Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-09-2018
Երիտասարդական փոխանակման ծրագրեր Չեխիայում
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել երիտասարդական փոխանակման ծրագրերը: Այս անգամ ներկայացնում ենք Չեխիայում գործող ծրագրերը՝ ըստ Gostudy.cz կայքի:

Erasmus+



«Erasmus+»-ն ամենահայտնի փոխանակման ծրագրերից մեկն է, որը Եվրոպայում գործում է 1987 թ.-ից: Չեխիայում ծրագրի մեկնարկը տրվել է  1998 թ.-ից: «Erasmus+»-ով կարելի է մեկնել ԵՄ ցանկացած երկիր, ինչպես նաեւ Նորվեգիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Թուրքիա, Մակեդոնիա: Ծրագրին կարող են մասնակցել բակալավրում, մագիստրատուրայում սովորող ուսանողները: Տարիքն ու ազգային պատկանելիությունը նշանակություն չունեն: 

Ծրագրին մասնակցելու հայտերը տրվում են մեկնարկից կես տարի առաջ: Մասնակիցների ընտրությունը կատարում են ֆակուլտետները, սակայն վերջնական մասնակիցներին ընտրում է Եվրոպական հանձնաժողովը: Ֆինանսավորումը կախված է տվյալ երկրից: Օրինակ՝ երկրորդ կարգի երկրների՝ Գերմանիայի եւ Իսպանիայի համար կազմում է 400 եվրո, իսկ առաջին կարգի երկրների համար՝ Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Իտալիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Ավստրիա, Շվեդիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, ամսական կազմում է 500 եվրո:


CEEPUS



Այս ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացնում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Համալսարաններն ու ֆակուլտետները կազմում են համապատասխան թեմատիկ ուղղությունները: Ծախսերը հոգում է ընդունող երկիրը, իսկ ճանապարհածախսը՝ չեխական համալսարանը:  

Այս ծրագրին կարող են դիմել բակալավրի եւ մագիստրատուրայի ուսանողները: Մասնակիցների ընտրությունը կատարում են  Չեխիայի ԿԳՆ-ն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: 


International Visegrad Fund



Երիտասարդների համար եւս մեկ լավ հնարավորություն է Վիշեգրադյան հիմնադրամի կրթաթոշակը: 

Այն միջազգային կազմակերպություն է, որը 2000 թվականին Բրատիսլավայում հիմնվել է Վիշեգրադի չորս երկրների` Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի ղեկավարների կողմից: Այս ծրագրին կարող են դիմել Վիշեգրադի խմբի երկրները, ինչպես նաեւ Սերբիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան: Կարող են դիմել նշված երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիները: Յուրաքանչյուր կիսամյակի համար գումարը կազմում է 2300 եվրո: