Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-09-2018
Այսօր սուրճի միջազգային օրն է
Սեպտեմբերի 29-ին նշվում է Սուրճի միջազգային օրը:
Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ գրգռված եւ անհանգիստ պահվածք են դրսեւորում: Հետեւելով այծերին` հովիվը տեսնում է, որ նրանք սուրճի թփեր են արածում։ Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսում է եւ հանկարծ նկատում, որ ուրախության եւ ավյունի մի նոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Այդ զգացողությունների մասին Խալդին պատմում է իմաստուն վանականներին, որոնք եւս որոշում են համտեսել սուրճը եւ դրանցից եփուկ պատրաստել:

Ավելի ուշ՝ արդեն 18-րդ դարում, գիտականորեն ապացուցվեց սուրճի առույգացնող հատկությունը։ Պարզվում է՝ ուղեղում այն արգելափակում է ադենիզմի արտադրությունը, ինչն ուղեղին հաղորդում է, որ օրգանիզմը հոգնել է: Հենց այդ հասարակ հնարքն էլ կոֆեինը դարձնում է սիրելի ու միակ թույլատրված թմրանյութը:

Սուրճի արտադրության ու աշխարհում դրա տարածման գործից անմասն չենք մնացել նաեւ հայերս։

19-րդ դարում Կոլումբիա ժամանած հայ գաղթականներն այնտեղ գաղութ հիմնեցին, որն անվանեցին «Արմենիա»: Այսօր հենց այդ տարածքում է գտնվում Կոլումբիայում բուրումնավետ սուրճի առաջատար արտադրությունը, որի հիմնադիրների թվում հայեր կան։

Ամեն տարի սուրճի սիրահարները նշում են այդ ըմպելիքին նվիրված տոնը։ Հատկանշական է, որ սուրճի տոնը կոնկրետ օր չունի, եւ դրա շուրջ վեճեր են ծագում։ Սուրճի օրվա հիմնական «թեկնածուներն» են ապրիլի 17-ը եւ սեպտեմբերի 29-ը, սակայն վերջնական որոշում առայժմ կայացված չէ։

Ի դեպ, տոնն առաջին անգամ նշվել է Ճապոնիայում 1983 թվականին: Օրվա ընտրության մասին որեւէ ստույգ տեղեկություն չկա: Տոնում են ինչպես սուրճ արտադրող եւ արտահանող, այնպես էլ այդ ըմպելիքը սպառող երկրներում: Կազմակերպվում են սուրճին նվիրված փառատոներ, մրցումներ, նվիրում բացիկներ:

Սուրճի ոլորտի մասնագետներն էլ են ուրախ, որ այդ ըմպելիքի տոնը կարելի է նշել տարին երկու անգամ։

Դե՛, ի՞նչ կասեք մեկ բաժակ սուրճ խմելու մասին․․․