Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-09-2018
Անկախ գրադարանների ցանցն արդեն հասանելի է ընթերցասերներին
Սեպտեմբերի 14-ին «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի նախաձեռնությամբ տրվեց Անկախ գրադարանների ցանցի մեկնարկը:

Մասնագիտական գրականության եւ տեսողական նյութերի հանրայնացման այս նախագիծը նպատակն է հիմք ստեղծել եւ նպաստել ուսանողների, լուսանկարիչների, արվեստագետների, հումանիտար ոլորտի հետազոտողների, այլ մասնագետների ընթացիկ կամ ապագա ուսումնասիրություններին։

Ցանցն ունի ընդլայնվելու անսահմանափակ ներուժ: Այցելելով Libraries.am կայք՝ ընթերցողները կգտնեն իրենց հետաքրքրող գիրքը: Ցանցում ընդգրկված են Ֆոկուս արվեստի գրադարանը, Միրզոյան գրադարանը, «Արվեստ Հայաստան» հիմնադրամի մեդիակենտրոնը, 4Պլյուս գրադարանը, Հովհաննիսյան հետազոտական գրադարանը, Ժամանակակից արվեստի ինստիտուտի գրադարանը եւ ՖեմԳրադարանը: 

Libraries.am կայքն ընթերցողին գրանցվելու, նախընտրելի գիրքն ամրագրելու, կոնկրետ գրադարանի հետ կապ հաստատելու եւ գիրքը վերցնելու կամ ընթերցասրահից օգտվելու հնարավորություն է տալիս:

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի նախագահ Նորա Գալֆայանը նշեց, որ ի սկզբանե գրադարանների ցանցը պետք է ստեղծվեր կազմակերպության գրադարանի համար, քանի որ ցանկություն կար ստեղծելու գրադարանային հաշվառման համակարգ, որը կօգտագործվեր գրքերը համակարգելու նպատակով:  

«Երբ սկսեցինք ուսումնասիրություններ կատարել՝ պարզելու համար, թե ինչպես է գործում այդ համակարգը, ինչ տարբերակներով, հասկացանք, որ այդ ամենը կարող է ցանց լինել: Այս պահին բավականին շատ գրքեր կան, սակայն իրականում խնդիրը ոչ թե քանակապես, այլ որակապես հարստացնելն է: Կարելի է ասել՝ ներառված են բացառիկ նմուշներ, քանի որ վերջին քսանամյակում ստեղծված գրականություն է: Ընդգրկված է այնպիսի գրականություն, որը հասանելի չէ հանրային գրադարաններում»,- նշեց Նորա Գալֆայանը:

Նրա խոսքով՝ ցանցի նպատակն է ավելի տեսանելի եւ հասանելի դարձնել ժամանակակից արվեստի, լուսանկարչության, հումանիտար հետազոտությունների եւ հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների գրադարանների աշխատանքը եւ միաժամանակ ավելի կենտրոնացված, արդյունավետ կազմակերպել գրադարանների եւ ընթերցողների միջեւ կապը: