե որտեղ ինչպես  է ճռճռում հատակը։ Երբ ես վերադառնում եմ Երեւան, երբ քայլում եմ այդ հատակով, միշտ հիշում եմ այդ երիտասարդ տարիները։ Երբ Երեւանում ինչ-որ տեղ եմ գնում, աշխատում եմ այնպես գնալ, որ մեր դպրոցի կողքով անցնեմ, վերհիշեմ իմ մանկությունը։

Հ.Գ.: Մարկ Արենը (Կարեն Մարգարյան) ժամանակակից հայ արձակագիր է։ Այժմ բնակվում է Մոսկվայում։ Նրա առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.-ին։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը 2008 թ.-ին հրատարակվել է հայերեն եւ ռուսերեն տարբերակներով։ Այն երեւանյան գրախանութներում գեղարվեստական գրականության բեսթսելեր է դարձել։ Այս տարի՝ 2018 թ.-ի մայիս ամսին, Երեւանում տեղի ունեցավ նրա «Վիլ-Էվրար» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։