Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 09-09-2018
Մակեդոնիայի հավաքականի հետ խաղը՝ առաջիկա եզրափակիչ դիմակայություն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի «D» դիվիզիոնի շրջանակում 2-րդ հանդիպումը կանցկացնի՝ հյուրընկալվելով Մակեդոնիայի հավաքականին։
Խաղից խաղ շարժվելով.... Օրեր առաջ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսպես էր բնորոշել թիմի պատրաստվածությունը։ Ազգերի լիգայում չկա անկարեւոր խաղ, այնպես որ յուրաքանչյուր մրցավեճ կարեւոր է՝ անկախ մրցակցի մակարդակից։
 
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում հաղթական մեկնարկ ունենալով՝ սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը մեկնեցին Մակեդոնիա։ Սկոպյեում սեպտեմբերի 9-ին սպասվում է Մակեդոնիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը, որի արդյունքը կարող է շատ հարցերի պատասխանել, այդ թվում՝ արդյո՞ք հայ ֆուտբոլասերների ակնկալիքը խմբում առաջին տեղը զբաղեցնելու առումով իրատեսական է։
 
Ավելի քան 72 ժամ առաջ Հայաստանի հավաքականը կարողացավ դժվարին հաղթանակ տոնել, իսկ Մակեդոնիայի հավաքականը առավելության հասավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։ Հետեւաբար, երկու երկրների ազգային թիմերը վերոնշյալ խաղին մոտենում են «D» դիվիզիոնի 4-րդ խմբի հաղթող դառնալու ցանկությամբ։ Եթե հաղթում են մակեդոնացիները, ապա հոգեբանական առավելություն են ձեռք բերում խմբի մյուս թիմերի նկատմամբ, մինչդեռ Հայաստանի ազգային հավաքականի արտագնա հաղթանակը կարող է իրատեսական դարձնել երկրպագուների իղձը։
 
«Ֆիլիպ II» ստադիոնում կայանալիք հանդիպումից առաջ օտարերկրյա լրագրողների հարցերին պատասխանելով՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ հույս ունի՝ հայ ֆուտբոլիստները ոչ միայն պահեր կստեղծեն, այլեւ կիրացնեն դրանք։ Գլխավոր մարզիչը չի խուսափել նաեւ ֆավորիտների մասին հարցերից. «Ընդհանրապես շատ է խոսվում ֆավորիտների մասին, բայց այժմ բոլոր թիմերը սովորել են խաղալ եւ թիմերը համարվում են ֆավորիտ միայն խաղից առաջ, իսկ առավելությունը պետք է ցուցադրել խաղադաշտում»։
 
Մակեդոնական «Վարդարում» խաղալու փորձ ունեցող Հովհաննես Համբարձումյանը նույնպես մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին. «Կարծում եմ, որ խմբի հաղթողի հարցը որոշելու են Մակեդոնիայի եւ Հայաստանի ազգային հավաքականները: Մակեդոնիան լավ հավաքական է, ֆուտբոլիստների մեծ մասին ճանաչում եմ ու հետաքրքիր հանդիպում է սպասվում, եւ հաղթելու է այն թիմը, որն ավելի պատրաստ եղավ եւ ներդրեց ողջ ուժերը»:
 
Չնայած վերջին տարիներին Մակեդոնիայի հավաքականը չի փայլել կայուն մրցելույթներով, բայց Գորան Պանդեւը՝ մակեդոնական ֆուտբոլի կենդանի լեգենդը, շարունակում է մնալ թիմի գլխավոր եւ առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Եթե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները իրենց գործողություններում ավելորդ հարգանք չդրսեւորեն հյուրընկալ կողմի նկատմամբ, ապա կարելի է Սկոպյեից վերադառնալ ավելի քան ուրախ տրամադրությամբ։
 
Հ.Գ.։ Սկոպյեի «Ֆիլիպ II» ստադիոնում Մակեդոնիայի եւ Հայաստանի ազգային հավաքականները իրար դեմ դուրս կգան Երեւանի ժամանակով 20:00-ին։