Նյութը՝ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 12-09-2018
Իջեւանում ավարտվեց «Մեդիա մասնակցություն» ծրագիրը
ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում ավարտվեց «Մեդիա մասնակցություն» եռամսյա ծրագիրը:

Այն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի շրջանակում տավուշցի 25 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են համայնքի տեղական ինքնակառավարմամբ եւ  նոր մեդիայով, հուլիսի 14-17-ը Իջեւանում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային գրասենյակում, մասնակցեցին քառօրյա դասընթացի՝ ձեռք բերելով գիտելիքներ եւ հմտություններ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության եւ թափանցիկության հիմունքների, մասնակցային կառավարման կարգի, համայնքային նախաձեռնություն՝ հանրագիր իրականացնելու մեխանիզմների, նոր մեդիայի, քաղաքացիական լրագրության եւ բլոգավարության հիմունքների վերաբերյալ։ Ինտերակտիվ մեթոդների վրա հիմնված դասընթացը համակարգեցին ՏԻՄ եւ մեդիա դասընթացավարներ Արշավիր Ղուկասյանը եւ Նազելի Ավագյանը: Համադրելով կրթության ֆորմալ եւ ոչ ֆորմալ մեթոդները՝ տեսական դասախոսությունները, գործնական թիմային ու անհատական աշխատանքները, նրանք մասնակիցներին հաղորդեցին մեդիայի միջոցով համայնքի կյանքին մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ՝ ինչպես ստանալ գրավոր եւ բանավոր տեղեկատվություն, վարել լրագրողական հարցազրույց,  պատրաստել լրատվական հոդված՝ տարբերակելով լուրը գովազդից եւ փիարից, ճիշտ լուսանկարել եւ տեսանկարահանել, բացել եւ վարել բլոգ, կազմակերպել եւ իրականացնել համայնքային նախաձեռնություն, այսինքն՝ ինչպես մեդիայի միջոցով մասնակցել համայնքի տեղական ինքնակառավարմանը:  

Ստացած տեսական գիտելիքներն ապագա քաղաքացիական լրագրողներն ամրապնդեցին գործնական պարապմունքներով: Կիրառելով լուսանկարչական արվեստի վերաբերյալ տեսական գիտելիքները՝ նրանք փորձեցին լուսանկարել տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջեւանի մշակութային, տեսարժան վայրերը, խնդիրները եւ առօրյան: Հարկ է նշել, որ ապագա քաղաքացիական լրագրողները, շրջելով Իջեւանի շուկայում, փողոցային առեւտուրը ներկայացնող մի քանի լուսանկարներ արեցին: Նկատելով փողոցային առեւտուրը լուսանկարող երիտասարդներին՝ առեւտրականները սկսել էին փողոցում վաճառվող մսամթերքն արագ տեղափոխել տաղավարների մեջ: Հաջորդ օրն էլ փողոցում ընդհանրապես նկատելի չէր տաղավարներից դուրս կախված մսամթերքը: 



Ծրագրի շահառուները հնարավորություն ստացան նաեւ իրականացնելու իրենց լրագրողական առաջին պրակտիկան: «Մեդիա մասնակցություն» ծրագրի շրջանակում նրանք այցելեցին Իջեւանի քաղաքապետարան, հարցազրույցներ վարեցին   համայնքապետարանի բաժինների աշխատակիցների եւ համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հետ: Նշենք, որ համայնքի ղեկավարի հետ հարցազրույցն ակամայից վերածվեց մամուլի ասուլիսի: Թե՛ քաղաքապետը, թե՛ քաղաքապետարանի բաժինների մասնագետները, սիրով պատասխանելով երիտասարդ լրագրողների հարցերին, նմանատիպ ծրագրերի դերը կարեւորեցին ՏԻՄ-երիտասարդություն փոխհարաբերությունների սերտացման տեսանկյունից: 

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած հարցազրույցների վերաբերյալ տավուշցի ապագա լրագրողները պատրաստեցին հոդվածներ եւ տեղադրեցին ծրագրի շրջանակում բացված «Մեդիա Տավուշ» բլոգում, որը վարելու հնարավորություն ունեն ծրագրի բոլոր մասնակիցները: Ծրագրի ընթացքում նրանք ստացան նաեւ անվճար խորհրդատվություն բլոգավարության վերաբերյալ՝ զարգացնելով բլոգ վարելու գործնական հմտությունները: Արդյունքում շահառուներից շատերը, ըստ իրենց նախասիրությունների եւ հետաքրքրությունների, ստեղծեցին իրենց անհատական բլոգները:

«Մեդիա մասնակցություն» դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր եւ մեդիայի վերաբերյալ ուսումնական նյութերով բեռնված տեղեկատվական կրիչներ, որոնք անհրաժեշտ կլինեն հետագայում՝ մեդիա գործունեություն իրականացնելու համար: Նրանք ստացան նաեւ հնարավորություն  մասնակցելու ծրագրի վերաբերյալ պատրաստվող տեսաֆիլմի եւ «Ինչպես մասնակցել համայնքի կառավարմանը մեդիայի միջոցով  տեսահոլովակի սցենարի պատրաստման եւ նկարահանման աշխատանքներին:  

Նշենք, որ «Մեդիա մասնակցություն» ծրագրի նպատակն է նպաստել մասնակից երիտասարդների անհատական եւ սոցիալական զարգացմանը, մասնակցային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ նրանց մեդիա մասնակցությանը համայնքային կյանքին: Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը եւ նոր մեդիայի միջոցով ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը, համայնքում երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, թվային եւ մշակութային մասնակցության մակարդակի բարձրացմանը: Ինչպես նշում են դասընթացի մասնակիցները, ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ իրենք գիտակցեցին իրենց տեղն ու դերը համայնքում՝ սովորելով մեդիայի միջոցով մասնակցել համայնքի կառավարմանը, բարձրաձայնել համայնքային խնդիրներ եւ հանդես գալ համայնքային նախաձեռնություններով: