Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 20-09-2018
Սպորտային նոր բեսթսելլեր՝ «Ռոնալդու»
Կրիշտիանու Ռոնալդուի կյանքի եւ կարիերայի մասին պատմող գիրքն արդեն վաճառքում է։
«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը ներկայացնում է «Newmag» ընկերությունը: Գրքի հեղինակը Լուկա Կայոլին է։ Նա սպորտային լրագրող է եւ ֆուտբոլիստների մասին կենսագրական բեսթսելլերների հեղինակ։

«Հայաստանում տղամարդիկ բաժանվում են երկու ճամբարի, որոնք ոչ թե միայն նախընտրում են շիկահերներ կամ սեւահերներ, նախընտրում են «BMW» կամ «Մերսեդես», այլեւ նախընտրում են Մեսսի կամ Ռոնալդու: Որոշեցինք, որ առաջին գիրքը կլինի Ռոնալդուի մասին, իսկ հաջորդը՝ Մեսսիի: Սպորտային գրքերի շարք մեկնարկելը կարեւոր է, քանի որ այսօր սպորտային գրականությունը ամենապահանջվածներից է»,- ասաց «Newmag» հրատարակության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:



«Ռոնալդու. կատարելության տենչով» գրքում ներկայացված է Ռոնալդուի մանկությունը, պատանեկությունը, կարիերան, անձնական կյանքը, երեխաների ծնունդն ու սկանդալային պատմությունները ֆուտբոլիստների ու մարզիչների հետ: Սակայն, ինչպես նշում են գրքի հայերեն թարգմանության նախաձեռնողները, գիրքը ոչ միայն ֆուտբոլիստով կամ նրա խաղով հետաքրքրված ու հիացած մարդկանց համար է, այլեւ նրանց համար, որոնք ցանկանում են իմանալ մարզիկի հաջողության, նվաճումների եւ հռչակի հասնելու գաղտնիքները: Գիրքը հատկապես կհետաքրքրի պորտուգալական, անգլիական, իսպանական, իտալական ֆուտբոլի սիրահարներին: Հեղինակն անդրադարձել է նաեւ Ալեքս Ֆերգյուսոնի եւ Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերություններին, Ռոնալդու-Մեսսի հակամարտությանը: 

Գիրքն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը: Թարգմանչուհու համար դա սպորտային բովանդակության հետ աշխատելու առաջին փորձն էր. «Թարգմանության ժամանակ խնդիրը ոչ միայն լեզվական ճիշտ վերարտադրությունն էր, այլեւ ֆուտբոլային բառապաշարի եւ մասնագիտական տերմինների ճիշտ մատուցումը: Այո՛, հնարավոր է, յուրաքանչյուր թարգմանչին դրանք ծանոթ չլինեն, բայց ինձ հետ աշխատել է փորձառու թիմ. մարզական լրագրողներ, մեկնաբաններ»:



Թարգմանության խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Աշխատանքի ընթացքում դրվագն առավել պատկերավոր նկարագրելու համար երբեմն հարկ է եղել համացանցով դիտել, օրինակ՝ որեւէ խաղ, գոլ կամ կադր: «Ռոնալդու. կատարելության տենչով» բեսթսելլերի սպորտային վերիֆիկանտն է հեռուստալրագրող, սպորտային մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը: Նա ստուգել է բոլոր փաստերը, ձեւակերպումները, հաշիվները: 

Գրքի ծանոթագրությունների հեղինակն Արմեն Նիկողոսյանն է: Նա նաեւ գրքի հայերեն հրատարակության համար գրել է հատուկ նախաբան, իսկ երբ հայտնի դարձավ, որ Ռոնալդուն տեղափոխվում է «Յուվենտոս» ֆուտբոլային ակումբ, ապա ֆուտբոլային վերլուծաբանը գրեց նաեւ լրացուցիչ վերջաբան-հետգրություն:

«Newmag» ընկերությունը գրքի վաճառքն իրականացնում է «Բուկինիստ» գրախանութների ցանցի հետ համագործակցությամբ։ Սեպտեմբերի 19-21-ը՝ միայն երեք օր, գիրքը կվաճառվի «Բուկինիստի»՝ Մաշտոցի պողոտայում գտնվող գրախանութում։ Հատուկ եռօրյա ակցիայի համար կտեղադրվի Կրիշտիանու Ռոնալդուի մակետը՝ սելֆիի համար: Սեպտեմբերի 22-ից գիրքը հասանելի կլինի բոլոր գրախանութներում: