Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-08-2018
Երիտասարդության միջազգային օրը երիտասարդները տոնեցին երիտասարդական մայրաքաղաքում
Հայաստանի 2018թ. երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները հագեցած տոն պարգեւեցին իջեւանցիներին ու քաղաքի հյուրերին։
Ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ 1995թ. դեկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարեւորագույն դերը, ընդունեց ոլորտային խիստ կարեւոր ու հիմնարար փաստաթուղթ՝ աշխարհի երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը: Գրեթե երեք տարի անց՝ 1998 թ. օգոստոսի 8-ից 12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերի նախարարների համաշխարհային խորհրդաժողովը, կրկին կարեւորելով երիտասարդության դերը, երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում՝ ի թիվս այլ ընդգծումների, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։

 
ՄԱԿ-ի կողմից 2018 թ. կարգախոս է հռչակվել երիտասարդների համար ապահով տարածքների երաշխավորումը։ Սա հակիրճ այն մասին, թե ինչպես օգոստոսի 12-ը դարձավ բազում երկրներում երիտասարդության դերի արժեւորման համար օրացուցային կարեւոր օր։ 
 
Երիտասարդության միջազգային օրվա մեկնարկը տրվեց Երեւանի Հանրապետության հրապարակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպված «Ծանոթության միասնական նախաճաշ» միջոցառմամբ։ Կարճ ժամանակ անց էլ ավելի քան 70 երիտասարդ մեկնեց Երեւանից դեպի Իջեւան, որտեղ սպասվում էր երիտասարդական տոնի շարունակությունը։
 
Ծրագրի բացումը նախատեսվել էր Իջեւանի Քանդակների այգում։ Այստեղ էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շոմբի Շարփը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս բացման ելույթներ ունեցան՝ իրենց խոսքում եւս մեկ անգամ կարեւորելով հասարակությունում երիտասարդության դերը եւ նշանակությունը։


 
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ երիտասարդական մայրաքաղաքի ակտիվ երիտասարդները, որոնք հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր հանդիպում-քննարկումների, մարզիկների ցուցադրական ելույթների, «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» ցուցահանդեսին։ Քիչ չէին նաեւ Երեւանից Իջեւան ժամանած եւ մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, երիտասարդական ոլորտի հայտնի ներկայացուցիչները։
 
Պաշտոնական միջոցառմանը զուգահեռ Իջեւանի գորգագործական կոմբինատի տարածքում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով կազմակերպվեց «ՍթրիթԱրթ»՝ հավասար հնարավորությունների, խաղաղության, հեղափոխության, բնապահպանության թեմաներով։ Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող դարձած երիտասարդները փորձեցին իրենց հմտությունները ցուցադրել ավեստի այս յուրատեսակ ճյուղում։ Քիչ չէին նաեւ այնպիսի երիտասարդները, որոնք փորձեցին հագուրդ տալ իրենց երեւակայությանը եւ տեղում նկարելու ինչ-որ հետաքրքիր պատկեր։ Շատ երիտասարդներ էլ ուղղակիորեն պատին գրեցին իրենց ներկայացրած կազմակերպությունների անունները՝ նոր շունչ տալով Իջեւանի գորգագործական կոմբինատի տարածքին։
 
Իջեւանի քանդակների այգուն կից տեղի էր ունենում բադմինթոնի ցուցադրական մրցաշար, որին կարելի էր մասնակցել եւ մրցել պրոֆեսիոնալ մարզիկների հետ կամ էլ հետեւել նրանց ցուցադրական ելույթներին։ Հատկապես ոգեւորված էին տեղացի երիտասարդները՝ միմյանց հերթ չտալով մրցաշարի մասնակիցը դառնալու թեժ պայքար մղելով։
 
Հագեցած օրվա ամենակարեւոր միջոցառումներից մեկն էլ տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանի մեծ սրահում։ Հանդիպում-քննարկում կառավարության ներկայացուցիչների հետ «Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը» թեմայով միջոցառում իրականացրեց «Հոդված 3» ակումբը։


 
Նույն սրահում վերոնշյալ միջոցառման ավարտից հետո «Երիտասարդական հնարավորություններ» խորագրով կոնֆերանս մեկնարկեց, որը նախատեսված էր Տավուշի մարզի երիտասարդների համար։ 
Միջոցառման իրականացնողներն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Իջեւան «ԻնֆոՏուն»-ը եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը։
 
Երեւանից ժամանած երիտասարդների համար ճանաչողական զբոսանքի շրջանակում իրականացվեց այցելություն Իջեւանի թանգարան, երիտասարդների մի մասն էլ ժամանակ անցկացրեց Քանդակների այգում։ Ավելի ուշ երիտասարդները շտապեցին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, որտեղ Հայաստանի ՔՀԿ-ների կողմից թեմատիկ միջոցառումներ իրականացվեցին։
 
Այդ ցուցադրությունների առանձնացավ հատկապես «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Մշակութային խճանկար» միջոցառումը, որի նպատակն էր տեղացիներին ու երիտասարդական մայրաքաղաքի հյուրերին ծանոթացնելու Եվրոպայի տարբեր երկրներում ապրող երիտասարդների հետ։ Միջոցառման ընթացքում Գերմանիայից, Շվեդիայից, Բելգիայից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Վրաստանից եւ Ուկրաինայից 30 երիտասարդներ Իջեւանում բնակվող երիտասարդներին ներկայացրին իրենց երկիրը, մշակույթը եւ սովորույթները։

 
Միջոցառման մասնակիցներին հատկապես գրավել էր նշյալ երկրների խոհանոցների բարիքները։ Ըստ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ներկայացուցիչների՝ միջոցառումը ոչ միայն տարբեր մշակույթների ծանոթանալու, այլեւ նոր ընկերներ եւ ծանոթություններ ձեռք բերելու չափազանց լավ հնարավորություն էր։
 
Երեկոյան արդեն Քանդակների այգում մեկնարկեց «Հոդված 3» ակումբի կողմից իրականացվող «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» բացօթյա ցուցահանդեսը, որին զուգահեռ ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակներին նվիրված թատերականացված բացօթյա ակցիա-վիկտորինա անցկավեց, որի հաղթողները պարգեւատրվեցին խորհրդանշական նվերներով։
 
Տոնական օրը եզրափակվեց բացօթյա համերգով։


 
Հատկանշական է, որ երիտասարդական մայրաքաղաքում տոնական միջոցառումները սրանով չեն ավարտվում։ Օգոստոսի 13-ին եւ 14-ին նախատեսված են ուսուցողական քվեսթ-ներկայացում 10-13 տարեկան 60 պատանիների համար, որպեսզի վերջիններս բարելավեն գիտելիքները ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակների վերաբերյալ։

Պատկերասրահ՝ Երիտասարդության միջազգային օրն Իջեւանում