Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 06-09-2018
Ազգերի լիգա մրցաշարը՝ Հայաստանի հույսը խոշորներին հասնելու ճանապարհին
ՈՒԵՖԱ-ի նորարարությունը՝ հավաքականներին ուղեգիր պարգեւել համահավասար պայքարում, կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի հավաքականի համար։
Ազգերի լիգայի միջոցով եվրոպական երկրների ֆուտբոլի հավաքականներն առաջին անգամ փորձ են կատարում պայքարելու խոշոր մրցաշարի մասնակցության համար։ Առջեւում «ԵՎՐՈ-2020»-ն է, որին կարելի է մասնակցել միմիայն Ազգերի լիգայի ցուցանիշների շնորհիվ։ Սա առաջին դեպքն է, որի ժամանակ ազգային հավաքականները բաշխվել են ըստ ունեցած միավորների դասակարգման։
 
«A» լիգայում եվրոպական ֆուտբոլի առաջատարներն են՝ Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Բելգիա, Իսլանդիա, Լեհաստան, Իտալիա, Պորտուգալիա, Խորվաթիա, Իսպանիա եւ Անգլիա։ Նշյալ ցանկը բաժանվել է չորս խմբի՝ երեքական մասնակիցներով։
 
«B» լիգայում ընդգրկված են կրկին 12 երկրի ներկայացուցիչներ՝ Չեխիա, Սլովակիա, Ուկրաինա, Շվեդիա, Ռուսաստան, Թուրքիա, Ավստրիա, Հյուսիսային Իռլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Դանիա, Իռլանդիա եւ Ուելս։ Ինչպես «A» լիգայում, այնպես էլ այստեղ թիմերը բաժանված են չորս խմբի՝ երեքական մասնակիցներով։
 
«C» եւ «D» լիգաներում տեղ են գտել ավելի շատ երկրների ազգային հավաքականներ։ «C» լիգայի դեպքում 15 մասնակիցներ են՝ տեղաբաշխված չորս խմբերում՝ Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայել, Հունաստան, Էստոնիա, Հունգարիա,  Ֆինլանդիա, Սլովենիա, Նորվեգիա, Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա, Չեռնոգորիա, Լիտվա եւ Սերբիա։
 
Առավելապես հետաքրքիր է «D» լիգան։ Այստեղ է ընդգրված Հայաստանի հավաքականը։ Մեր ընտանին պայքարելու է վերջին՝ չորրորդ խմբում։ Մրցակիցները եվրոպական ֆուտբոլի ամենեւին էլ ոչ ամենաուժեղ հավաքականներն են՝ Լիխտենշտեյն, Ջիբրալթար եւ Մակեդոնիա։ Իհարկե, այս խմբում հաղթելը ամենահեշտ գործը չէ, սակայն եւ պարտությունը պատճառաբանված չի կարող լինել՝ հաշվի առնելով մակեդոնական ֆուտբոլում առկա վերջին տարիների ճգնաժամը։
 
«D» լիգայում ընդհանուր առմամբ ընդգրկված է 16 երկրի ներկայացուցիչ։ Առաջին խմբում տեղ են գտել Լատվիայի, Անդորրայի, Վրաստանի եւ Ղազախստանի հավաքականները։ Երկրորդ խմբում են Մոլդովայի, Բելառուսի, Լյուքսեմբուրգի եւ Սան Մարինոյի ընտրանիները։ Երրորդ խմբում մի փոքր ավելի հավասար պայքար կծավալվի։ Այստեղ են Մալտայի, Ֆարերյան կղզիների, Կոսովոյի եւ Ադրբեջանի հավաքականները։
 
Դեպի «ԵՎՐՈ-2020» տանող ճանապարհին Հայաստանի հավաքականին բավարար չէ միմիայն իր խմբում հաղթելը, այլեւ պետք է մտածել, թե որ երկրի ներկայացուցիչը կարող է բաժին ընկնել այդ բաղձալի ցանկությունն իրականացնելիս։ Առաջին քայլը, այնուամենայնիվ, պետք է լինի խմբում լավ հանդես գալը։
 
Պայքարը սկսվում է սեպտեմբերի 6-ին։ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին դիմակայելու է Լիխտենշտեյնի հավաքականը։ Սա մեր թիմի առաջին լիարժեք հնարավորությունն է խմբային փուլում առաջին տեղը զբաղեցնելու։ Այդ մասին շատերը դեռեւս խուսափում են բացախոսել, սակայն ընդամենը մեկ շաբաթում ամեն բան ավելի հստակ կձեւակերպվի. հաշված օրեր անց մեր ազգային թիմը կմեկնի Մակեդոնիա։