Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 08-09-2018
Դժվարին հաղթանակով մեկնարկը տրված է Ազգերի լիգայում
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա մրցաշարի «D» լիգայի 4-դր խմբի առաջին տուրում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «Հանրապետական» ստադիոնում կենացումահու պայքար մղեց՝ 3 միավոր տանելով։
«Հանրապետական» ստադիոնը, ցավոք, ոչ ամբողջությամբ էր լցված։ Հայ ֆուտբոլասերներին լեփ-լեցուն տրիբունաներում տեսնելը դեռեւս ցանկություն է, այն ավարտուն գործընթաց չէ. պակասում են Հայաստանի ազգային հավաքականի վստահ եւ գեղեցիկ ոճով տոնած հաղթանակները։
 
Վարդան Մինասյանի գլխավորությամբ Ազգերի լիգային պատրաստված Հայաստանի ազգային հավաքականը ուժերը չափեց Լիխտենշտեյնի ընտրանու հետ։ Չնայած հանդիպման ընթացքում ծավալված հետաքրքիր պայքարին, այնուամենայնիվ, հայկական կողմը հեշտ չկարողացավ իր մրցակցին հաղթել։
 
Հանդիպման առաջին խաղակեսում բավականին ակտիվ էին Հայաստանի հավաքականի եզրային ֆուտբոլիստները։ Չնայած դրան առաջին գնդակը ծնվեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի անհատական որակների եւ դիպուկության հաշվին։ Հանդիպման 31-րդ րոպեին Մարկոս Պիզելլին հիանալի գոլի հեղինակ դարձավ եւ առաջ մղեց ազգային հավաքականին, բայց ընդամենը 2 րոպե պահպանվեց հաղթական հաշիվը։
 
33-րդ րոպեին՝ գրեթե 100  վրկ չանցած՝ թիմակցի անհատական վարպետության եւ արագության հաշվին ծնվեց Սանդրո Վոլֆինգերի գոլը։ Վերջինս հավասարեցրեց հաշիվը, ու թիմերը գնացին ընդմիջման. ցուցատախտակին վառվում էր 1-1 հաշիվ։
 
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը միտված էր գրոհների՝ նպատակ ունենալով իր երկրպագուներին ուրախություն պատճառել։ Այդպիսի հնարավորություն ստեղծվեց հանդիպման 69-րդ րոպեին, սակայն թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դիպում չգտնվեց 11 մետրանոց հարված իրականացնելիս։ Այս պահից սկսվեց հայկական կողմի հոգեբանական տանջանքը։
 
Կառուցողական խաղը վերածվեց անհասկանալի ձեռագրի։ Անգամ այդպիսի իրավիճակում 74-րդ րոպեին Միխելե Պոլվերինոն «օգնության հասավ». Լիխտենշտեյնի հավաքականի ֆուտբոլիստը 2-րդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց դաշտից՝ հյուրերին թողնելով 10 հոգով։
 
Անցավ ընդամենը 2 րոպե՝ հանդիպման 76-րդ րոպեին, Արաս Օզբիլիսը հիշեց, թե ինչպիսի փայլուն ֆուտբոլային դպրոցի սան է եւ ինչերի է ունակ։ Արդյունքում ծնվեց գեղեցիկ անհատական անցում, որից հետո եզրային ֆուտբոլիստը գնդակը փոխանցեց Տիգրան Բարսեղյանին։ Հարձակվողն այլեւս «շանս չուներ» վրիպելու եւ կարողացավ հանդիպման հաշիվը դարձնել 2-1։
 
Հետագա րոպեներին Հայաստանի հավաքականին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը եւ տոնել առաջին հաղթանակը Ազգերի լիգայում՝ վաստակելով 3 միավոր։ «D» խմբում ընդգրկված Մակեդոնիայի հավաքականը հյուրընկալվեց Ջիբրալթարում։ Անկակնկալ չգտանցվեց եւ խմբի հաղթողի հիմնական հավակնորդ հանդիսացող մակեդոնացիները հաղթեցին 2-0 հաշվով։
 
Այսպիսով, Հայաստանի հավաքականն առաջին տուրում վաստակեց 3 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ Մակեդոնիայի ընտանին։ Սեպտեմբերի 9-ին այս երկու ընտանիները ուժերը կչափեն Մակեդոնիայում։ Հաղթանակը կարող է հոգեբանական եւ միավորների առավելություն տալ մեր հավաքականին հետագայում առավել հանգիստ եւ ոչ լարված հանդես գալու Ազգերի լիգայում։
 
Հ.Գ.։ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման ավարտից հետո իրենց մտահոգությունները եւ այս փուլում ակնկալիքները ներկայացրին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները եւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Համադրելով հնչեցված կարծիքները՝ կարելի է պնդել, որ ներկայիս Հայաստանի հավաքականը պատրաստվում է ամեն խաղում պայքարել 3 միավորի համար, այլ է հարցը, թե ինչպես կստացվի խաղը եւ ինչպիսի պայքար կծավալի մրցակիցը։ Ամենը հարցական է։