Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 16-08-2018
Մարզական մասսայական եւ երիտասարդական ծրագրերն ուշադրության կենտրոնում
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարզերում եւ Երեւանում իրականացվող մարզական մասսայական եւ երիտասարդական ծրագրերի, ինչպես նաեւ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ու ՀՀ մարզպետարանների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ֆիզիկական դաստիարակության եւ մասսայական սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Սարգիս Ավագյանը, երիտասարդական ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, ինչպես նաեւ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարզպետարանների համապատասխան մասնագետները:

Մարզպետարանների  ոլորտի պատասխանատուները հանդիպման ընթացքում ներկայացրել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերը՝ մատնանշելով նաեւ դրանց հետ կապված դժվարությունները, որոնք վերաբերում են թե՛ մասնագետների, թե՛ դրամական միջոցների բացակայությանը:

Ոլորտի ղեկավարները հյուրերին ներկայացրել են մինչեւ ընթացիկ տարվա ավարտը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի եւ երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվելիք ծրագրերը՝ հորդորելով նրանց ակտիվացնել հանրության իրազեկման եւ այդ ծրագրերում ավելի շատ մասնակիցների ընդգրկման աշխատանքները:

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ ոլորտների օրենսդրական կարգավորմանն ուղղված աշխատանքները մեծապես կնպաստեն ինչպես մասսայական սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: