Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 02-10-2018
Կայացավ ««ՍՄԱՐԹ» կենտրոնը գյուղական համայնքներում» թեմայով սեմինարը
Սեպտեմբերի 29-30-ը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող «ՍՄԱՐԹ» կենտրոնում լրագրողների համար կազմակերպել էր ««ՍՄԱՐԹ» կենտրոնը գյուղական համայնքներում» թեմայով սեմինար:
Սեմինարին մասնակցում էին ինչպես հեռուստաընկերությունների, ռադիոյի, այնպես էլ կայքերի լրագրողներ, ովքեր ոչ միայն տեսական, ուսուցողական, հետաքրքիր գիտելիքներ ստանալու, այլեւ գործնականորեն կիրառելու հնարավորություն ունեցան: 
 
Անդրադարձ կատարվեց վերջին շրջանում Հայաստանում տարածված ոչ ֆորմալ կրթությանը: Փորձագետ Արսեն Սիմոնյանը ներկայացրեց ոչ ֆորմալ կրթության առանցքային եւ կարեւոր դրույթները՝ համեմատականներ անցկացնելով միջազգային փորձի հետ: Նա պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին կրթության ոլորտում առկա խնդիրներին: 
 
Կենտրոնի երեխաները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, մասնավորապես՝ «Մկների ժողովը» մուլտֆիլմի նոր հնչյունավորված տարբերակը, ինչպես նաեւ ցուցադրեցին իրենց բացառիկ կարողությունները երաժշտության ոլորտում: 


 
Սեմինարի ընթացքում լրագրողները կարողացան իրենց ստեղծագործական կարողություններն օգտագործել ոչ թե ռեպորտաժներ եւ նյութեր պատրաստելու, այլ նկարելու համար: Պարուսուցույցներ Անահիտը եւ Արտյոմը լրագրողներին սովորեցրեցին պարել «Թամզարա»՝ զգալով ազգագրական պարի շունչն ու ոգին: 
 
Սեմինարն ինքնին տարբերվող էր, քանի որ լրագրողներն անմիջականորեն մասնակիցն էին դառնում այն տեսական նյութի, որը մատուցվում էր: Տարբեր գործնական առաջադրանքները, որոնք իրականացնում էին լրագրողները՝ խմբերի բաժանվելով եւ անհատապես, թույլ էին տալիս բացահայտել ունակությունները, ինչպես նաեւ ինքնադրսեւորվել:  Յուրաքանչյուր գործնական աշխատանք ուներ ուսուցողական բնույթ: Դրանք սովորեցնում էին ճիշտ տնօրինել ժամանակը, ճիշտ մատուցել տեղեկատվությունը, աշխատել թիմով, լինել համախմբված եւ իհարկե այդ ամենի մեջ ներառել սեր: 
 
Ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ այս անգամ լրագրողները «ՍՄԱՐԹ» կենտրոնից հեռացան ջերմ եւ վառ տպավորություններով, սակայն՝ կրկին վերադառնալու ակնկալիքով: