Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-09-2018
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում 100-րդն է
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում սեպտեմբերի սկզբին ունեցած մրցելույթները ֆուտբոլի Հայաստանի հավաքականին լրացուցիչ միավորներ չեն բերել, արդյունքում նախկին դիրքը պահպանվել է։

Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունների ասոցիացիան՝ ՖԻՖԱ-ն, օրերս հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ որեւէ առաջընթաց չի գրանցել, չնայած մեկ հաղթանակ եւ նույնքան էլ պարտություն արդյունք ուներ սեպտեմբերին։ Արդյունքում Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը եւ զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում են միանգամից երկու՝ Ֆրանսիայի եւ Բելգիայի հավաքականները, երրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը: Լավագույն տասնյակում են հայտնվել նաեւ Խորվաթիայի, Ուրուգվայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի եւ Դանիայի ընտրանիները։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ դիվիզիոնի վերջին խմբում Հայաստանի հավաքականի մրցակից ընտրանիներից ամենաբարձր վարկանիշը ունի Մակեդոնիայի հավաքականը։ Սեպտեմբերի 9-ին տնային խաղում Հայաստանի հավաքականին հաղթած մակեդոնացիները 68-րդն են ՖԻՖԱ-ի այս ամսվա աղյուսակում։

Հոկտեմբերին Հայաստանի հավաքականը կրկին մրցելույթներ կունենա Ազգերի լիգայում։ Եթե այդ հանդիպումներում հաղթանակներ տոնվի, ապա առաջընթացի հնարավորություն կլինի։