Նյութը՝ Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտից
Լուսանկարները՝ Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտից
Տեղադրվել է 17-08-2018
Բլոկչեյնի լուծումները ուսանողների աչքերով
Օգոստոսի 9-ից 12-ը կայացած ԵԵՊ Հայաստանի Երեւանի մարզային ընտրական կոնֆերանսի շրջանակներում 50-ից ավելի երիտասարդ մասնակիցները քննարկեցին բլոկչեյն տեխնոլոգիաների լուծումներն այնպիսի կարեւոր խնդիրների համար, ինչպիսիք են թափանցիկ ընտրությունների ապահովումը եւ նոր բիզնես հնարավորությունների ստեղծումը:

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտը՝ Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի աջակցությամբ: 

Միջոցառմանը ակտիվություն դրսեւորած եւ բլոկչեյն տեխնոլոգիաների հանդեպ խորը հետաքրքրություն ցուցաբերած մասնակիցներից 10 լավագույնները կանցնեն փորձաշրջան Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի ծրագրերի ու նախագծերի շրջանակներում: 

Եռօրյա քննարկումներին մասնակցեցին նաեւ փարձագետներ բլոկչեյն ոլորտի առաջատար ընկերություններից ու կազմակերպություններից՝ իրենց փորձով մասնակիցներին ուղղորդելու համար: 

Մասնակիցներից ոչ բոլորն էին քաջատեղյակ բլոկչեյն տեխնոլոգիաներին, սակայն ինտենսիվ բանավեճերն ու աշխատանքները նպաստեցին թեմայի հեշտ յուրացմանը: «Թեման, իհարկե, բարդ էր, ու ես չէի պատկերացնում, որ կստացվի ընդամենը երեք օրում մանրամասն լուծումների հանգել: Սակայն հետաքրքրությունը մեծ էր բոլորիս կողմից եւ ուրախ եմ, որ կարողացանք այս մարտահրավերը հաղթահարել», նշում է լավագույն մասնակից ճանաչված Էլեն Գաբրիելյանը:

«Այս կոնֆերանսի ընթացքում տիրում էր ֆանտաստիկ եռանդ եւ էներգիա, եւ մենք ավելին քան վստահ ենք, որ մասնակիցներից ոմանց համար սա մեծ ճանապարհորդության սկիզբ կդառնա»,- նշում է Nooor-ի ձեռնարկատիրական ծրագրերի տնօրեն Աշոտ Խուդգարյանը: 

Nooor-ը շարունակում է աջակցել եւ նախաձեռնել բլոկչեյնի իրազեկմանն ու լուծումների կիրառմանը խթանող կրթական ծրագրեր: