Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-09-2018
Հայաստանում երիտասարդները ցանկանում են ստեղծել առաջին լեռնահեծանվային պարկը
«Boo Mountain Bike Park» թիմը Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացման համար նպաստավոր պայմաններ է առաջարկում: Լոռու մարզում տուրիզմը զարգացնելու համար թիմը այնտեղ առաջին լեռնահեծանվային պարկը ստեղծելու ցանկություն ունի:

«Boo Mountain Bike Park»-ի թիմում նշում են, որ իրենք մի խումբ երիտասարդներ են, ովքեր սիրում են ակտիվ հանգիստ, բնություն եւ սպորտ։ Իրենց երազանքն է՝ ստեղծել Հայաստանում առաջին լեռնահեծանվային պարկը, որի աշխատանքների սկիզբն «Էկոլաբ» հիմնադրամի աջակցությամբ դրվեց 2016 թվականի օգոստոսին։ Պարկը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի սահմաններում, մասնավորապես՝ Փամբակ լեռան լանջերին։

Ծրագրի գերնպատակը Հայաստանի գողտրիկ անտառներում հեծանվային դրախտավայր ստեղծելն է։ Indiegogo.com-ում «Boo Mountain Bike Park»-ի թիմը դրամահավաք է սկսել, եւ արդեն հասցրել է 1075 դոլար հավաքել: Նախաձեռնութան նպատակն է, որ երիտասարդները գնան ու Վանաձորի լեռնային հատվածներում բարեկարգեն մի քանի արահետ:

«Սույն դրամահավաքն իրականացնում ենք խորհրդային տարիներից մնացած, չօգտագործվող լեռնային ավտոճանապարհների բարեկարգման համար, որոնք նպատակահարմար են քայլարշավային տուրիզմի համար։ Հավաքված գումարով տեղադրելու ենք ցուցանակներ, նշաններ, տեղ-տեղ, ըստ անհրաժեշտության, կատարելու ենք մաքրման, ջրահեռացման աշխատանքներ եւ կառուցելու ենք արահետի նոր հատվածներ։ Ներկայումս ունենք 80 կմ-ից ավելի արահետ, որն անցնում է Փամբակի լեռնաշղթայի լանջերով եւ ընդգրկում մի քանի լեռնագագաթներ՝ Մայրասար, Հողմասար, Ձիթհանից սար, Ժայռագլուխ, Անփայտ Մայմեխ եւ այլն։ Այս ծրագիրը հնարավորություն կտա Վանաձորի մերձակա լեռները դարձնել ավելի գրավիչ զբոսաշրջիկների, տեղական արշավական ակումբների համար։ Եվ խթան կհանդիսանա, որ տեղի երիտասարդները ներգրավվեն արշավական կյանքի մեջ»,- նշում են կազմակերպիչները:  

Դրամահավաքըն ավելի վառ դարձնելու համար թիմը հատուկ ստեղծել է մի քանի նվերներ, որոնցից են #ՏարԻնձՍար մետաղյա արշավական բաժակներն են։ Բաժակները 20$ նվիրատվության դիմաց նվիրատուներին են տրամադրվելու դրամահավաքի ավարտից հետո։