Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 08-08-2018
«Փյունիկը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Թել-Ավիվի «Մակկաբիի» հետ
Հայկական ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթային մրցաշարի 3-րդ փուլ դուրս եկած թիմը տնային խաղում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։


ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգա մրցաշարի որակավորման երրորդ փուլ դուրս եկած Երեւանի «Փյունիկը» «Հանրապետական» ստադիոնում ուժերը չափեց վերջին տարիներին եվրագավաթային հարուստ փորձ կուտակած Թել-Ավիվի «Մակկաբիի» հետ։



Իսրայելական թիմը Հայաստան էր ժամանել այս դիմակայության հաղթողի հարցը Երեւանում լուծելու համար։


 
Դա զգացնել տվեց արդեն առաջին խաղակեսի ընթացքում, բայց նախեւառաջ շատ ակտիվ սկսեցին հայկական ակումբի ֆուտբոլիստները։ Մի քանի դրվագներում Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ հանդես եկող «Փյունիկը» շատ մոտ էր մրցակցի դարպասը գրավելուն, բայց «Մակկաբին» նույնպես վտանգավոր էր գործում։


 
Առաջին կեսի թերեւս ամենավտանգավոր պահերից մեկը ստեղծվեց հենց «Փյունիկի» դարպասի մոտ, սակայն «Մակկաբիի» ֆուտբոլիստի՝ նպաստավոր դիրքից գլխով կատարված հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից։ Արդյունքում՝ առաջին կեսից հետո 0-0 հաշիվ էր վառվում մարզադաշտի լուսատախտակի վրա։


 
Երկրորդ խաղակեսում հայկական կողմն արդեն զգալիորեն հետ էր մնում «Մակկաբիից», թեեւ այս խաղակեսի ընթացքում էլ եղան գոլային պահեր երկու թիմերի համար։ Չնայած ստեղծված բազում պահերից եւ ոչ մեկը դարպասի գրավման չհասցրեց։


 
Վերջնարդյունքում՝ համառ պայքարում ընթացած խաղում այդպես էլ հաշիվը չբացվեց։ «Փյունիկը» կարողացավ տնային խաղում շատ կարեւոր նվաճման հասնել՝ գոլ բաց չթողնել եւ Իսրայել կմեկնի գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։


 
Հարկ է նշել, որ «Հանրապետական» ստադիոնը վերջին տարիներին առաջին անգամ գրեթե լեփ-լեցուն էր երկրպագուներով։ Իհարկե, այդ առումով կարեւոր է նշել, որ մարզադաշտի մուտքն ազատ էր եւ ֆուտբոլասերները կարիք չունեին վճարելու։


 
Ի դեպ, դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 16-ին։