Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-09-2018
Մարիաննա Լիման Պորտուգալիայից առաջին մրցանակով է վերադարձել Հայաստան
Երգչուհի Մարիաննա Լիման (Մարիաննա Ավանեսյան) Պորտուգալիայից առաջին մրցանակով է վերադարձել Հայաստան:
Երգչուհին հանդես է գալիս ջազ, սոուլ, գոսպել ոճերում: Օգոստոս ամսին Հայաստանը ներկայացրել է Պորտուգալիայի Սեյա քաղաքում անցկացված «Ֆիքսե» միջազգային մրցույթ-փառատոնին՝ երգելով Նարինե Զարիֆյանի «Mercy on me» եւ «My funny Valentine» ստեղծագործությունները եւ զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականները: 

Մարիաննա Լիմայի մասնակցությունն այդ կարեւոր մրցույթում ապահովել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, իսկ մրցույթը հովանավորել է Սեյայի քաղաքապետարանը:


Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ երգչուհին կիսվեց իր տպավորություններով եւ նշեց, որ դա 16-րդ մրցույթն է, որին մասնակցում էր, իսկ զգացողություններն աննկարագրելի են: 

«Մրցույթին 20-ից ավելի երկրներ էին մասնակցում, եւ, բնականաբար, պայքարը թեժ էր, կային շատ ուժեղ մասնակիցներ: Ընդ որում՝ նշեմ, որ «Ֆիքսեն» մրցույթը շատ կարեւոր մրցույթ է Պորտուգալիայի համար: Ես ուրախ եմ, որ մասնակցել եմ նմանօրինակ մրցույթի, ձեռք եմ բերել փորձ: Ցանկացած մրցույթ կարեւոր է ինձ համար»,- ասաց Մարիանան: 


 
Նա նաեւ նշեց, որ օդանավակայանում կորցրել էր ուղեբեռը, եւ ելույթի զգեստը ձեռք է բերվել մրցույթից ժամեր առաջ, սակայն դա երգչուհուն չի խանգարել, որ հիանալի ելույթ ունենա եւ զբաղեցնի առաջին տեղը:  

Նշենք, որ Մարիաննա Լիման նաեւ «Եվրոպան իմ սրտում» գրքի հեղինակն է. այն եվրոպական 30 քաղաքների մասին է: Նա շուտով պատրաստվում է գիրք գրել նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի մասին: